Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԻ ՊՐԻԶՄԱՅՈՎ

Հոկտեմբեր 25,2000 00:00
pararvest

Պարարվեստի ուսումնարանը տարիներ շարունակ այն կրթօջախն էր, ուր ամեն ոք չէր կարող ոտք դնել, ուր զգուշավոր եւ հպարտությամբ էին մուտք գործում։ Ու շատ ծնողներ էին իրենց երջանիկ համարում այն պարզ պատճառով, որ այդ կրթօջախում են սովորում իրենց երեխաները։ Այսօր պատկերն այլ է։ Մի կին պատմում էր ինչպես իր թոռնիկի եւ աղջկա հետ ուսումնարանի շենքի առաջին հարկում անտեղի հարձակում գործեցին իրենց վրա:

-Ես ընդամենը հարցրի՝ ինչպես կարող եմ տեսնել Նելլի Սերգեեւնային։ Տնօրենը՝ Թերեզա Գրիգորյանը, չնայելով, որ այդտեղ էլի ծնողներ կային, կամ հաշվի չառնելով իմ պատկառելի տարիքը, այնպես հարձակվեց վրաս8230 Սկսեց անպատվել, գոռում էր՝ «Էստեղ Նելլին չի ղեկավարը, դուք ինձ հե՞տ գործ ունեք, դուրս եկեք…»: Թոռնիկս վախվորած դեմքիս էր նայում: Ասացի՝ վճարովի ստուդիա է, դուք պիտի ձեռնամուխ լինեք, որ շատերը իրենց երեխաներին ձեզ մոտ բերեն: Ձեր վարվեցողությամբ, ձեր վարքագծով այնպես եք անում, կարծես այստեղ պարօջախ-կրթօջախ չէ, այլ գազանանոց: Էլ այդտեղ կգա՞ երեխան, բոբո տոտա է»,- զայրացած պատմում էր թոռնիկին ստուդիայում սովորելու տանող տիկինը:

Սա առիթ դարձավ Պարարվեստի ուսումնարանը դիտելու՝ այնտեղ ուսանող երեխաների ծնողների հայացքով:

«Աղջիկս 3-րդ դասարանում էր եւ հաշվի առնելով իր տվյալները՝ ճկուն եւ սիրունիկ երեխա էր, խորհուրդ տվեցին Պարարվեստի ուսումնարան տալ: Այն ժամանակ դպրոցը եւ միջավայրը շատ լավն էր: Հետագայում գնալով վիճակը վատացավ։ Եթե երեխան սովորում է մասնագիտական դպրոցում, ուրեմն այդտեղ շահ չպետք է լինի։ Եթե տնօրենը կամ ուսուցիչը համարում են, որ երեխան լավ տվյալներ չունի՝ թող հենց սկզբից նույնիսկ ամենադառը ճշմարտությունն ասեն»։ Մեկ ուրիշն է պատմում. «Ինքս մանկավարժ եմ եւ գիտեմ, երեխան չպետք է զգա, որ անընդհատ կաշառքով կամ ինչ-որ նվիրատվությամբ են շատերին հրում առաջ։ Աղջիկս փայլուն աշակերտ չէր, բայցեւ ծույլերի կամ վատ սովորողների մեջ չէր։ Երեխայիս տվյալների մասին մեկ մի բան էին ասում, մեկ ՝ ուրիշ։ Մի օր էլ տնօրեն Թերեզա Հրաչեւնան այնպես կոպիտ արտահայտվեց երեխայի մասին, որ զարմացա։ Ասաց. «Նա պիտի դուրս գա, նա չպիտի սովորի, նա գեր է»։ Երեխաս արդեն կմախք էր դարձել։ Իրենց դասարանից մի աղջիկ այս տարի հիվանդացավ, 14 տարեկան երեխան՝ դասական պարի բաժնում մնալու համար այնքան էր նիհարել, որ նյութափոխանակության, սեռական ֆունկցիաների խանգարում էր ստացել։ Հասկանում ենք, որ այդ արվեստը որոշակի պահանջներ ունի, բայց չի կարելի երեխաներին հիվանդացնել, նորմեր կան»։ «Եվ պատկերացնո՞ւմ եք, այդ խեղճ երեխան, որ երազանքներ ու ձգտումներ ունի, հանկարծ մի օրում շատ կոպիտ ձեւով փշրում են ամեն ինչ։ Որքան էլ ես իմ երեխային սփոփում եմ, բացատրում, բայց դա նրա համար հոգեկան մեծ տրավմա է։ Նրան շուտ պետք է ասեին, որ բալետում չի կարող իրեն դրսեւորել եւ այլն։ Երեխան օրերով արցունքների մեջ էր, մենք անքուն գիշերներ էինք անցկացնում։ Այսօր այդ դպրոցում տնօրենից սկսած, ոչ ոք հաշվի չի առնում, որ այդ երեխաներն ամբողջ կյանքում մեծ հիասթափությամբ են ապրելու»։

