Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 25,2000 00:00

Հաշվետու զեկուցում «Իմ ժողովուրդը» կուսակցության նախագահի Հարգելի պատվիրակներ, վերջապես ինձ բախտ վիճակվեց ելույթ ունենալ այսպիսի մեծ լսարանի առջեւ, կատարվեց իմ մանկության երազանքներից եւս մեկը (բուռն ծափեր)։ Հաշվետու ժամանակում իմ կուսակցությունը ունեցել է մեծ նվաճումներ եւ մի փոքո՜ւր էլ կորուստներ։ Մեր նախաձեռնած՝ կլիզմայի կիրառմամբ լայնամասշտաբ կուսակցական զտումների արդյունքում մենք ազատվեցինք որոշ անբարեհույս անդամներից։ Մեր շարքերից հեռացվել են այսպես կոչված մոսկաները, նվնվան մտավորականները, տղամարդիկ եւ այլն, մոտավորապես մեկուկես մլիոն մարդ։ Պետք էլ չեն, թո՛ղ գնան, մեր մեջի վատ պարողները իրենք են, համ էլ առանց իրենց մեր երկիրը ավելի ընդարձակ կդառնա։ Էլ ո՞նց կլիներ, չեն դիմացել կլիզմային։ Իսկ իմ կուսակցության բոլոր անդամներին կոչ եմ անում չնվնվալ, միմյանցից պարտք անել, մուծել անդամավճարներն ու հանգիստ քնել։ Իմ ժողովրդին ավելորդ հոգսերից, ծանր, ամենօրյա աշխատանքից ազատելու համար սեփականաշնորհման ենք դրել բոլոր ավելորդ հիմնարկները, մարզերը, բանակի զորամասերը, ՆԳՆ բաժինները եւ այլն։ Դե՛, թող հիմա էլ օտարները դրանց ձեռքը կրակն ընկնեն (ծափեր)։ Պետք է հայտնեմ, որ աղետի գոտին այլեւս չկա (բուռն ծափեր, օվացիա)։ Այնտեղ այլեւս ոչ մի անդամ չունենք։ Իմ նախագահության ընթացքում մեր երկիր է մտել մի քանի հարիր մլիոն փող։ Այդ փողի իննիսուն տոկոսը ծախսվել է հաճույքի եւ ժամանցի տարբեր օբյեկտների բացման արարողությունների համար ժապավեններ ու մկրատներ գնելու նպատակով։ Իմ ժողովուրդը պետք է ուրախ ու անհոգ մեծանա (ծափեր)։ Մնացած գումարների մի մասը ծախսվել է կտրված ժապավենները կարկատելու, մկրատները սրելու վրա։ Տակի փշրանքներով էլ կառուցել ենք մի քանի հարիր, երեքից չորս հարկանի պարսպապատ, փոքրիկ ու համեստ առանձնատնակներ՝ մեր կուսակցության մի շարք անօթեւան, խեղճ ու երկկողմանի ծնողազուրկ ղեկավար անդամների համար (ծափեր)։ Ես շնորհակալ եմ իմ կուսակցությունից, որ ինձ ընտրեցին նախագահի աթոռին եւ ես կարողացա իմանալ մանկուց ինձ հուզող շատ հարցերի պատասխանները։ Օրինակ, պարզեցի, որ ծիածանի տակից ինքնաթիռով ու թիկնապահներով անցնելիս ինքնաթիռին բան չի լինում, որ աշխարհի ամենալավ ջեմը ստանում են ոչ թե ծիրանից, այլ «Գրանդ Քենդիի» կոնֆետների միջից, որ այդ ֆիրմայի տարբեր կալիբրների մակարոնները տարբեր հաստոցներով են ծակում եւ այդ մակարոններից չեն չաղանում՝ ինչպես ես։ Պետք է ասեմ, որ չկոմպլեքսավորվելու համար, երկար ժամանակ չէի կարդում հայ պատմական գրքեր։ Միայն վերջերս մեծ հաջողությամբ՝ երեք ամսում ավարտեցի մի հայ գրողի գիրքը եւ իմացա մանկությանս հարցերից եւս մեկի պատասխանը, թե ինչու է շունը կատվի հետեւից ընկնում։ Բայց դեռ մնացել են էլի մի շարք հարցեր, որոնց պարզելը մի ուչաստկովու համար մեկ-երկու ամսվա գործ կլինի եւ հույս ունեմ դրանք իմանալ երկրորդ անգամ նախագահելու ժամանակ (ծափեր)։ Իմ վարած ազգանվեր քաղաքականության արդյունք էր վերջերս ՄԱԿ-ում նկարվելիս, 150 հնարավորից չորրորդ տեղում իմ հայտնվելը։ Շատ երկրների, այսպես կոչված, պրեզիդենտները, որոնցից, իմիջիայլոց, ոչ մի դրական տպավորություն չստացա, նույնիսկ մեր բարեկամ, հարեւան Յասիր Արաֆաթը ուզում էին ինձ կաշառել՝ տեղս լինելու համար։ Սակայն ես մեր ազգային շահը ամեն ինչից շատ եմ սիրում (երկարատեւ, բուռն ծափեր, օվացիա)։ Վերջում, քանի չեմ մոռացել, ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից, որ այսպես անթրաշ եմ եկել, ուղղակի չէի կարող լքել եւ ուրիշին վստահել իմ դիտորդական պոստը։ Վստահելի մարդ չկա։ Նույնիսկ Սերժիկին չէի կարող թողնել։ Նա թեկուզ մեր կուճի ախպերն է, բայց դեռ նախագահի ուչենիկի հաստիքում է։ Ա՛յ, եթե մի քիչ մեծանա, սովորի բասկետբոլ խաղալ, մկրատ բռնել, Ալիեւի հետ, թող ալլահը նրան առողջություն տա, մուղամ ձգել, իմ կուսակցությունը իրեն կթողնեմ, կգնամ Վանոյի մոտ։ Այնտեղ էլ նոր կուսակցություն կբացեմ՝ «Լյոխ լյավ ա» անվանումով (ծափեր)։ Քիչ էր մնացել չասեի մի հաճելի անակնկալի մասին. մինչեւ մյուս համագումարը կուսակցությունում մնացած բոլոր անդամների համար մի ճոխ ճաշկերույթ ենք կազմակերպելու (բուռն ծափեր, չընդհատվող օվացիա)։ Համագումարի արձանագրությունից քաղվածքներ կատարեց համագումարի քարտուղար ԱՇՈՏ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել