Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՉԵՆ «ԱԶԱՏԱԳՐՎՈՒՄ»

Հոկտեմբեր 24,2000 00:00
toto

Մեր քաղաքացիներին իզուր չեն բաժանում «դատաքննության երկարամյա կուրսը լավագույնս շարունակելու համար» սերտիֆիկատներ, ինչպես դա լինում է, օրինակ, տնտեսական, բանկային, հաշվապահական, էկոլոգիական, լեզուների եւ չգիտեմ թե էլ ինչ կուրսերի ընդամենը 1-2 ամիս ներկա գտնվելու համար։

ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ «պրակտիկայի» մեջ են 5-6-7-8 եւ ավելի տարիներ։ Եվ կարծես դրանց ավարտը չի երեւում։ Նրանք իրավական այդ նոր կացութաձեւում են հայտնվում ոչ իրենց մեղքով եւ սակայն, չգիտես ինչու, չեն շրջանցում պատասխանատվության ուրիշի բաժինը։ Նրանք կրում են նյութական-բարոյական վնասներ։

Հանրապետության նրբանցքի 8ա տան սեփականատեր Վարյա Սաֆարյանը դատարաններում տարիներ շարունակ վիճարկում է իր հողամասում «ծաղկած» երեք ապօրինի կրպակների հանել-չհանելու հարցը։ Ընդ որում, դա իր հողամասն է, եւ նա այդտեղ կրպակներ բացելու սեփական նախաձեռնություն հաստատ չի ցույց տվել, չի համաձայնել (չեն էլ հարցրել)։ Որպես սեփականատեր, կրպակատերերը «լայեղ» չեն էլ արել ստանալ նրանից թույլտվություն, իսկ թաղապետարանն էլ իրեն պահել է դիտորդի պես։ Ավելին, սսկվել-մնացել է, թե «Ձեր խնդրանքին հնարավոր է անդրադառնալ միայն նոր վճռի կայացումից հետո»։ Իսկ Վ. Սաֆարյանի խնդրանքն այն էր, որ թույլատրվի իր սեփական հողամասը ցանկապատել, քանի որ «իմ սեփական հողամասը կրպակների առկայությամբ վերածվել է աղբանոցի», դատարանում պնդել էր քաղաքացին։ Արի ու տես (երբ վեճը հասել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան), հողամասն ապօրինի «տիրապետողներից» մեկը՝ կրպակատեր Ս. Մարտիրոսյանը չի համարում, թե վերոնշյալ տարածքը գրավյալ է, որ տերուտիրական ունի (համենայնդեպս, առկա է սեփականության վկայականը) եւ գտնում էր, թե «թաղապետարանի սեփականություն հանդիսացող հողատարածքից» են փորձում իրենց վտարել։

Խոսքն, իհարկե, հայցվոր-սեփականատիրոջ օրինական պահանջի մասին էր եւ ոչ թաղապետարանի, որը ոչ ոքի չի էլ լիազորել «ազատագրել» իր տարածքները։ Թաղապետարանը, որը եթե 0,1 սմ տարածք ունենար հիշատակելի տարածքում (հայտնի Ֆիրդուսնոց), հաստատապես այդ տարածքի ետբերման համար դատական կարգով կվիճարկեր, ինչը չի արվել մինչեւ օրս (նաեւ այն ժամանակ, երբ իրեն որպես 3-րդ անձ փորձեցին ներգրավել դատաքննությանը)։ Նա չէր սպասի (ինչպես քաղաքապետ Ա. Բազեյանին ուղղված 14.08.2000թ. 23/35-Ս-265 գրությունից է երեւում), թե «հայտնում ենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում քննվում է երեք կրպակների կարգավիճակի հարցը, ուստի խնդրին կարող եք անդրադառնալ հարցին դատական կարգով լուծում տալուց հետո միայն» կամ «նոր վճռից» հետո… Դրան, իհարկե, հետեւել էր քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մարգարյանի (31.08.2000թ.)՝ քաղաքապետին ուղարկվածը. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ կրպակները տեղադրված են ապօրինի եւ իրենց շուրջ ստեղծել են հակասանիտարական վիճակ, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը համապատասխան ծառայություններին՝ ապամոնտաժելու նշված երեք կրպակները»։

Ուշագրավն ինչ է. վարչության պետը ֆիքսում է կրպակների ապօրինի լինելը, զեկուցում է այդ մասին քաղաքապետ Ա. Բազեյանին, ապամոնտաժման հարց բարձրացնում, իսկ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատին վճռաբեկ բողոք բերած հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան Վարդան Սաֆարյանը (սեփականության վկայականում չափերի «թույլ տված» անճշտությունները վերացնելու պահանջով էր դիմել) «կսկիծով» գրում է. «դատարանը թաղապետարանին գործի մասնակից չդարձնելով, վերջինիս իրավունքների եւ պարտականությունների հարց է լուծել, որով խախտվել են դատաիրավական իրավունքի նորմերը»։ Կարծում եմ, որ թաղապետարանն է աչք փակել սեփականատիրոջ հողամասում ծլած կրպակների վրա, մոռացել իր հիմնական պարտականությունը՝ ապահովել սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Եվ մի «տեխնիկական» նրբություն էլ. թաղապետարանն ունի բավարար իրավաբանական ծառայություն, որը դժվար թե ներեր քաղաքացուն իր «գործին» խփելու համար…

Մի առարկություն էլ գտնվեց Վարյա Սաֆարյանի համար, իբր վիճելի տարածքը եղել է լուծարված թիվ 3 մանկապարտեզի տարածքը (կենդանի ապացույցը, թերեւս, մանկապարտեզից մնացած միակ պատն է), որն էլ մինչեւ 1998թ. հանձնվել է թաղապետարանին, համաձայն ՀՀ կառավարության 13.03.97թ. թիվ 42 որոշման։ Սակայն մանկապարտեզը գոյություն չունի 1989-ից, իսկ նույն որոշման 3-րդ կետի ա ենթակետի համաձայն, թաղապետարանի իրավունքը դադարել է Վ. Սաֆարյանի կողմից սեփականաշնորհված վիճելի տարածքի նկատմամբ։ Իսկ ընդհանրապես, տունը գնվել է 1967թ., Հասանով Ռզա Նազիդ Օղլուց՝ նոտարական կարգով վավերացված պայմանագրով։ Ապարանք կառուցելուց տեսնես այսքան թուղթ ծամելու ցանկություն ունենո՞ւմ են։ Քիչ է մնում, թե Վ. Սաֆարյանի ցանկապատի համար Խորենացու «Հայոց պատմությունն» էլ պահանջեն:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031