Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՐԽՆԴԻՐԸ ՎՆԱՍԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ Է»

Հոկտեմբեր 26,2000 00:00
hektor sardaryan

Ասաց քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը

Շոուն շարունակվում է

Մինչ կլսվեին կառավարության ու գլխավոր դատախազի հաղորդումները՝ որոշ պատգամավորներ փորձեցին կանխել, որ այն հերթական շոուի չվերածվի։ «Շոու» բնորոշումը Վահրամ Բաղդասարյանինն էր, որն առաջարկում էր բավարարվել միայն խմբակցությունների ելույթներով։ Իսկ Ֆիլարետ Բերիկյանն առաջարկում էր պատգամավորների ելույթները չցուցադրել հեռուստատեսությամբ (հաստատ այդ միջոցով կպակասեր ոմանց խանդավառությունը)։ «Բա ո՞ր շոուն եք ուզում տեսնի ժողովուրդը, որ էս շոուն չեք ուզում տեսնի»,- հետաքրքրվեց Խորեն Թռչունիչը։ Բնականաբար, հաղթեց նրա մոտեցումը։

Ցնդաբանություն չէ

Գլխավոր դատախազ Բորիս Նազարյանն ասաց, թե հաշվետվության «հետեւությունների գերակշիռ մասն, ըստ քննության ներկա փուլի արդյունքների՝ հիմնականում համապատասխանում է իրականությանը»։ Սա՝ հուրախություն Մանուկ Գասպարյանի, որը նեղացած հիշեց, թե Հրանտ Բագրատյանն իրենց հաշվետվությունը որակել էր «ցնդաբանություն»։

Ժլատ արդյունքներ

Ի տարբերություն Արշակ Սադոյանի հայտարարության հիման վրա 1998-ի մայիսին հարուցված քրեական գործի, որով արդեն իսկ 1 մլն 800 հազար դոլարի վնաս է վերականգնվել, հաշվետվության շնորհիվ առայժմ ընդամենը 50 մլն դրամ է մուծվել պետբյուջե։ Սակայն, թերեւս չարժե առայժմ սրա վրա սեւեռվել, քանզի այս գործի հարուցման պահից անցել է ընդամենը 4 ամիս եւ, ինչպես նշեց քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը՝ «Քննությունն առայժմ ցանկալի թափ ձեռք չի բերել եւ գտնվում է հիմնականում փաստերի հավաքման ու նախապատրաստման փուլում»։

Մենք քեզ նստեցրել ենք, մենք էլ…

Եթե Արշակ Սադոյանի հայտարարության շնորհիվ մեղադրյալի աթոռին էր հայտնվել 15 հոգի, որոնց թվում էներգետիկայի փոխնախարար կա, «Հայէներգոյի» եւ ՋԷԿ-ի տնօրեններ, գլխավոր ճարտարագետ եւ այլն, հաշվետվության հետեւանքով մեղադրյալների ցանկն առայժմ շատ ավելի համեստ է պաշտոնեական առումով։ ՓԲԸ-ների եւ ՍՊԸ-ների տնօրեններից բացի՝ ամենաբարձր պաշտոնն ունի Հրազդանի ՋԷԿ-ի նախկին տնօրեն Մարատ Մարտիրոսյանը։ Վերջինիս հարցն առանձին անդրադարձի է կարոտ։ Հենց ԱԺ պատգամավորներն էլ միջնորդել են նրան ազատ արձակել։ Գուրգեն Եղիազարյանը հանձնաժողովի անունից զարմանք արտահայտեց, թե հենց Մարատ Մարտիրոսյանի՞ն պիտի կալանավորեին, որը լավագույնս համագործակցում էր իրենց հետ։

Պատգամավորներն ափսոսանք էին արտահայտում, որ իրենց շնորհիվ էներգահամակարգն այժմ ստուգումային «ահաբեկչության» թիրախ է դարձել։ Էներգետիկայի փոխնախարար Ռոբերտ Նազարյանը վկայեց, թե ստուգումներն այնքան մեծածավալ են, որ «մեզ համար որոշակի դժվարություններ են ստեղծել»։