Պարարվեստի ուսումնարանում մոտ 200 անվճար եւ 200-ից ավելի վճարովի սովորողներ կան։ Մի ուսուցչուհի, որն այլեւս ուսումնարանում չէր աշխատում, հիասթափված պատմում էր, որ «Անվճար դասարանում սովորում է երեխա, որն ուղղակի պետք է քառապատիկ վճարի։ Ուսումնարանում այսօր իսպառ վերացած է օբյեկտիվությունը։ Տնօրենը միայն իր անձնական խնդիրներն է առաջ քաշում ու դրանցով առաջնորդվում։ Դպրոցը կործանվում է։ Այդքան գումարների առկայության դեպքում գոնե կարելի էր զուգարանները վերանորոգել, որ երեխաները չհիվանդանան։ Քարեդար է դպրոցում։ Մեր հանրապետությունում վաղուց տարածված երեւույթ է։ Շատերը, որ 30-40 տարի առաջ ինչ-որ պարգեւների են արժանացել, այսօր երիտասարդների առջեւ երբեմնի այդ պարգեւներով խոչընդոտներ են ստեղծում։ Ասում են՝ այսինչ տեղում, այսինչ թվին այսինչ մեդալը կամ ժողովրդական, կամ վաստակավոր արտիստի կոչումն եմ ստացել, բեմի վրա կամ օդում այսինչ բաներն էի անում… Շատ ցավալի պատկեր է։ Պետք է իմանալ, թե այսօր, այս վայրկյանին ինչ ենք անում եւ վաղն ինչ ենք անելու։ Բոլորը գնահատվում են ժամանակի եւ սերունդների մեջ։ Ոչ մեկին հետաքրքիր չէ, թե 40-50 տարի առաջ ինչ մեդալ ենք ստացել… Չի կարելի խաղալ այս սերնդի հետ։ Այսօր ուսումնարանում բոլորը արհեստական շնչառությամբ են ապրում…»։

Զրուցակիցներս՝ անհանգստանալով Պարարվեստի ուսումնարանում իրենց երեխաների ճակատագրի համար, խնդրեցին չնշել անունները. «Եվ չենք կարող չասել-լռել եւ անհանգիստ ենք, որ հասունացման տարիքում մեր երեխաներն ամեն ինչից վերջնականապես կհիասթափվեն»։

«Ի վերջո, չենք հասկանում, դա պետակա՞ն դպրոց է, թե՞ հոսանքի փողը հավաքում ենք, բայց ամբողջ ձմեռ երեխաները դողում են։ Ամեն ինչի համար վճարում ենք։ Հանրակրթական առարկաների ամեն դասատու իր գումարն ունի, ամեն ամսվա վերջում տանում-մուծում ենք… Եվ այս վիճակի ու մթնոլորտի մեղավորը տնօրենն է, որը ամեն ինչին իր շահի միջով է նայում։ Նա նույնիսկ ի վիճակի է վրեժխնդիր լինել եւ երեխային զրկել իրեն հասանելիք 3-5000 դրամ թոշակից»։

Պատրաստեց

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Հ. Գ. Չենք կասկածում, որ այսօրվանից Պարարվեստի ուսումնարանի տնօրենը խմբագրությունները կհեղեղի տնօրենին գովաբանող նամակ-հոդվածներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031