Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 25,2000 00:00

Այսպես էր խոսել Դավիթ Հովհաննեսը «Առավոտի» երեկվա համարում հիշատակել էինք «Միասնություն» խմբակցության նիստի ընթացքում ՀԺԿ ցուցակով ընտրված պատգամավոր, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի ելույթի մասին, որ մեզ էր հասել միջնորդավորված։ Դավիթ Հովհաննեսի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, թե առավել ճշգրիտ ինչ էր ասել նա։ Նախ արտահայտել էր մի նկատառում՝ «Իմ տարակուսանքը հայտնեցի, որ մի քանի ամսվա ընդմիջումից հետո խմբակցության առաջին նիստին այդքան մարդ էր եկել։ Ինձ ասացին, թե կեսից ավելին են։ Թեպետ ես կեսից պակաս նկատեցի։ Սա ինձ տխուր խոհերի մղեց, որ եթե այսպես գնա՝ իսկապես, կարող են ճիշտ դառնալ այն կանխատեսումները, ըստ որոնց, այս դաշինքի նորովի միացումը կարող է երկար կյանք չունենալ»։ Դավիթ Հովհաննեսը չժխտելով խմբակցության նիստում քննարկվող օրակարգային հարցերի կարեւորությունը, մատնանշել էր այն հարցերը, որոնց դաշինքը բավականաչափ ուշադրություն չի դարձնում։ Բերված մեկ օրինակը Ջավախքից ռուսական զորքերի հապճեպ դուրսբերումը եւ այնտեղ թուրք մսխեթցիներին վերաբնակեցնելու ծրագիրն էր. «Այս ամենի մասին լուրեր են շրջում, որեւէ որոշակի պատասխան մենք չենք ստանում»։ Դավիթ Հովհաննեսը նշել էր, թե պատգամավորները պատասխանելու բան չեն ունենում նաեւ նախագահի անակնկալ մեկնումի վերաբերյալ հարցերին։ Իսկ այժմ այն հարցերը, որոնց մասին լուրերը հասել էին նաեւ մեզ։ «Հանրապետության ներսում շրջում է օտար երկրի մի քաղաքացի, որն, ըստ էության, հեղաշրջման եւ հակապետական քարոզչություն է վարում։ Հայտնի չէ, թե այս մարդն ինչ նպատակներ է հետապնդում, ինչ ուժերի կողմից է խթանվում,- ուշադրություն հրավիրենք, որ ոչ այս, ոչ էլ հաջորդ օրինակի պարագայում Դավիթ Հովհաննեսը որեւէ մեկի անունը չէր նշել։- Մյուս հայտնի քաղաքական գործիչն անում է հայտարարություններ, որ անկախ նրանից, թե որքանով են հիմնավոր կամ ոչ, ուշադրության կարիք ունեն։ Բայց դրանք մնում են օդում առկախ։ Ընդ որում, նշվում են հոկտեմբերի 27-ին առնչվող բավական որոշակի մանրամասներ, երկրներ, դեսպանների անուններ են տրվում։ Եվ այդ ամենի մասին մենք տեղեկություններ ենք ստանում միայն մամուլից»։ Դավիթ Հովհաննեսը կարեւորել էր, որ այս ամենի վերաբերյալ նախագահը հանդես գա եւ բացատրություններ տա ժողովրդին, խորհրդարանին կամ գոնե «Միասնությանը»։ Եվ խմբակցությունն էլ իր տեսակետներն արտահայտի առկա իրավիճակի եւ հրատապ խնդիրների վերաբերյալ։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել