Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 25,2000 00:00

ՀԱՅ ԴԱՏԻ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ Ցեղասպանության խնդիրը եւ պետականությունը Սկիզբը՝ թիվ 192 Կարելի էր ըմբռնումով մոտենալ հայ հասարակության այն հոգեբանական դրսեւորմանը, որ Հայաստանի անկախ պետությունը միանգամից պետք է լուծում տար Հայաստանի բոլոր դարավոր խնդիրներին, բայց հայ նոր քաղաքական միտքը որդեգրել էր արկածախնդրությունից զերծ մնալու քաղաքական կուրսը: Քաղաքական նոր ուժը, մեկ անգամ պատմության մեջ, ուզում էր հաշվի առնել պատմության դասը: Բայց Հայաստանում ու Հայաստանից դուրս կային քաղաքական ուժեր, հոսանքներ, առանձին գործիչներ, որոնք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով, նաեւ պատմական իրողություններից ելնելով, տարաբնույթ շահերով թելադրված, գլխավորեցին այն արշավը, որից զուրկ էր Խորհրդային Հայաստանը. հասարակությանը հեռու պահել արժեքային նոր համակարգի ընկալումից, թույլ չտալ դառնալու նոր արժեքային համակարգի լիարժեք կրողը, դրանով իսկ ետ պահելով հասարակությանը բաց աշխարհի հասարակական-քաղաքական, գիտատնտեսական մտքին ինտեգրվելու ձգտումից, թյուրըմբռնումների ճանապարհով հասարակությանն օտարել ազատության, անկախության գաղափարախոսություններից իր բոլոր դրսեւորումներով: Այդ արշավի ամենաազդեցիկ միջոցը անդադար Հայաստանի նոր իշխանությանը հատկապես Հայ Դատն ու Ցեղասպանությունն ուրանալու մեջ մեղադրելն էր: Չնայած, որ այդ իշխանության քաղաքականության ու քաղաքական ջանքերի շնորհիվ շատ պետություններ ճանաչեցին ու իրենց վերաբերմունքն արտահայտեցին Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ, Հայաստանի պետական բյուջեի գումարներով ամենադժվարին ժամանակներում կառուցվեց Հայոց ցեղասպանության թանգարանը, միջազգային հանրությանն ուղղված իր առաջին ելույթներում իսկ Հայաստանի նախագահը խոսեց Հայոց ցեղասպանության խնդիրների մասին, աննախադեպ մեծ գիտական նստաշրջան տեղի ունեցավ Հայոց Եղեռնի ութսունամյա տարելիցի օրերին եւ այլն: 1998 թվականի փետրվարից Ցեղասպանությունը դրվեց Հայաստանի պետական քաղաքականության հիմքում: Գուցե կարելի էր փորձարկել այս զարգացումը եւս, հասկանալ պետության ստեղծման եւ զարգացման այս ճանապարհը եւս, որովհետեւ նախկին ճանապարհի ընդդիմադիրները կարծում էին, որ այդ քաղաքականությունը որեւէ արդյունք չի տվել: Բայց արդյո՞ք այս քաղաքականությունը համապատասխանում է քսանութ հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի պետության շահերին: Ըստ էության, վերջին երեք տարիների ընթացքում իսպառ դադարել են հայ-թուրքական հարաբերությունները բոլոր մակարդակներով: Օրակարգից դուրս են մնացել սկսված խոսակցությունները Հայաստան-Թուրքիա առեւտրատնտեսական հարաբերությունների, նավթամուղերի, գազատարների, Հայաստանի հյուսիսի, մասնավորապես Շիրակի մարզի զարգացումների, Հայաստանը Եվրոպային կապող ծրագրերի, Մետաքսի ճանապարհի մասին եւ այլ տարածաշրջանային խնդիրների վերաբերող հարցեր: Հայ-թուրքական հարաբերությունները՝ Անդրկովկասի եւ ընդհանրապես ողջ Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակում, հաստատապես դուրս են զուտ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակից եւ առնչվում են թե հայ-ռուսական հարաբերություններին, թե հայ-վրացական հարաբերություններին, թե Հայաստանի եւ մեծ տարածաշրջանի հարաբերություններին ընդհանրապես: Այստեղ դարձյալ տեղին է հիշատակել Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածը, այս անգամ ուղղակիորեն Ցեղասպանության խնդրին վերաբերող մասով: Պատասխանելով ժամանակի ընդդիմության, ըստ էության այսօրվա իշխանության այն պնդմանը, որ Եթե Հայաստանը խիստ կեցվածք ընդունի Թուրքիայի նկատմամբ, նրա առջեւ դնի Ցեղասպանության ճանաչման, Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու, հայկական հողերը վերադարձնելու հարցերը, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի զիջող կդառնան Ղարաբաղի հարցում, Տեր-Պետրոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, որը ես կարող եմ ապացուցել նաեւ կոնկրետ քաղաքական հաշվարկներով, այդպիսի կեցվածքը ոչ միայն որեւէ օգուտ չի բերի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, այլեւ նոր բարդություններ կառաջացնի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում, որոնք ավելի եւս կծանրացնեն Հայաստանի ու Ղարաբաղի դրությունը: Անզեն աչքով իսկ կարելի է նկատել, որ ընդհակառակը, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար դա լրացուցիչ կռվան կհանդիսանար ապացուցելու Հայաստանի ծավալապաշտական նկրտումները եւ նրա դեմ լարելու միջազգային հանրության առանց այդ էլ աննպաստ կարծիքը»: Այս թեմայի շուրջ դիտարկումներն ամբողջացնելու համար մեջբերենք նաեւ մի հատված Ժիրայր Լիպարիտյանի «Պետականության մարտահրավերը» գրքից. «Լ.Տեր-Պետրոսյանի փաստարկումները կարելի է ամփոփել հետեւյալ կերպ: Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակումները եւ խաղաղության բացակայությունը խափանում են Հայաստանի տնտեսական զարգացումը եւ օտարերկրյա ներդրումները, դրանք խոչընդոտում են տարածաշրջանային զարգացումներին մաս կազմելու եւ դրանցից ետ չմնալու Հայաստանի կարողությունը, շարունակելու են դատարկել Հայաստանի բյուջեն: Զիջումներ կային, որոնք կարող էին կատարվել 1997-ին՝ առանց վտանգի ենթարկելու Ղարաբաղի ժողովրդի ու հողի ապագան եւ անվտանգությունը: Անկախ բանաձեւերից ու կարգախոսներից՝ հայկական կողմն ըստ ամենայնի ապագայում կատարելու է զիջումներ, եւ այսօրվա ու ապագայի զիջումների միջեւ տարբերությունը լինելու է ավելի խորհրդանշական, քան իրական: Ժամանակը հայկական կողմի օգտին չի գործում՝ անկախ Ադրբեջանում իրադարձությունների զարգացումներից: Բանակցություններում հայկական կողմի 1997-ին ունեցած առավելությունները հետագայում կարող են եւ չլինել: Ռ. Քոչարյանն առարկում էր՝ ասելով, որ թեեւ հակամարտությունն ու դրան առնչվող հանգամանքները երկրի սոցիալ-տնտեսական իրադարձությունը բացատրելու գործոններ են, սակայն տնտեսական աճի պակասի հիմնական պատճառը չեն: Ավելի կարեւոր գործոններ են կառավարության եւ կառավարման հստակ կազմակերպման ու կարգապահության պակասը, կոռուպցիան, ազգային պայքարի մեջ ընդդիմության հետ գործակցելու հարցում Լ.Տեր-Պետրոսյանի անկարողությունը, նրա պառակտող քաղաքականությունը եւ Սփյուռքի հետ անարդյունավետ եւ անախորժ հարաբերությունները: Ռ.Քոչարյանը գտնում էր, որ ավելի լավ կառավարմամբ, ավելի խիստ կարգապահությամբ, ամուր հակակոռուպցիոն քաղաքականությամբ, միասնության հասնելու համառ ջանքով եւ Հայաստանի պետության ու Սփյուռքի ռեսուրսների համատեղմամբ հայկական կողմը կարող է եւ՛ բավարար չափով բարելավել իր տնտեսական իրավիճակը՝ ազգաբնակչության մեծամասնությանն աղքատությունից հանելու համար, եւ՛ ժամանակ շահել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ գործ ունենալու առավել նպաստավոր պահի սպասելու համար: Նա գտնում էր նաեւ, որ դիվանագիտական մեկուսացումը կարող էր ճեղքել ավելի ագրեսիվ դիվանագիտության միջոցով, որը միջազգային հանրությանը կստիպեր մեզնից նվազ զիջումներ ակնկալել: Ռ.