Հարցազրույց Նունե Եսայանի հետ
«Հայ երգը, հատկապես ժողովրդականը, շատացնում է Աստծո տված գեղեցիկը։ Ձգտում եմ, որ իմ ունկնդիրը հասկանա ու սիրի իսկական հայ երգն ու երաժշտությունը. շատ պարզ մի ցանկություն, որի իրագործմանը, սակայն, պետք է նվիրես բոլոր ուժերդ։ Մենք՝ արվեստագետներս, պետք է զգույշ ու գեղեցիկ, պարզ ու զուլալ մատուցենք հայ երգը եւ թող անհամեստ չհնչի՝ մենք շատացնում ենք կյանքի գեղեցիկը»։
– Մեծ ցավ է գիտակցել, որ 21-րդ դարի շեմին ազատ, անկախ Հայաստանում երգարվեստը մղվել է երկրորդական … պլան։ Դուք համամի՞տ եք։
– Այո, այսօր չորը թացի հետ խառնվել է։ Կարծում եմ, սա ժամանակավոր է։ Եվ ինչքան շատ լինեն բարձրարվեստ կատարումները, այնքան ցածրորակ երաժշտությունը, հավատացած եմ, ինքն իրեն կհեռանա։
Կարդացեք նաև
– Ձեզ կնքեցին «Հայ երգի դեսպան»։ Ընդունո՞ւմ եք այս արտահայտությունը։
– Իհարկե, շնորհակալ եմ իմ ունկնդրից։ Կարծում եմ, առաջին հայացքից այստեղ քաղաքական երանգ կա։ Սակայն ես հաճախ հնչեցնում եմ հայ երգը արտերկրում եւ այդ արտահայտությանը նորմալ եմ նայում։
– Ձեր թույլտվությամբ անցնենք «ասում են, թե…»-երին։ Ասում են, թե… Ձեր հովանավորը «Լեւոն Թըրեվլն» է։ Ինչ կապ կա վերջինիս տնօրեն Կարպիս Թիթիզյանի եւ Ձեր միջեւ։
– Իմ գլխավոր հովանավորը՝ «Լեւոն Թըրեվլն» է, իսկ տնօրենի եւ իմ միջեւ…
– Լավ, լռությունը համարենք համաձայնության նշա՞ն, թե՞…
– Թե։
– Ձեր ամուսինը պարսկահայ էր…
– Ամուսինս տեղացի էր։ Ամուսնացած եղել եմ մեկ անգամ։
– Ամուսնալուծության պատճառը։
– Մինչ ամուսնանալը թողեցի բեմը, հասկանալի պատճառով… հետո չգնահատվեց, փոխարենը՝ ծեծ ու ջարդ։
– Ունեք բնարականներ Երեւանում, Լոս-Անջելեսում, Սիրիայում…
– Ապրում եմ Ջրվեժում, ծնողներիս հարեւանությամբ։ Արտերկրում ոչ մի բնակարան չունեմ, ամառանոց՝ նույնպես։ Բնակարանը եւ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաս գնել եմ իմ միջոցներով։
– Ի՞նչ արժե Ձեր մեկ բեմելը։
– Իհարկե, ставка ունեմ, սակայն մեզ մոտ, այս պայմաններին հարմարվում եմ։ Հայաստանում իմ ելույթներից ոչ մի դրամ չեմ վերցնում։ Գումարը փոխանցում եմ ծերանոցներին, մանկատներին, «Հայաստան» հիմնադրամին…
– Իսկ ի՞նչ միջոցներով եք գնել բնակարան, ավտոմեքենա։
– Ձայներիզների, CD-ների վաճառքից, բայց պետք է ասեմ՝ «պիրատներն» իրենց գործն անում են…
– Ո՞վ է Ձեր պրոդյուսերը, մենեջերը։
– Ես ինքս։
– Հաճախ հրավիրվում եք արտերկիր, մասնավորապես՝ Ամերիկա։ Ո՞րն է Ձեր հաջողության, գաղտնիքն ասեմ, թե՝ պատճառը…
– Կարծում եմ՝ իմ երգելաոճը։
– Արտերկրում հրավիրվո՞ւմ եք պարահանդեսների, այնտեղ լավ են վարձատրում։
– Միանգամից ասեմ՝ պարահանդեսներ չեմ սիրում։ Եթե անգամ եղել եմ՝ շատ քիչ, այն էլ՝ բարեգործական։ Այո, մի զարմացեք, այնտեղ էլ նման համերգների պետք կա, հենց մեր հայրենակիցների համար։
– Ո՞ր պաշտոնյայի հետ ունեք ջերմ ընկերական, բարեկամական կապեր։
– Չեմ ասի։
– Ունե՞ք մտերիմ ընկեր, ընկերուհիներ…
– Իհարկե, այո։ Առանց նրանց ես ինձ չեմ պատկերացնում։ Սիրում եմ իմ մտերիմներին։ Կարծում եմ անուն-ազգանուններ թվարկելու հարկ չկա։
– Ձեր մասին Ձեր ականջին հասած ամենամեծ ասեկոսեն, ասել է թե՝ սուտը։
– Իբր ես երեք տարբեր ամուսիններից ունեմ երեք երեխա։
– Արվեստում Ձեզ համարո՞ւմ եք հաղթանակած։
– Եթե չեմ սխալվում, Վահրամ Փափազյանն է ասել. «Հաղթանակների հաղթանակը ինքն իրեն հաղթելն է»։ Դատեք ինքներդ, դժվար չէ։
– Կարդո՞ւմ եք «Առավոտ»։
– Թերթում եմ «Առավոտ» եւ իմ առավոտը սկսվում է (երկար եմ քնում, եթե կրպակներում օրվա երկրորդ կեսին մնում է «Առավոտը») «Առավոտով»։
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