Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուստեք «քցոցի»

Հոկտեմբեր 25,2000 00:00
krknusuyc

Ով չգիտե, որ վերջին տարիներին խիստ շատացել են կրկնուսույցները (ռեպետիտոր)։ Բուհում ուսումը շարունակելու ցանկություն ունեցող բոլոր բարձրդասարանցիներն ավելի շատ մտահոգվում են առարկայական պարապմունքներից չբացակայելու, քան դպրոց գնալու մասին։

Եկեք այսօր չխոսենք, թե հաճախ ինչ որակի պարապմունքներ են անցկացնում գիտակ կամ բոլորովին անտեղյակ մասնագետները եւ ինչ արդյունքների են արժանանում նրանց համատեղ ջանքերը։ Տասնյակ փաստեր գիտեմ, երբ կրկնուսույցի մոտ պարապած դիմորդը ընդունելության քննություններից կտրվել է, իսկ ուսման վարձավճարը (մոտ 500 դոլար) այդպես էլ չի վերադարձվում։ Միայն մի փաստ՝ այս տարվա ընդունելության քննություններից, որը ուղղակի ցնցող է։

Մի քոլեջի (հարգենք ոչ թե ուսուցչի, այլ տվյալ հաստատության հեղինակությունը եւ չնշենք անունը) պատմության ուսուցչուհին իր աշակերտներից 4-ի հետ, որոնք ուզում են պատմաբան դառնալ, պարապել է 2 առարկա եւ որպես վարձավճար յուրաքանչյուրից վերցրել 800 դոլար, իսկ բանասիրության ֆակուլտետ դիմած իր աշակերտուհուց վերցրել է 400 դոլար՝ պարապելով 1 առարկա։ Արդյունքում, բոլոր հինգն էլ քննությունների ժամանակ մատնվել են անհաջողության՝ վաստակելով ամենաշատը 6 միավոր։

Քննությունից առաջ ուսուցչուհին ծնողներին վստահեցրել էր, որ նրանք ամեն ինչ յուրացրել են եւ լիովին պատրաստ են։ Խոստովանենք, որ այս որակի «վայ մանկավարժները» աշխատանքի մեծ փորձ ունեն եւ կանխավճարը վերցնում են նախօրոք, չսպասելով արդյունքներին։ Այսօր առավելապես ինձ մտահոգում է այն կրկնուսույցների ճակատագիրը, որոնք ի ծնե բարեգութ են, զիջող, կարեկցող եւ լսելով շատ ծնողների պատմածը՝ իրենց սոցիալական ծանր վիճակի մասին, գնի հարցում հանդուրժողականություն եւ մեղմություն են ցուցաբերում։ Նրանք սովորաբար ասում են՝ երբ կարող եք, որքան կարող եք։

Ահա դրանից հետո էլ սկսվում է հոգեկան տվայտանքների մի երկար շղթա։ 7-8 ամիս շարունակ բարեխղճորեն պարապելով՝ նրանք հույսով սպասում են այն օրվան, երբ ցանկալի նվազագույն գումարը իրենց ձեռքում կլինի, որպեսզի հոգան իրենց կարիքները։ Բայց օրը զարմանալիորեն ձգվում է մինչեւ քննություն, երբ երեխան վաստակում է սպասված 18-20 միավորը եւ ընդունվում բուհ։ Եթե մինչ այդ ծնողները՝ ի պատասխան ուսուցչի հիշեցման, ներողամտորեն ժպտում են եւ խնդրում մի քիչ էլ սպասել, ապա դրանից հետո ոչ միայն մոռանում են իրենց խոստումները, այլեւ հնարավորինս խուսափում են եւ խզում իրենց հարաբերությունները նախկին լավ հարեւանից, բարեկամից կամ պարզապես ծանոթից։

Կարդալով այս հրապարակումը, գուցե այնուամենայնիվ որոշ ծնողներ հիշեն, որ իրենք էլ ինչ-որ մեկին պարտք են։ Չէ՞ որ ուսուցիչը իրեն զրկել է հանգստից, հեռուստացույց, ներկայացում դիտելուց, ընտանիքի անդամներին արգելել է պարապմունքների ժամանակ խոսել, շարժվել, երաժշտություն լսել, իսկ վերջում կանգնել է կոտրած տաշտակի առջեւ։

ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031