Քոչարյանը գտնում էր, որ, ելնելով Ադրբեջանի համար նավթի աշխարհաքաղաքական վտանգներից եւ այդ երկրին ներհատուկ կոռուպցիոն համակարգից, ժամանակը հօգուտ Ադրբեջանի չի գործում»: Չմեկնաբանելու համար նշենք, որ այս տեսակետների հնչեցումից անցել է, հոկտեմբերի 27-ից հետո ընկած ժամանակահատվածը չհաշված, մոտ երկու տարի: Ցեղասպանության խնդիրը եւ մեր պատրաստվածությունը Իհարկե, այս խնդիրներին անդրադառնալով ցավալի է, բայց անկարելի չնշել այն հանգամանքը, որ հայ մտավորական միտքը, հատկապես պատմա-բանասիրական մտավորականությունն իր հիմնական մասով, Ցեղասպանության խնդիրը համարելով Հայ Դատի բաղկացուցիչ մաս, ըստ էության, ոչ Խորհրդային Հայաստանում, ոչ առավել եւս անկախ Հայաստանում, ոչ նույնիսկ Սփյուռքում, անհրաժեշտ համարձակություն չունեցավ ու չկարողացավ վեր կանգնել կուսակցականությունից, ամբոխավարությունից եւ գիտական լուրջ մակարդակով պատրաստվել Ցեղասպանությունն աշխարհին ներկայացնելուն: Եթե չհաշվենք խորհրդային ժամանակաշրջանում Ջոն Կիրակոսյանի, Մկրտիչ Ներսիսյանի, Ստեփան Պողոսյանի, Ռուբեն Սահակյանի ու էլի մի քանի մտավորականների գիտական փայլուն աշխատանքները, եթե չհաշվենք Ռիչարդ Հովհաննիսյանի, Վահագն Տատրյանի մեծածավալ ուսումնասիրությունները, այս 60-70 տարիների ընթացքում դրանց, ըստ էության, ոչինչ չի ավելացել: Մանավանդ, եթե դրա դիմաց դնում ենք թուրքական կողմի կատարած աշխատանքները: Իսկ պարզ ճշմարտություն է, որ բանաստեղծություններով, ճանապարհորդական նոթագրություններով, գրական-երաժշտական կոմպոզիցիաներով ու հուզաթաթախ ուղեւորություններով չէ, որ Ցեղասպանությունը ներկայացնելու խնդիր ունենք: Ոչ խորհրդահայ մտավորականին, ոչ առավել եւս անկախ Հայաստանի մտավորականին, եւ ոչ մանավանդ սփյուռքահայ մտավորականին որեւէ իշխանություն, որեւէ կարգ չի խանգարել զբաղվել Ցեղասպանության խնդրի ուսումնասիրությամբ, եւ չի խանգարում այսօր: Բայց ցավոք, այսօր էլ հատ ու կենտ են լուրջ ուսումնասիրությունները, փաստաթղթային հետազոտությունները եւ գերիշխում է գրական-գեղարվեստական արժեքները աշխարհին ներկայացնելու եւ օտարալեզու գրականությունը հայերենի դարձնելու մտայնությունն, ու ոչ թե հակառակը: Բնավ նպատակ չունենալով թերագնահատել ոչ սփյուռքահայ կառույցների, Հայ Դատի հանձնախմբերի, ոչ հայրենի գիտնականների աշխատանքը, խնդիրն արծարծում ենք խորքային մոտեցման տեսանկյունից, ելնելով նաեւ ժամանակակից աշխարհի պահանջներից: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե որեւէ իշխանություն կարող է կամ ցանկանում է հասարակությանը եւ նոր սերնդին մոռացնել տալ Հայոց ցեղասպանությունը, պարզապես անհեթեթություն է: Խնդիրն այն է, թե ինչպես է պետք յուրաքանչյուր սերնդի դաստիարակել մեր պատմությամբ. նորածնի օրորոցի մոտ պետք է ողբե՞րգ երգել, առաջին դասարանցուն պետք է հրամցնել արյունալի պատմություննե՞ր, թե՞ պետք է նախընտրել այլ մոտեցումներ: Սա էլ ժամանակի ու աշխարհընկալման խնդիր է, եւ այստեղ էլ յուրաքանչյուրն իր ճաշակը թելադրելու փոխարեն, պետք է լինի ինստիտուտավորված, մշակված քաղաքականություն, որի հեղինակը պիտի լինի միայն մտավորականը ու ոչ երբեք նախագահը կամ պետական չինովնիկը: Որպես վերջ Հայ Դատի ու Հայոց ցեղասպանության խնդիրը համազգային, համահայկական խնդիր է, բայց ամբողջ ազգը չի կարող վերցնել այդ խնդիրները պետականորեն հետապնդելու քաղաքականության պատասխանատվությունը: Այդ պատասխանատվությունը չի կարելի թողնել ոչ Հայկական լոբբիին, ոչ հայկական կուսակցություններին, ոչ նույնիսկ ամերիկյան Կոնգրեսին: Դա Հայաստանի պետության ու տվյալ ժամանակաշրջանում նրա կառավարումը ստանձնած քաղաքական ուժի ու քաղաքական գործիչների պատասխանատվության խնդիրն է: Ինչպես նաեւ՝ պետականորեն չհետապնդելու քաղաքականության պատասխանատվությունը: ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել