Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 25,2000 00:00

ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ Օրերս լրանում է մեր երկրի վերջին շրջանի պատմության թերեւս ամենամութ օրվա՝ հոկտեմբերի 27-ի մեկ տարին։ Այդ կապակցությամբ «Սոցիալիստական Հայաստան» միավորումը հայտարարում է. Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ուղղված էր ոչ թե առանձին մարդկանց կամ կազմակերպությունների դեմ, այլ հեռու գնացող նպատակներ հետապնդող, լավ կազմակերպված համակարգային հարված էր, հասցված հայոց պետականությանը։ Ցավոք, քննությունը գնաց այն ուղղությամբ, թե իբր հանցագործությունը կատարողների ետեւում այլ կազմակերպիչներ եւ ուժեր չկան։ Այս իմաստով անթույլատրելի ենք համարում Նաիրի Հունանյանին եւ նրա խմբի անդամներին որպես ազնիվ, բայց մոլորված հայրենասեր երիտասարդներ, այսպես ասած, «ժողովրդական վրիժառուներ» որոշ քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների կողմից ներկայացնելու փորձերը։ Այդ ամենը մենք գնահատում ենք որպես սպանության զոհերի, եւ առաջին հերթին Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի պայծառ հիշատակը վարկաբեկելու փորձ։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրական պատվիրատուների եւ կազմակերպիչների (իսկ մենք համոզված ենք, որ դրանք իրոք գոյություն ունեն) բացահայտումը հանդիսանում է այսօր մեր երկրի եւ ազգի կարեւորագույն խնդիրը։ Մենք համոզված ենք, որ միայն այս գործի մանրակրկիտ եւ արդարացի քննությունը կարող է նպաստել ժողովրդի եւ իշխանությունների միջեւ առաջացած օտարման վտանգավոր գործընթացի կասեցմանը։ Այս ոճրագործության կազմակերպիչների եւ նրանց հետեւում կանգնած մութ ուժերի բացահայտումը մենք համարում ենք հայկական պետականության գոյատեւման եւ զարգացման անհրաժեշտ պայմանը։ Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում արժանահիշատակ զոհերի հարազատներին ու մտերիմներին եւ հավաստիացնում նրանց, որ որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն, «Սոցիալիստական Հայաստան» միավորումը կանի իրենից կախված ամեն ինչ այս ողբերգական ու կնճռոտ հարցի արդարացի հանգուցալուծմանը նպաստելու համար։ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ՀԵՏՈ Երբ Պարույր Հայրիկյանին տեղեկացրինք «Առավոտի» հոկտեմբերի 24-ի համարի «Հրապարակավ ներողություն են պահանջում» հրապարակման մասին, պրն Հայրիկյանը իմիջիայլոց նետեց. թող ցույցեր անեն եւ Ռոբերտ Քոչարյանից պահանջեն իմ հրաժարականը (տեսնես հրաժարականից հետո ո՞նց պիտի ապրեմ)։ Ի դեպ, Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահի աշխատանքը հասարակական է (ասել է թե, աշխատանքի դիմաց պրն Հայրիկյանը վարձատրություն չի ստանում)։ Ինչ վերաբերում է Հայրիկյանի հայտարարությամբ «հուզված» այրերին, ապա նշենք, որ նոր բան չի ասվել. այսօր ամեն մարդ գիտե, թե ով՝ ով է, եւ յուրաքանչյուրն ինչ դերակատարում է ունեցել պատմության մեջ (այլ բան է, որ արտահայտվել չեն համարձակվում)։ Իսկ իրենց հուզող հարցերի պատասխանները Հայրիկյանը հիմնովին կմատուցի հոկտեմբերի 27-ից հետո։ ԱԻՄ քարտուղարություն Հիշեցնենք, որ «հուզված այրերը» «Առավոտի» երեկվա համարում արձագանքել են Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, որ Կարեն Դեմիրճյանը «ծախվել էր» Վազգեն Սարգսյանին։ ՎԱՆՈՆ ՈՒ ՍԱԴՈՅԱՆԸ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ բուռն քննարկումներից հետո որոշել է անհարգելի համարել Վանո Սիրադեղյանի բացակայությունները։ Նրա պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծ է ներկայացվելու խորհրդարանի քննարկմանը, որի ընթացքում որպես հիմնական զեկուցող հանդես է գալու կոմունիստ Ֆրունզե Խառատյանը։ Ըստ Վիկտոր Դալլաքյանի, հանձնաժողովի որոշմամբ՝ այսօր գրավոր հարց է ուղղվելու կառավարությանը, որ պարզաբանվի, թե ի՞նչ պայմաններում եւ (որ առավել հետաքրքիր է) ի՞նչ պատճառներով է անհետացել Վանո Սիրադեղյանը։ Ի դեպ, Արշակ Սադոյանն այս որոշումների քվեարկությանը չի մասնակցել։ «Ես դա համարում եմ միանգամայն հասկանալի, քանի որ համանման իրավիճակում հայտնվել էր նաեւ ինքը»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը։ Զուգահեռի համար հիմք էր համարում փախուստի դիմելն ու օրենքներից խուսափելը։ Սակայն տարբերություն էր նկատում, թե Արշակ Սադոյանը ստիպված էր դիմել այդ քայլին, քանի որ հետապնդվում էր իշխանությունների կողմից։ Նշենք, որ նախորդ խորհրդարանում որեւէ մեկը (ու նաեւ Վիկտոր Դալլաքյանը) տվյալ գնահատականը չէր տվել ընդհատակում Սադոյանի անցկացրած տարուց ավելի ժամանակահատվածին։ Որեւէ մեկն այն ժամանակ չէր վիճարկում, թե նա մեղադրվում էր որոշակի քրեական հանցագործությունների մեջ։ Եվ չի կարելի լիովին բացառել այն հավանականությունը, թե տարիներ անց որոշ պատգամավորներ էլ հանկարծ կհայտնագործեն, թե Վանո Սիրադեղյանն էլ էր ուղղակի հետապնդվում իշխանությունների կողմից։ Ա. Ի. ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ Ավարտվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ժողովը։ Չորս օր տեւած ժողովի ընթացքում ՀՅԴ անդամները քննարկեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի սոցիալ-տնտեսական պայմանները եւ բազմաթիվ այլ հարցեր։ Գերագույն ժողովը երկու հայտարարություն ընդունեց։ Հայտարարություններից մեկը վերաբերում է երկրի ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին, մյուսը՝ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից օրակարգից հանված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին։ Ժողովը ընտրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նոր կազմ։ Վաղարշակ Սարգսյանը եւ Միքայել Մանուկյանը Գերագույն մարմնի նորաթուխ անդամներ դարձան։ ԳՄ-ի ներկայացուցիչ վերընտրվեց Արմեն Ռուստամյանը։ ԳՄ-ի մյուս անդամները եւս վերընտրվեցին՝ Դավիթ Լոքյան, Հրաչ Թադեւոսյան, Արտաշես Շահբազյան, Գագիկ Գեւորգյան, Գեղամ Մանուկյան եւ Էդուարդ Ղազարյան։ Վերջին անվան մեջ քաղաքական սենսացիա փնտրել հարկավոր չէ։ Սա ձեր իմացած կրթության նախարարը չէ, «ասիկա ուրիշ Է. Ղազարյան է»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել