Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂ, ՈՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Է ՈՒԶՈՒՄ

Հոկտեմբեր 25,2000 00:00
Aygabac

Շիրակի մարզի Այգաբաց գյուղը հիմնադրվել է 1828 թ.։ Այստեղ վերաբնակվել են Վերին Բասենից գաղթած հայերը։ Գյուղի անունը եղել է Իլխիաբի (թարգմանաբար՝ ձիու երամակ)։

Սա Շիրակի մարզի այն գյուղերից է, որոնց մասին Ավ. Իսահակյանը գրել է «Ալագյազից հովերն եկան»։ 1901 թվականին գյուղում մոտ 2000 մարդ է բնակվել, այսօր՝ մոտ 700։ Ինչպես ամենուրեք, հողը սեփականաշնորհված է, եւ գյուղացին կրակն է ընկել իր հողի ձեռքին։

Գյուղ այցելելու առիթը կրկին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամն ընձեռեց։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ, ինչպես նաեւ «Վարդանանց ասպետներ» կազմակերպության եւ բարերարներ Ջիմ եւ Մարթա Բաթմազյանների աջակցությամբ ՀՍՆՀ-ն կառուցեց Այգաբացի միջնակարգ դպրոցը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 119530 դոլար է, համայնքի ներդրմանն աջակցել են «Վարդանանց ասպետները» եւ տեր եւ տիկին Բաթմազյանները՝ 13.423 դոլար, «Հայաստան» հիմնադրամի ներդրումը՝ 52914 դոլար։ Շինարարությունն իրականացրել է «Արթիկշին» ԲԲԸ-ն։ Շիրակի մարզում ՀՍՆՀ-ն իրականացրել է 34 ծրագիր՝ ծախսելով մոտ 1 մլն 700 հազար դոլար։ Ավարտված ծրագրերից 17-ը դպրոցներն են, 7-ը՝ խմելու ջրատար, 2-ը՝ բարեկարգում եւ կանաչապատում, 2-ը՝ ոռոգման ջրատար, կոյուղագծեր, առողջապահական հիմնարկներ, փլատակների մաքրում եւ այլն։

Շիրակի մարզում հիմնադրամը շուտով կավարտի եւս մեկ ծրագիր՝ նորակառույց դպրոց Կամո գյուղում։ Սոցներդրումների հիմնադրամը վերջինս իրականացրել է «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության հետ։ Հիմնադրամի ծրագրով վերանորոգվել է նաեւ Գյումրիի թիվ 2 թեթեւ ատլետիկայի մարզադպրոցը։ ՀՍՆՀ-ի երկրորդ վարկային ծրագրով Շիրակի մարզում նախատեսված է կատարել 2 միլիոն 485 հազար դոլարի աշխատանք։

Շիրակի մարզի Այգաբաց գյուղի գյուղապետ Գագիկ Ալթունյանն ասաց, որ դպրոցը կառուցելով ՀՍՆՀ-ն «ուղղակի Այգաբացին մի կյանք նվիրեց»։ Այս տարվա երաշտը վնասել է նաեւ այս գյուղի հողերին. «Հողերի համարյա 80%-ն անջրդի է։ Այս տարի 2-3 ցենտներ բերք է եղել։ Կառավարության տված փոխհատուցումը՝ 18 տոննա սերմացուն բաժանվել է ամենակարիքավորներին, յուրաքանչյուրին՝ 150 կգ։ Սերմը շատ քիչ էր։ Մեր գյուղին ոչ թե 18, այլ 60-100 տոննա սերմ էր պետք, որ համայնքի հողերի գոնե 80%-ը հնարավոր լիներ ցանել»։

Գյուղում հարսանիքներ գրեթե չեն լինում։ Գյուղացիների ասելով՝ ուզում են անել, բայց միջոց չկա. «Աղջիկ ունինք, տղա ունինք, բայց միջոցներ չունինք, ինչո՞վ ամուսնացնենք, ո՞վ կառնե էդ տղոցը, էդ աղջիկներին»։ Գյուղացի կանանց հետ զրույցից պարզվեց, որ պատճառը ոչ միայն օժիտի բացակայությունն է, այլեւ այն, որ փեսացուներն անգործ են։ Անգործին ո՞վ աղջիկ կտա։ Գյուղում տարեկան երեք-չորս ծնունդ է լինում. «Ինչո՞վ, պայմաններ չունինք, հազիվ քռքաշ կապրինք»։

Գյուղը Հայաստանին 150 ուսուցիչ է տվել, ուսյալ մարդիկ։ Գյուղացիները վստահ էին, որ իրենց գյուղին «ոչ թե այսպես դպրոց, այլ՝ համալսարան էլ է պետք կառուցել»։ ՀՍՆՀ-ն առայժմ համալսարան կառուցել չխոստացավ։

Ա. Է.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031