Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Հոկտեմբեր 25,2000 00:00
Vahe Gabrielyan

Հանրապետության նախագահի բացակայությունը Հայաստանից յուրաքանչյուր «հայ լայն հասարակայնության» ներկայացուցչի դրդել էր միմյանցից տեղեկանալ. «Ճի՞շտ է, որ նախագահը փախել է, իսկ Արկադի Վարդանյանը հեղաշրջում է կազմակերպել»։

Շաբաթ օրը Ռոբերտ Քոչարյանը բավական կայտառ տեսքով վերադարձավ Եվրոպայից (միանգամից երեւում է՝ Եվրոպայի օդը, որը Ղարաբաղի օդի մաքրությունն ունի, իր բարերար ազդեցությունը թողել էր)։ Ոչ մի հեղաշրջում չեղավ։ Որովհետեւ անող չկար։ Ամեն դեպքում, նրա հանկարծակի տկարանալը եւ Եվրոպա հետազոտվելու գնալը՝ բազմաթիվ հարցեր առաջացրեց։ Նախագահի մամուլի ծառայությունը՝ բացի ժլատ տեղեկատվությունից, թե «Նախագահը մեկնել է Եվրոպա՝ բժշկական հետազոտություն անցնելու» եւ «Նախագահը վերադարձավ հայրենիք», այլ ինֆորմացիա չտվեց։ Ինֆորմացիայի քաղցն էլ, բնականաբար, շրջանառության մեջ դրեց մի քանի վարկած։ Առաջինը, որ նախագահը մեկնել է Ֆրանսիա՝ գաղտնի բանակցություններ վարելու Մեղրիի փոխանակման տարբերակի շուրջ։ Երկրորդը, որ նրա ատամնաշարը «թարմացման» կարիք ուներ։ Եվ, վերջապես, երրորդը՝ նախագահը սրտի հետ կապված լուրջ խնդիր ունի։ Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանին խնդրեցինք ճշտել՝ այս տարբերակներից ո՞րն է ավելի մոտ իրականությանը։

– Միանգամից ասեմ. Մեղրիի խնդիրը քննարկելու տարբերակը համարում եմ անհեթեթություն,- պատասխանեց պարոն Գաբրիելյանը։

– Իսկ մյուս՝ տկար առողջությա՞ն հետ կապված տարբերակները։

– Նախագահ Քոչարյանը մեկնել էր Ֆրանսիա՝ անցնելու բժշկական հետազոտություն։

– Ավելի մանրամասն կարելի՞ է։

– Յուրաքանչյուր մարդ ունի իր առողջությանը վերաբերող հարցերը չհրապարակելու իրավունք։

– Յուրաքանչյուր մարդ, բայց թերեւս ո՛չ երկրի նախագահը։ Համենայնդեպս, գոնե նախագահի լրատվական ծառայությունը պիտի որ պարտավոր լիներ ժողովրդին տեղյակ պահելու իր նախագահի առողջության տատանումների մասին։

– Նման պարտավորություն չունենք։ Բայց կարող եմ ամեն դեպքում ասել՝ առողջական որեւէ խնդիր, որ կարող է խոչընդոտել նախագահի՝ իր պարտականությունները կատարելուն, Ռոբերտ Քոչարյանը չունի։

– Նախագահի բացակայության ընթացքում շատերին հրապուրել էր իշխանափոխության գաղափարը։ Հետաքրքիր է՝ նախագահը տեղյա՞կ է նման տրամադրություններին եւ որեւէ ձեւով արձագանքե՞լ է։

– Իհարկե՛ տեղյակ է։ Իշխանափոխության կոչ անողները, լավ կլիներ, իրենց էներգիան ուղղեին ավելի արդյունավետ գործունեությանը։

– Վերադարձից հետո նախագահն անդրադարձե՞լ է Աշոտ Մանուչարյանի՝ իրեն ուղղած մեղադրանքներին։

– Ես այդ մասին արդեն ասել եմ։

– Իսկ նախագա՞հը։

– Չեմ կարծում, որ ամեն հայտարարության նախագահը պետք է անձամբ արձագանքի։

– Արկադի Վարդանյանը իր վերջին ասուլիսում անկեղծորեն տրամադրված էր նախագահի վերադարձից հետո նրանից պահանջել բժշկական հետազոտությունների եւ, ըստ այդմ, անալիզների պատասխանները։

– Մինչ այժմ կարծում էի, որ բժիշկներից բացի՝ մնացած բոլոր մարդիկ հետաքրքրվում են բացառապես իրենց կամ շատ մոտ ազգականների անալիզներով։

– Հնարավո՞ր է, որ առաջիկայում նախագահը դարձյալ նույնքան հանկարծակի, որքան ա՛յս անգամ, որոշի դարձյալ մեկնել Եվրոպա՝ հետազոտվելու։

– Նախագահի մեկնումը հանկարծակի չի եղել։ Բժիշկները միշտ խորհուրդ են տվել, որ պետք է պարբերաբար հետազոտվի, սակայն նախագահը դրա համար երբեւէ ժամանակ չի գտել։ Իսկ այս պահին նախագահի առողջական վիճակի մասին հարցին ես արդեն պատասխանեցի։

– Պարոն Գաբրիելյան, շահարկվեց նախագահի՝ Եվրոպայում բժշկական հետազոտություն անցնելու պարագան։ Ինչու նախագահը, այնուամենայնիվ, չդիմեց «հայրենական» բժիշկների։ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դա պատճառաբանեց նրանով, որ տեղի բժիշկները, ամեն դեպքում, աշխարհի լավագույն մասնագետները չեն։

– Հավանաբար, Հայաստանում բոլոր բժշկական ծառայությունները չէ, որ մատուցվում են։ Թե կոնկրետ բուժական ո՛ր ծառայություններն են պակասում մեր նախագահին, կփորձենք պարզել արդեն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից՝ առաջին իսկ հանդիպման դեպքում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031