Ձկների եւ այլ կենդանիների մասին

Ինչն իսկապես թերեւս հուսահատության կհասցնի որոշ պատգամավորների, այն է, որ այս քննության արդյունքում այդպես էլ չեն հնչում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հրանտ Բագրատյանի անունները, չի մեղադրվում գոնե Լեւոն Բարխուդարյանը։ Շուրջ տասնյակ հարցեր հնչեցին նույն հանգով՝ ինչո՞ւ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված չեն, ո՞ւր են խոշոր շնաձկները, ինչո՞ւ եք միայն սլաքավարներին պատասխանատվության կանչել։ Գլխավոր դատախազը բորբոքվածներին փորձում էր հանգստացնել ընդհանուր դարձվածքներով, թե «ում մեղքը կհիմնավորվի՝ իր չափով էլ մեղադրանք կառաջադրվի»։ Իսկ քննչական խմբի ղեկավարը ակնարկներ էր անում. «Ինչքան պաշտոնը բարձրանում է՝ այնքան որպես մեղադրյալ ներգրավելու խնդիրը բարդանում է։ Եթե պաշտոնատար անձը կոնկրետ փաստաթուղթ չի ստորագրել, իսկ ստորադաս պաշտոնատար անձը, որը ստորագրել է ու պատասխանատվության է ներգրավվել՝ ցուցմունք չի տալիս իր վերադասի վերաբերյալ եւ չի ասում, որ նա է ինձ թելադրել, որ ես ստորագրեմ կամ այս գործողությունները կատարեմ՝ ես չեմ հասկանում, էդ շնաձուկ կոչեցյալներն ինչպե՞ս պետք է ներգրավվեն»։

Միլիոնը ետ կբերվի՞

Մտքերի փոխանակմամբ ավարտվեց հաղորդումների քննարկումը եւ պայմանավորվեցին ԱԺ գարնանային նստաշրջանում դարձյալ անդրադառնալ այս խնդրին։

Իսկ մենք մեր զրուցակիցներին առանձին նույն հարցն էինք ուղղում. չէ՞ որ հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե առանց դատական գործընթացների, անմիջապես կարելի է շուրջ 10 մլն դոլարի վնաս վերականգնել, ինչո՞ւ այդպես չեղավ 4 ամսվա քննության արդյունքում անգամ։ Ներկայացնենք նրանց պատասխանները։

Բորիս Նազարյան. «Նման տվյալներ առայժմ չունենք։ Դա քննությամբ պիտի հիմնավորվի, որից հետո որոշակի մեղադրանքների առաջադրման պայմաններում նոր վնասի վերականգնման հարց կդրվի»։

Դավիթ Լոքյան. «Կառավարությունը որոշում է ընդունել այն հարցերի վերաբերյալ, որոնք հիմնական գումարները հետ վերադարձնելու խնդիրներն են։ Դա ֆիքսվեց կառավարության հաշվետվության մեջ՝ այն ձեռնարկություններն են, որոնք զբաղվում են գազի ներկրման հարցերով։ Այդ գումարների չափը կազմում է շուրջ 10 մլն դոլար։ Եվ կառավարությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել այն 84 մլն դոլարի վերականգնման համար, որ թողնված է էներգետիկայի նախարարությունում։ Թե կառավարությունն ինչո՞ւ է ուշացնում այս գործընթացը՝ պատճառաբանում են, որ դա պայմանավորված է այդ ձեռնարկությունների եւ օտարերկրյա պետությունների (Վրաստան, Թուրքմենստան եւ այլն) հետ կապված հարցերով»։

Անդրանիկ Մարգարյան. «Ժամանակը շատ քիչ էր՝ չորս ամիս կար ընդամենը, որ մենք կարողանանք իր ասած մի քանի միլիոնները հետ բերել։ Բայց աշխատանքներ կատարվում են, հանձնարարականներ են տրված համապատասխան նախարարություններին, դատախազությունում կատարվում է հետաքննություն։ Իմ կարծիքով, գումարներ հետ կբերվեն»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031