Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ

Հոկտեմբեր 25,2000 00:00
gagik jhangiryan

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունից անմիջապես հետո տակավին սրված էին նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի թիմակիցների եւ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան դուետի հարաբերությունները:

Ճիշտ այն ժամանակ էր, երբ պահանջվում էր ՆԳՆ եւ ԱԱՆ նախարարների եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականները, նպատակահարմար էր համարվել 27-ի գործի նախաքննությունը հանձնարարել զինվորական դատախազությանը։ Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ թեեւ ո՛չ ոճրագործության հեղինակները, ո՛չ էլ դրա զոհերը զինվորականներ չէին, այդուհանդերձ, հանրապետության նախագահ Քոչարյանն առանձնապես չէր էլ առարկել, որ գործի նախաքննությունը ստանձնի զինդատախազ Գ. Ջհանգիրյանը։ Այն, որ այդ փուլում հատկապես Վ.Սարգսյանի զինակիցներն ու նաեւ «Միասնություն» դաշինքը ավելի շատ հակված էին վստահելու զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին եւ նրա գլխավորած քննչական խմբին, քան ասենք, Աղվան Հովսեփյանին՝ ակնհայտ էր։ Գ.Ջհանգիրյանը համարվում էր Վազգեն Սարգսյանի մտերիմ զինակիցներից մեկը։ Ոմանք շտապել էին հավատալ Գ.Ջհանգիրյանի՝ «սկանդալային բացահայտումների» եւ դրանց մասին իր ասուլիսում հայտարարելու խոստմանը։

Այսօր Գագիկ Ջհանգիրյանին հավատում եւ վստահում են, թերեւս, միայն նախագահ Քոչարյանն ու նրա շրջապատը։ Ոմանք զարմանում են, թե վերջինիս համար որքան հեշտ եղավ փոխել ճամբարն ու հարմարվել քաղաքական կոնյունկտուրային՝ մոռանալով, որ Գ.Ջհանգիրյանն ընդամենն արհեստավարժ իրավաբան է՝ քրեական իրավունքի մասնագետ, որի ամենաընդգծված ընդունակություններից մեկը քամու ուղղությունն անմիջապես կանխազգալն ու փոթորկին դեմ չգնալն է։

Եվ այնուամենայնիվ, ո՞վ էր Գ.Ջհանգիրյանը հոկտեմբերյան հեղաշրջումից առաջ եւ ինչպե՞ս էր հայտնվել Վազգեն Սարգսյանի թիմում։ «Նախկիններից» մեկը վերհիշեց, որ Գ.Ջհանգիրյանին առաջին անգամ տեսել է 1994թ. Գերագույն խորհրդում, ուր իբրեւ Արդարադատության նախարարության վարչության պետ ընդգրկված էր սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբում եւ մասնակցում էր Հիմնական օրենքի մշակմանը։ Այդ ժամանակաշրջանում նախարար Մարատ Ալեքսանյանի բարեհաճության շնորհիվ ավելի մոտիկից ծանոթանում է սահմանադրական հանձնաժողովի աշխատանքները համակարգող Էդիկ Եգորյանի եւ ԳԽ փոխխոսնակ Արա Սահակյանի հետ։ Գ.Ջհանգիրյանին հաջողվել էր վերջիններիս համոզել, թե ինքը լավ մասնագետ է եւ իշխանություններին կարող է օգտակար լինել։ Աշխատանքային հարաբերությունները Գ.Ջհանգիրյանի եւ մի քանի հհշական ազդեցիկ գործիչների միջեւ վերաճել էին խաշ-խորովածային ընկերության։ Նրան վստահել էին եւ 95-ի ընտրություններից առաջ նշանակել ԿԸՀ նախագահ Ռոբերտ Ամիրյանի տեղակալ։ Ոմանք վկայում են, որ 95-ի ընտրությունների իրական տերը հենց Գ.Ջհանգիրյանն էր։ Նա էր որոշում՝ գրանցել կամ չգրանցել այս կամ այն թեկնածուին, ինչպե՞ս անել, որ Սահմանադրությունն ընդունված համարվի եւ այլն։ Ահա մի այսպիսի պահի էլ դիտավորյալ, թե անզգուշաբար Ջհանգիրյանի ջանքերի շնորհիվ չէր գրանցվել Սեւանի ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներից մեկը։ Վերջինս, Սեւանի միլպետի եղբայրն էր եւ այդ ժամանակ ՆԳՆ նախարար Վանո Սիրադեղյանի ընկերը։ Միջադեպից հետո խիստ սրվել էին Սիրադեղյանի եւ Ջհանգիրյանի հարաբերությունները։ Վերջինիս չէր հաջողվել շտկել իրավիճակը։ Իհարկե, նախկին իշխանությունները հավուր պատշաճի վարձահատույց էին եղել Գ.Ջհանգիրյանին։ Հենց 95-ին էլ նա նշանակվել էր արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ Ավելի ուշ՝ 96-ի գարնանը, զինդատախազի պաշտոնում նոր թեկնածուի որոնումներ էին սկսվել։ Նախկիններից ոմանք պնդում են, որ մինչ այդ Գ.Ջհանգիրյանն ու Վազգեն Սարգսյանն, ըստ էության, անձնական հարաբերություններ չեն էլ ունեցել։ «Բայց Վ.Սարգսյանի սխալներից մեկն այն էր, որ նա սովորաբար իր թեւի տակ էր առնում այնպիսի մարդկանց, որոնք երբեւէ մերժվել էին Վանո Սիրադեղյանի կողմից»,- ասաց նախկին գործիչներից մեկը։ Ահա այդպիսիներից մեկը Գ.Ջհանգիրյանն էր, որին այս պաշտոնում նշանակվելու հարցում օգնել են նաեւ ծագումով արարատցի լինելու հանգամանքն ու Վ.Սարգսյանի քեռու ու ներկայիս գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի միջնորդությունները։

