Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՆ-Ի ՈՋԻԼԻ ԱՆԵԿԴՈՏԸ

Հոկտեմբեր 25,2000 00:00
Eduard Ghazaryan

Մեր ընթերցողներին արդեն հնարավորություն ընձեռել ենք ըմբոշխնել ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի գրչի շնորհքը, մանավանդ, երբ համոզում է, որ 11-ամյա միջնակարգ կրթության անցնելու մեջ է մեր փրկությունը։

Վերջերս ԿԳՆ-ն «Առավոտին» անթաքույց հպարտությամբ տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունում քննարկվել է 2001-2002 ուստարվանից 11-ամյա միջնակարգ կրթության անցման նպատակահարմարության հարցը, որն արժանացել է հավանության եւ համապատասխան կարգ մշակելու հանձնարարական տրվել։ Հավանաբար կրթական համակարգի թշվառ վիճակի մասին նախարարի ներկայացրած ահասարսուռ պատկերներից ազդվել են մեր կառավարության անդամները՝ թեեւ մի սկզունքային հարցում մերժել են ԿԳ նախարարին։ Կառավարություն ներկայացրած փաստաթղթում նշվել է, որ առաջին դասարան կընդունվեն վեց տարեկանից, սակայն կառավարությունը պնդել է յոթ տարեկանի տարբերակը։

11-ամյա միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության անցնելու անհրաժեշտությունը հիմնավորող այդ փաստաթուղթը գրված է ճիշտ ու ճիշտ ԿԳ նախարարի հոդվածների ոգով։ Բայց այն, ինչ ներելի է ծրագրային հոդվածի համար, պաշտոնական փաստաթղթին անհարիր է։ Այն բազմաթիվ տարակուսանքների ու հարցականների տեղիք է տալիս։ Նույնիսկ զարմանալի է, թե ինչպես է սույն փաստաթուղթն արժանացել ՀՀ կառավարության հավանությանը։

11-ամյա միջնակարգ կրթության անցնելու անհրաժեշտության հիմնավորումները հինգն են։ Հիմնավորումները կան, սակայն ուղիներն ու հնարավորությունները՝ ոչ։ Փաստաթղթում գրված է՝ «Ուսման տեւողության ավելացումը հնարավորություն կտա բեռնաթափել ծրագրերն ու դասագրքերը, կնպաստի ինչպես անձի համակողմանի ձեւավորմանը նպաստող նոր առարկաների ներմուծմանը, այնպես էլ առարկաները ավելի խորությամբ ուսումնասիրելուն»։ Ինչպես է պատկերացնում այս ամենի իրականացումը ԿԳՆ-ն, եթե Համաշխարհային բանկի վարկային ծրագրերով տպագրվող դասագրքերը պարտադրվում են չորս տարով եւ գոնե առաջիկա տարիներին դրանք «բեռնաթափելու» ոչ մի հնար չկա։ Ձեւական հայտարարություն է «նոր առարկաների ներմուծումը»։ Հեքիաթ է նաեւ այս հնարավորությունը. «Նման պայմաններում հնարավոր կդառնա աշակերտների հետ կազմակերպել լրացուցիչ արտադասարանական մի շարք այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն անհատի բազմակողմանի զարգացմանը, մասնագիտական կողմնորոշմանը եւ հետագա կյանքին պատրաստ լինելուն»։

Կարելի՞ է հետաքրքրվել՝ այդ ի՞նչ միջոցներով պիտի այս ամենն արվի, եթե պետությունը նույնիսկ ոչ արտադասարանական դասերն անցկացնելու համար բավարար միջոցներ չի տրամադրում։

«Մեկ տարի լրացուցիչ սովորելով՝ նրանք 9-րդ դասարանը կավարտեն ավելի հասուն տարիքում եւ հետագայում հեշտությամբ կկողմնորոշվեն իրական կյանքում»,- եզրակացնում են փաստաթուղթը գրողները։ Ու մոռանում են մի այնպիսի կարեւոր խնդիր, ինչպիսին զինակոչն է։ 11-ամյա միջնակարգ կրթության անցնելը կմղի ծնողներին ցանկացած զոհողության՝ տարի շահելու համար։ Առանց այդ էլ նկատվում է երեխաներին վեց տարեկանից դպրոց տանելու եւ դասարանից դասարան «թռիչքների» աճի միտում։ Հիմա այդ երեւույթներն ավելի մեծ չափեր կընդգրկեն եւ նախադրյալներն արդեն կան։ Իսկ ավագ դպրոցը, որն առանց այդ էլ, թռիչքների եւ կրկնուսույցների մոտ պարապող բարձր դասարանցիների դասերին չհաճախելու պատճառով, թուլացել է, ավելի կարժեզրկվի։

