Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաց վաստակելու հնարավորությո՞ւն»

Հոկտեմբեր 25,2000 00:00
arevtur

Զանգվածային լրատվության միջոցները քաղաքում իրականացվող բացօթյա վաճառքին բազմիցս են անդրադարձել: Քաղաքապետարանն էլ կարծես բազմաթիվ աշխատանքներ է կատարել բացօթյա վաճառքը կանոնակարգելու համար:

Բայց, այնուամենայնիվ, այսօր էլ կան չթույլատրված վայրերում վաճառք իրականացնող կետեր: Այս կապակցությամբ զրուցեցի Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ Հայրապետ Մարգարյանի հետ:

– Այսօր քաղաքապետարանը կոնկրետ աշխատանքներ է կատարում փողոցային առեւտուրը կարգավորելու համար: Ի՞նչ կասեք քաղաքի ամենաբանուկ հատվածներում գետնին փռված գրքերի (եւ առհասարակ այլ ապրանքների) վաճառքի մասին:

– ՀՀ Երեւան խորհրդի «Երեւան քաղաքում բացօթյա վաճառքի թույլտվություն տալու կարգը» հաստատելու մասին թիվ 7/4 որոշումով (31. 03. 2000թ.) կանոնավորվում է փողոցային առեւտուրն ընդհանրապես: Առաջին հերթին փորձում ենք կարգավորել պարենային ապրանքների, գյուղատնտեսական մթերքների վաճառքը, մեջբերում եմ՝ «պահպանելով պետական սանիտարական մարմնի կամ իրավասու այլ պետական ծառայության կողմից սահմանված եւ իրավաբանական ուժ ունեցող նորմատիվները»: Իսկ գրքերի հետ կապված այդ տհաճ իրողությունը, իրոք, կա այսօր եւ փոքր-ինչ հետին պլան է մղվել: Սակայն սա չի նշանակում, թե աշխատանքներ չեն կատարվում: Պարզապես ելնելով ժողովրդի այսօրվա ծանր սոցիալական վիճակից՝ փորձում ենք ամեն գնով «օրենքն աշխատեցնել» հօգուտ ժողովրդի: Բայց հասարակությունն ինքը միշտ հակադրվելու միտում ունի, եւ այդպիսի աշխատանքներ կատարելիս բախվում ենք առանձին անհատների դիմադրությանը:

– Ավետիք Իսահակյանի արձանի հարեւանությամբ գործող գրքերի բացօթյա տոնավաճառն օրինակա՞ն է:

– Կոնկրետ ձեր նշված վայրում իրականացվում է անօրինական վաճառք:

– Այդ դեպքում ինչու՞ որեւէ քայլ չի ձեռնարկվում:

– Այսօր ֆիզիկապես հնարավոր չէ քաղաքում վերացնել անօրինական վաճառքն ընդհանրապես:

– Իսկ ի՞նչ կարող եք առաջարկել նշված վայրում գրքեր վաճառողներին:

– Նրանք կարող են համախմբվել, ստեղծել ՍՊԸ-ներ (կամ էլ՝ իբրեւ անհատ ձեռներեցներ) եւ համապատասխան թույլտվություն ստանալով՝ վաճառել թույլատրված վայրերում:

– Գիրք վաճառողներից շատերը պնդում են, որ անգամ մի փոքրիկ կրպակ տեղադրելու եւ վաճառք իրականացնելու համար հարկավոր է մոտավորապես 5000 դոլար:

– Եթե խոսքը վերաբերում է եվրոպական ստանդարտներին համապատասխան կրպակ տեղադրելուն՝ գուցեեւ: Սակայն կա նաեւ այլ, ավելի հարմար տարբերակ: Տարածքները, որտեղ կարող է իրականացվել բացօթյա վաճառք, սահմանում են թաղապետարանները՝ համաձայնեցնելով Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության հետ: Թույլտվություն ստանալու համար սուբյեկտը դիմում է համապատասխան թաղապետարան: Դիմումը ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, թաղապետարանը կամ տալիս է թույլտվություն, կամ էլ համապատասխան հիմնավորմամբ՝ գրավոր մերժում: Թույլտվությունը տալուն զուգահեռ՝ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, սուբյեկտից գանձվում է տեղական տուրք: Կարող եմ անգամ մանրամասնել. գյուղատնտեսական մթերքների համար՝ 0-ից-250 դրամ՝ օրական, այլ ապրանքների համար՝ 0-ից-100.000 դրամ՝ տարեկան, գազի եւ վառելիքաքսայուղերի համար՝ 50-ից-350.000 դրամ՝ տարեկան: Այս ամենից հետո կարող են առանց արգելքների, օրինական ձեւով վաճառել թույլատրված վայրերում:

– Նման դիմումները շա՞տ են մերժվում:

– Ելնելով ժողովրդի վիճակից՝ աշխատում ենք ամեն կերպ օգնել եւ «հնարավոր դարձնել մերժումները»: Պարզապես մարդիկ սովոր չեն աշխատել ըստ օրենքի եւ օրինականության, այդ դեպքում, պարզ է, ենթարկվում են «սեւ շուկայի» բիրտ օրենքներին:

Նույն խնդրի շուրջ զրուցեցի նաեւ Երեւանի Օղակաձեւ զբոսայգու վարիչ Կարեն Հարությունյանի հետ:

– Ձեր նշած տարածքը, որն Օղակաձեւ զբոսայգու մի մասն է կազմում, գտնվում է «Կանաչապատում» ՊՓԲԸ հսկողության տակ: Ինչ խոսք, աշխատանքներ կատարվել են այդ տարածքում՝ վաճառքն արգելելու համար: Սակայն վաճառողներից 10-15 հոգի եկան ձեռնարկություն եւ խնդրեցին, որ «չկտրենք նրանց հաց վաստակելու» հնարավորությունից: Սովորաբար նմանօրինակ վաճառքները «շրջիկ կետեր» են համարվում եւ սուբյեկտը համապատասխան պայմանագիր կնքելով կանաչապատման ձեռնարկության հետ ու վճարելով օրական 1200 դրամ՝ իրականացնում է բացօթյա վաճառք:

Ավետիք Իսահակյանի արձանի հարեւանությամբ գրքեր վաճառողների հետ կնքված չկա եւ ոչ մի պայմանագիր: Նրանք պարզապես վաճառում են: Իսկ եթե վերադասից «որոշում գա մաքրելու» այդ տարածքը՝ պրոբլեմ չկա…

ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031