Հոկտեմբերյան ողբերգական դեպքերից հետո Գ.Ջհանգիրյանն առժամանակ ավելի ազդեցիկ դեմք էր դարձել, քան անգամ նախագահ Քոչարյանը։ Բայց 27-ի գործի բացահայտման եւ քաղաքական պրոցեսների համատեքստում նրա դերակատարումը, մեղմ ասած, կասկածելի եւ անհասկանալի էր։ Այսպես, 27-ի գիշերը լինելով ՊՆ-ում, նախագահ Քոչարյանը հրամկազմի ներկայությամբ խոստացել էր կառավարության նոր կազմը նշանակելուց 12 օր հետո հրաժարական տալ։ «Միասնությունն» ու ԵԿՄ-ն Վ.Սարգսյանին արժանի փոխարինող էին փնտրում։ Միակ չափանիշն այն էր, որ նոր վարչապետը նախեւառաջ պետք է 27-ի բացահայտման երաշխավորը լիներ։ Քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ Արամ Սարգսյանին վարչապետ նշանակելու գաղափարն ու նրան համոզելու միսիան իրականացրել է հենց Գ.Ջհանգիրյանը։ Համենայն դեպս Վ.Սարգսյանի զինակիցներից ոմանց հենց նա էր հուշել Արամ Սարգսյանի թեկնածությունը եւ անգամ տեղյակ պահել, որ նրա հետ բանակցությունները հաջողությամբ են ավարտվել։ Դեռ այն ժամանակ ավելի ազդեցիկ երկրապահներից ոմանք զարմանում էին, որ Ռ.Քոչարյանի աշխատակազմում իմանալով Ա.Սարգսյանի թեկնածության մասին շատ էին ուրախացել։ Ավելին, արձագանքը մոտավորապես այսպիսին էր եղել՝ ի՜նչ զուգադիպություն, մենք էլ էինք այդ մասին մտածում։ Ռ.Քոչարյանին, քաղաքական փորձառություն եւ բավարար կամք չունեցող վարչապետն, իհարկե, ձեռնտու էր, մանավանդ, որ նա հժկականներից ոմանց վստահեցրել էր, թե նրան «ցանկացած պահին կարող է զրո դարձնել»։ Հետո Գ.Ջհանգիրյանը ջանք չէր խնայել երկրապահներին ու «Միասնությանը» համոզելու, որ վերջիններիս կասկածները Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի նկատմամբ հիմնավոր են եւ 27-ի հետ կապված են երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ շուրջ 20 հոգի։ Ի դեպ, այդ բարձրաստիճան պաշտոնյաների մասին նա ակնարկել էր նաեւ մարտին տեղի ունեցած իր ասուլիսում։ Իհարկե, հետագայում ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյա չձերբակալվեց, այլեւ եղածներն ազատ արձակվեցին։ Փոխարենը, հավաստի աղբյուրների պնդմամբ, Գ.Ջհանգիրյանը անմասն չէր եղել նաեւ կարկառուն երկրապահներ Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի հետ հաշտեցնելու գործում եւ սրանից հետո ՀԺԿ-ԵԿՄ հարաբերությունները լարելու հարցում։

Մայիսից այս կողմ Գ.Ջհանգիրյանն ու նրա գլխավորած քննչական խումբը մեծ էվոլյուցիա ապրեցին։ Քոչարյանի դիրքերի ամրապնդումից հետո զինդատախազը ոչ միայն պաշտոնանկ չարվեց Ռ.Քոչարյանին ու նրա մերձավոր շրջապատին այդքան անհարմարություն պատճառելու համար, այլեւ հայտնվեց հանրապետության նախագահի եւ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի կողքին։ Այսօր էլ Գ.Ջհանգիրյանը զարմանալի անցում է կատարում 27-ի ոճրագործության իր գնահատականներում։ Եթե մինչեւ մայիս նա 27-ը որակում էր իբրեւ հեղաշրջման փորձ, ապա միայն վերջերս «Հայլուրին» տված բացառիկ հարցազրույցում նույն ոճրագործությունը պարոն Ջհանգիրյանը որակեց իբրեւ «տեռորիստական ակտ»։ Անցումն, իրոք, ցնցող է։ Եվ եթե որեւէ մեկի մտքով անցնում է, որ պարոն Ջհանգիրյանը կանխամտածված եւ վաղուց է համագործակցել նախագահական թեւի հետ, հավանաբար, ծայրահեղություն է։ Պարզապես, ինչպես միշտ, նա ժամանակին է կողմնորոշվել։ 27-ի գործի նախաքննությունը վարող քննչական խմբի ղեկավար պարոն Ջհանգիրյանն այսօր լծվել է Ռ.Քոչարյանին Աշոտ Մանուչարյանի «հերյուրանքներից» փրկելու սուրբ գործին։ Նա պատրաստ է մեղանչել «մոլորությունների մեջ ընկնելու» համար ու նաեւ փրկել սեփական կաշին, նախաքննությամբ արդեն տապալված գործն ու «իմանալ- չհայտնելու» մեջ մեղադրել միակ հնարավոր թեկնածուին՝ Աշոտ Մանուչարյանին, որին ո՛չ նախագահը, ո՛չ զինդատախազը դեմ չեն լինի նաեւ դատել ոճրագործ հնգյակի հետ միասին։ Սա, կօգնի՞ արդյոք զինդատախազին՝ կարիերայի առաջընթացի հարցում։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031