Փաստաթղթում բերված որոշ պնդումներ ցնցող են իրենց տրամաբանությամբ։ Ասենք՝ «Հայաստանի անկախացումից հետո հանրակրթության համակարգում առաջացած բազմաթիվ դժվարությունների (ուսումնական տարվա իրական տեւողությունը դարձավ 6 ամիս (՞- Ն. Հ.), իսկ ուսումնական շաբաթը՝ 6 օրից 5 օր, դպրոցներում սկսեցին դասավանդել մասնագիտական կրթություն չունեցող ուսուցիչներ) հետեւանքով կտրուկ ավելացել է աշակերտի ծանրաբեռնվածությունը»։ Այս փաստաթղթում, ինչպես նաեւ նախարարի ելույթներում ու հոդվածներում անընդհատ կրկնվում է, որ այսօրվա դպրոցը վնասակար է երեխաների առողջության համար. «Միջին եւ ավագ դպրոցի աշակերտները դպրոցում լինում են մինչեւ 8 ժամ՝ այդ ընթացքում հնարավորություն չունենալով սնվել ու հանգստանալ»։ Սակայն նախարարը երբեք չի բացահայտում, թե այդ ինչի՞ հիման վրա է նման պնդումներ անում։ Երբեւէ լուրջ ուսումնասիրություններ անցկացվե՞լ են, թե այսօրվա ծանրաբեռնվածությունը ինչպես է ազդում երեխաների վրա եւ ընդհանրապես իրականում ի՞նչ պատճառներով է, որ ինչպես ասվում էր նախարարի հոդվածում «աշակերտների միայն 15%-ն է դպրոցն ավարտում առանց խրոնիկական հիվանդության»։ Ինչպես կարելի է առանց հստակ փաստերի նման պնդումներ անել։

Իսկ այս մի հիմնավորումը հասկանալու համար երեւի բացառիկ խելք պիտի ունենալ. «Ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանները բացասաբար են ազդել հանրապետության ազգաբնակչության նկարագրի (՞- Ն. Հ.) վրա (արտագաղթ, ծնելիության նվազում, մահացության աճ եւ այլն)։ 10 տարի առաջ դպրոց է ընդունվել մոտ 70 հազար առաջին դասարանցի, այս տարի՝ մոտ 55 հազար։ Դրա հետեւանքով էլ մոտակա տարիներին կտրուկ կնվազի ինչպես դասարանների, այնպես էլ դասավանդող ուսուցիչների թիվը, կստվարանա գործազուրկների բանակը, կավելանա սոցիալապես անապահովների եւ դժգոհների թիվը։ 11-ամյա կրթության անցնելը որոշ չափով կմեղմի այդ հարցը»։ Թե մեկը մյուսի հետ ինչ կապ ունի, դատեք ինքներդ։ Հիշեցնում է ոջիլի մասին հայտնի անեկդոտը. թվարկվում են երկրի՝ կրթությանն առնչվող ու ավելի շատ չառնչվող բոլոր պրոբլեմներն ու որպես փրկություն 11-ամյա կրթության անցնելը նշում։ Շատ դժվար է տրամաբանական կապ փնտրել նաեւ այս պնդման մեջ. «10-ամյա կրթության պայմաններում, երբ ուսուցումը կազմակերպվում է 5-օրյա շաբաթով, աստիճանաբար մեծանում է դպրոցի շրջանավարտների ստացած եւ բուհի պահանջած գիտելիքների անհամապատասխանությունը»։ Դժվար է ասել նաեւ, թե սա ի՞նչ կապ ունի 11-ամյա միջնակարգ կրթության անցնելու հետ, մանավանդ որ ԿԳՆ-ն պատրաստվում է կառավարության քննարկմանը ներկայացնել 6-օրյա ուսումնական շաբաթի անցման նպատակահարմարության հարցը, իսկ որոշ դպրոցներ ԿԳՆ-ի հրահանգ-թույլտվությամբ արդեն այս տարվանից անցել են 6-օրյակի։

Ինչքան սիրուն ձեւակերպում են գտել «անձի ներդաշնակ ու համակողմանի ձեւավորում», «քաղաքացու դաստիարակում», «անհատի բազմակողմանի զարգացում» եւ այլն, օգտագործել են՝ հետաքրքիր ամփոփումներ անելով։ Փաստաթղթի վերջին միտքը եւս հեռավոր աղերսներ ունի 11-ամյա կրթության անցնելու անհրաժեշտության հետ. «Հանրակրթական ավագի դպրոցի գործունեությունը արդյունավետ դարձնելու նպատակով պետք է միջին դպրոցի ավարտական դասարաններում իրականացնել առաջադեմ, դասի արդյունավետությունը բարձրացնող ինտերակտիվ մեթոդներով ուսուցում (՞- Ն. Հ.)։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք 3+6+2 մոդելը՝ հիմնական դպրոցը դարձնելով 6 տարի։ Առաջին դասարան կարող են ընդունվել 6 տարեկանից։ Այսպիսով՝ անցումը 11-ամյա դպրոցի նպատակահարմար է սկսել առաջին դասարանից»։ Երեւի կառավարության համար էլ այս տրամաբանությունը համոզիչ չի եղել, որ յոթ տարեկանից դպրոց տանելու տարբերակն է նպատակահարմար գտել՝ թեեւ այդ տարբերակը ամենահաջողը չէ, եթե այնուամենայնիվ անցնում են 11-ամյա կրթական համակարգի։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031