Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 25,2000 00:00

ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՌՈՄԱՆՏԻԿ ՉԷ Եվ դուրս է եկել նախաձեռնություններ հանդես բերելու տարիքից Աղասի Արշակյանն առաջին խորհրդարանում գլխավորում էր այն հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր Վանո Սիրադեղյանի վերաբերյալ Աշոտ Մանուչարյանի մեղադրանքները։ Արդյոք այժմ ցանկությունի ունի՞ ուսումնասիրել նույն գործչի մեղադրանքներն արդեն Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Պրն Արշակյանը նախ ճշտեց, թե Գերագույն խորհրդում իր գլխավորած հանձնաժողովը չէր կոչվում «Մանուչարյանի հայտարարություններն ուսումնասիրող»։ Հիշեցրեց, որ հայտարարություններով հանդես էր եկել նաեւ Վանո Սիրադեղյանը, եւ ԳԽ-ն կազմել էր «ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողով։ Չնայած դրա գործունեությունը կիսատ մնաց, այնուամենայնիվ, ըստ Աղասի Արշակյանի՝ «Մեր առաջ քաշած 56-57 հարցերից շուրջ կեսի պատասխանները մենք հասցրինք ստանալ։ Աշոտ Մանուչարյանի հայտարարությունների զգալի մասը հաստատվեց։ Մենք չհաստատված համարեցինք նրա միայն 4 հայտարարությունները, բայց հաստատվեցին 20-21-ը»։ Ըստ այդմ, ի տարբերություն շատերի, որոնք լուրջ չեն ընդունում Աշոտ Մանուչարյանին եւ քննության արժանի չեն համարում նրա հայտարարությունները՝ Աղասի Արշակյանն իր փորձառությամբ պիտի որ հակառա՞կ համոզումն ունենար։ Սակայն նա ասաց. «Ես ամեն ինչին հիմա անհամեմատ զգուշավոր եմ վերաբերվում, քան 6-10 տարի առաջ։ Այդ ժամանակ մեր բոլորի գործողությունների մեջ կար նաեւ մի քիչ ռոմանտիզմ։ Երեւի այս ընթացքում մենք ինչ-որ բաներ սովորեցինք»։ Այսուհանդերձ, ինչպե՞ս է գնահատում Աշոտ Մանուչարյանի վերջին բացահայտումները, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը Մեղրիի փոխանակման տարբերակին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի անհամաձայնության հետեւանք էր։ «Ես կիսում եմ Արամ Սարգսյանի դիրքորոշումները,- պատասխանեց պրն Արշակյանը։- Այն առումով, որ նման վարկածներն անշուշտ պիտի ուսումնասիրվեին եւ ուշադրության կենտրոնում լինեին»։ Իսկ մեր հարցին, թե արդյոք մտադի՞ր չէ այս անգամ էլ հանդես գալ նախաձեռնությամբ եւ հնարավորություն ընձեռել, որ Աշոտ Մանուչարյանն ապացուցի իր հայտարարությունները խորհրդարանական հանձնաժողովի առջեւ կամ գուցե լսումների ընթացքում, Աղասի Արշակյանը պատասխանեց. «Չէ, բոլորովին։ Ես նման նախաձեռնություններ հանդես բերելու տարիքից դուրս եմ եկել արդեն։ Ես կհետեւեմ գործողությունների զարգացմանը։ Ինքս էլ այդ ամենի վերաբերյալ իմ պատկերացումներն ու վերլուծություններն ունեմ։ Պարզապես հիմա չարժե դրանց մասին խոսել՝ ավելորդ անգամ կիսատ մնացած ու մինչեւ վերջ չարված նախաքննության եւ դրա հետեւանքների վրա ազդեցություն կամ ներգործություն չունենալու պատճառով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ.- Ինչպես բորոտից՝ երեկ Աշոտ Մանուչարյանից ձերբազատվել փորձեցին նաեւ կոմունիստները։ Նորիկ Պետրոսյանը հրապարակեց Հայկոմկուսի կենտկոմի բյուրոյի հայտարարությունը, ըստ որի՝ այդ առանձին լրատվամիջոցներ են վերջին ժամանակներս «չգիտես ինչու եւ ինչ նպատակով» պնդում, թե կոմունիստներն աջակցում են Աշոտ Մանուչարյանին ու նաեւ Արկադի Վարդանյանին. «Հայտարարում ենք, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը երբեւէ, որեւէ առնչություն չի ունեցել հիշյալ անձանց հետ»։ Ա՛յ-ա՛յ-ա՛յ, ընկեր կոմունիստներ, իսկ ո՞ւմ գաղափարի իրականացման շնորհիվ տարեսկզբին տեղեր ստացաք գործադիր իշխանությունում եւ այն միանգամից դարձավ «ազգային համաձայնության կառավարություն»։ Մի՞թե հանրահայտ չէ, որ հենց Աշոտ Մանուչարյանն էր իրեն, ըստ էության, չարդարացրած այդ նախաձեռնության հեղինակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել