Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ ե՞րբ ենք թաքցնելու մեր գլուխը

Հոկտեմբեր 25,2000 00:00
axalcxa

Զրույց Ախալցխայի հոգեւոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Սաղոյանի հետ

– Ինչպիսի՞ն է այսօր Ջավախքում տիրող իրավիճակը։

– Ջավախքում՝ այսինքն Սամսխե (Ախալցխա) Ջավախեքի (Ախալքալաք) նահանգում ապրում են 200-230 հազար հայ՝ մի ողջ ժողովուրդ, որն այսօր ստվերում է, դատապարտված ապրելու ամենասոսկալի, ամենածանր պայմաններում։ Մոռացված ե՛ւ մայր հայրենիքից, ե՛ւ միջազգային հանրությունից։ Մարդիկ ապրում են կտրված աշխարհից, զրկված լույսից, կապից, իրենց 21-րդ դարում զգալու իրավունքից։ Ժամանակ առ ժամանակ սրվող ազգամիջյան հարաբերությունները, կենսական ծանր պայմանները առիթ են հանդիսանում, որ մարդկանց քիչ թե շատ կարող մասը հեռանա։ Այսպես եթե շարունակվի, շատ շուտով կհայաթափվի ողջ տարածքը եւ հերոսաբար աչքները Հայաստանին եւ Մայր Աթոռին հառած, պայքարող ու տոկացող ախալցխահայերը կհայտնվեն բարոյալքման ու հուսահատության սահմանագծին։ Իսկ Հայաստանի կառավարությունը Ջավախքի հարցում վարում է ջայլամի քաղաքականություն։ Ավելին ասեմ, լուր կար, որ Հայաստանը հոսանք պիտի տա Վրաստանին, մարդիկ հուսադրվել էին, լավի սպասում կար եւ ի՞նչ, պարզվում է, իհարկե ստույգ աղբյուրներից, որ հոսանք, այո, լինելու է, հասնելու է Ախալքալաք, իսկ Ախալցխան լույս չի ստանալու, այսինքն՝ շուրջ 35000 հայություն էլի մնալու է առանց լույսի։ Լուրն առան թե չէ՝ կդատարկվի Ախալցխան։

– Ի՞նչ կասեք Ջավախքի հոգեւոր կյանքի մասին։

– Մխիթարական ոչինչ չեմ կարող ասել։ Այսօր Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականը կարող է միայն ողբալ իր ժողովրդի թշվառ վիճակը, այլ բան անելու կարողությունից նա զրկված է։ Մենք զինվոր ենք՝ առանց զենքի։ Ի վերջո, պիտի գիտակցենք, որ ազգը խորհրդանշող եկեղեցու սպասավորը չպիտի զրկված լինի ամենատարրական միջոցներից։ Չունենք տրանսպորտի, կապի, հաղորդակցման որեւէ միջոց, հոգեւոր գրականություն, գրասենյակ, ուր կարելի լինի կոորդինացնել աշխատանքները։ Այսօր Ջավախքում մնացել են մարդիկ, որոնք սպասելիքներ ունեն եկեղեցուց, նրանց միայն քարոզներով չես կերակրի։

– Ջավախքում կան կաթոլիկ գյուղեր եւ, իհարկե, աղանդավորներ։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Տարածքում կան քույր եկեղեցիներ՝ կաթոլիկ, ավետարանչական, կան գյուղեր, որոնք 75% կաթոլիկ, 25% առաքելական բնակիչներ ունեն։ Կան բոլոր տեսակի աղանդների ներկայացուցիչներ, որոնք օգտվելով մարդկանց սոցիալական վիճակից, ներգրավում են նրանց իրենց շարքերում, բարոյազրկելով ու դիմազրկելով հայ մարդու ավանդական նկարագիրը։ Կան նաեւ օտարերկրյա միսիոներներ։ Եվ նրանք, եւ մյուս եկեղեցիները անհամեմատ ավելի ապահովված են՝ քան մենք։ Ունեն բոլոր միջոցները լայնածավալ գործունեություն ծավալելու համար՝ մեքենաներ, որոնցով կատարում են այցելություններ, գեներատորներ, որ էներգիայով ապահովում է ցանկացած ժամանակ, հիվանդանոցներ, վարժարաններ։ Օգնում են անապահով ընտանիքներին սննդով, հագուստով, լիուլի ապահովված են անհրաժեշտ գրականությամբ։ Ունեն կոմպյուտերային կենտրոններ, ճամբարներ եւ այլն։ Այս պարագայում մենք անզոր ենք։ Մարդիկ այնպիսի վիճակում են, որ 1 կգ հացն անգամ նշանակություն ունի։ Ազգային արժեքները դառնում են անկարեւոր։ Ամբողջ Ջավախքում, Ախալքալաքը՝ 72 գյուղ, Ախալցխան՝ 16 գյուղ, Բոգդանովկան՝ 28 գյուղ, Ծալկան՝ իր 23 հազար հայությունով, ունեն ընդամենը հինգ քահանա, ընդ որում՝ առանց տարրական միջոցների։

