Հունիսի 22-ին ՀՀ նախագահը վավերացրել է բուհերի լիցենզավորման եւ հավատարմագրման կարգը։ Առայսօր նոր կարգով լիցենզիա է ստացել 17 բուհ։
Սակայն հանրապետությունում պաշտոնապես գրանցված 78 բուհերի առջեւ ծառացած են մի շարք հիմնախնդիրներ, որոնք իրենց լուծումը կգտնեն (կամ այդպես էլ չեն գտնի) լիցենզավորման նոր կարգով։ Այդ հիմնախնդիրները վեր հանելու, դրանց լուծման ուղիները գտնելու եւ պարզապես՝ ոչ պետական բուհերի ղեկավարներին լիցենզավորման եւ հավատարմագրման նոր կարգին ծանոթացնելու նպատակով Կրթական բարեփոխումների կենտրոնում հրավիրվել էր սեմինար-խորհրդակցություն։
Ներկայացնելով արդեն հաստատված կարգը, Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանը նկատեց, որ այդ փաստաթուղթը գուցե թե շատ կատարյալ չէ, եւ նրանում ամբողջությամբ չեն ներկայացվում իրենց սպասելիքները, բայց. «Սա գործընթաց է՝ որ կետը չաշխատի, չգործի, կփորձենք փոխել»։
Որպես բարեփոխում Ռ. Գաբրիելյանը տեսնում էր լիցենզիաների ժամկետ չունենալը։ Սակայն, ինչպես նա որակեց. «Դա չի նշանակում, որ դրանք տրվելու են ցմահ»։ Գոյություն ունի լիցենզիայից զրկելու 2 մեխանիզմ։ Լիցենզիան կասեցնում են որոշակի թերությունների հայտնաբերման դեպքում (թերությունը վերացնելու դեպքում լիցենզիան վերականգնվում է, հակառակ դեպքում՝ համարվում ուժը կորցրած)։ Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելը ավելի խիստ եւ չվերականգնվող պատիժ է։
Կարդացեք նաև
Այսօրվա դրությամբ կա բուհի լիցենզիայի կասեցման մեկ դեպք, եւ մի քանի լուծարվող բուհեր։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաեւ բուհերի վերակազմավորման հնարավորությունները։ Ըստ ծառայության պետի տեղակալ Արամազդ Մամյանի, կա վերակազմավորման 4 հնարավորություն. միավորում, միաձուլում, իրավաբանական անձանց միություն եւ իրավաբանական անձանց միացում։
Ըստ պրն Գաբրիելյանի, բուհերի վերակազմավորումը (միավորումը) աշխարհում ընդունված տարբերակ է եւ մեզ համար եւս ընդունելի ձեւ է։ Միավորմամբ նրանց զարգացումը ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ գիտատեխնիկական մակարդակով ավելի հավանական է դառնում։ Գաբրիելյանը կարծում էր, որ լիցենզավորման գործընթացում բուհերի քանակը 20-25-ով կնվազի։ Իսկ հավատարմագրման շանսեր ունեն առայժմ 10-15-ը։
Ամենաուշագրավն այն էր, որ ի տարբերություն ձեւավորված հասարակական կարծիքի, Ռ. Գաբրիելյանը գտնում էր, թե բուհերի ոչ պետական սեկտորն արդեն կայացած է եւ մրցունակ է պետականի հետ։ «Հայբուսակի» ռեկտոր Անահիտ Հարությունյանը այնպես ներկայացրեց Ադրբեջանի օրինակը (Ալիեւի հրամանով 20 բուհ, չավարտած ատեստացիայի փուլը, հավատարմագրվել են), որ թվում էր, ավելի նախանձելի բան չկա Ադրբեջանում՝ ի՜նչ նավթ, ի՜նչ բան։ Շատ ավելի հուզիչ էր Լիտվայի օրինակը. «Այնտեղ ոչ մի տարբերություն չկա պետական եւ մասնավոր բուհերի միջեւ։ Ճիշտ է, ունեն միայն մեկ ոչ պետական բուհ…»։
Սեմինարում առանձնացվեցին բժշկական բուհերի եւ բժշկական ֆակուլտետների խնդիրները։ Առանձնացման հիմքեր կային. պարտադիր հավատարմագրման են ենթակա բոլոր պետական եւ, մասնավոր սեկտորից՝ միայն բժշկական ֆակուլտետները կամ բժշկական կրթություն իրականացնող բուհերը։ Զեկուցողը՝ Մ. Աստաբատյանը եւ Անահիտ Հարությունյանը պնդում էին, որ աշխարհի եւ ոչ մի երկրում չկա նման խտրականություն։
Ըստ պրն Աստաբատյանի, անընդհատ լսում էին ամբոխավարական եւ դեկլարատիվ ինչ-որ կոչեր. «Մենք անորակ բժիշկների կարիք չունենք, հասարակությունը չի ընդունի»։ Սակայն նա պնդում էր, որ նույն տրամաբանությամբ մենք իրավունք չունենք անորակ շինարար, ուսուցիչ, ճարտարապետ դաստիարակելու։ Ավելի խիստ էր նրա հաջորդ դատողությունը. «Այս տարվա պետական քննություններին մասնակցեցի՝ երկու բժշկական բուհի։ Հայկական բժշկական ինստիտուտի եւ ավանդական բժշկական ինստիտուտի։ Հանձնաժողովի կազմում հիմնականում Երեւանի պետական բժշկական համալսարանի մասնագետներն էին։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ նրանց շնորհիվ այդ քննությունները վերածվեցին ինսպեկցիայի։ Այնուամենայնիվ, արդյունքները բավականին հաջող էին»։ Նա խոր հակասություն էր տեսնում սեփականաշնորհվող պոլիկլինիկաների, հիվանդանոցների եւ բժշկական կրթության մենաշնորհային վիճակի միջեւ:
Եվս մի հիմնախնդիր է կլինիկական օրդինատուրան, որն ունենալու մենաշնորհը ԵԲՀ-ինն է. «Ոչ պետական բուհերը չեն կարող լիարժեք ուսումնական պրոցես կազմակերպել։ Ճիշտ կլինի, որ մենք կարողանանք ուսանողներին տալ հետդիպլոմային ուսուցումը»։ Հիմնախնդիրները թվարկվում էին ու թվարկվում, սակայն դրանց լուծման ճանապարհները դեռեւս շատ մշուշոտ են։
Մ. ԲԵՔԱՐՅԱՆ