– Ինչպիսի՞ն է հայկական դպրոցների վիճակը։

– Այս բնագավառում էլ ոչ մի լավ բան չեմ կարող ասել։ Մարդկանց առօրյան կախված է բնության քմահաճույքից, ինչպես նախնադարում։ Քանդված, կիսավեր դպրոցներ՝ անձրեւի ժամանակ մտնել հնարավոր չէ։ Ախալցխայում կա մեկ միջնակարգ դպրոց՝ 870 աշակերտով, գյուղերն ունեն տարրական դպրոցներ, որոնք այբբենարան անգամ չունեն։ 3-4 երեխային մեկ դասագիրք են տալիս։ Քարուքանդ դասասենյակներում 2 առարկա մեկտեղ են պարապում։ Բազմիցս դիմել ենք, սակայն բյուջեից մեզ ոչինչ չի հատկացվում։ Այսպես այլեւս անհնար է շարունակել, մեզ ձեռք մեկնող է պետք, այլապես վաղը կարող է ուշ լինել։

– Չկա՞ն ջավախքցի բարերարներ, որոնք ցանկանան օգնել իրենց հայրենակիցներին։

– Հոսանքի բացակայության պատճառով մեզ մոտ որեւէ արտադրություն կամ ներդրում լինել չի կարող։ Վերջերս Վորոնեժում ապրող Ռուբեն Հարությունյանը սեփական միջոցներով եւ Ղուլալիս գյուղի քահանա տեր Նարեկի նախաձեռնությամբ կառուցեց սրբ. Աստվածածին մատուռը, որն ի սպաս դրվեց հայապահպանման սուրբ գործին։

– Արտագաղթը Հայաստանի լուրջ պրոբլեմներից մեկն է, Ձեզ մոտ հարցն հավանաբար ավելի սրված է։

– Անշուշտ։ Գյուղերը դարձել են ծերանոցներ։ Արտահոսքը անկանխատեսելի իրավիճակ կարող է ստեղծել։ Հայաստանի արտագաղթը, ինչ խոսք, լուրջ պրոբլեմ է։ Սակայն հայը ուր էլ գնա, մի օր տուն է դառնալու, ի՛ր տունը։ Ջավախքի հայաթափումը բացում է մեր թիկունքը, այնտեղից հեռանում են անվերադարձ։ Մենք պիտի սթափ գնահատենք իրավիճակը, ի վերջո կորուստը միայն այսօրով չի չափվում։

– Դուք է՞լ եք պատրաստվում 1700-ամյակի տոնակատարությանը։

– Ոչ։ Նախատեսված է Գր. Լուսավորիչ եկեղեցու համար (որն, ի դեպ, միակ գործող եկեղեցին է) կառուցել զանգակատուն, երեւի դա էլ կլինի մեր 1700-ամյակի ուրախությունը եւ մենք էլ ինչ-որ ձեւով մասնակցած կլինենք տոնին։ Ջավախքը գտնվում է լքված, անտեսված վիճակում։ Բազմիցս դիմել ենք Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, գիտենք, որ այնտեղ 1700- ամյակի կապակցությամբ խիստ զբաղված են, բայց, միեւնույն է, չէինք ցանկանա հավերժ մնալ ստվերում։ Լավ կլիներ, որ այդ տոնը, որ համայն հայությանն է, մեզ համար էլ զարթոնքի նման լինի եւ Ջավախքը զգա մայր հայրենիքի հովանավորությունը։

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031