Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր է քաղաքապետարանի վիճակը

Հոկտեմբեր 24,2000 00:00
Albert Bazeyan

1990թ. հոկտեմբերի 28-ին ընտրությունների արդյունքում ձեւավորվեց եւ 1991-ին իր առաջին նիստը գումարեց Երեւանի քաղաքային խորհուրդը։

Հոկտեմբերի 21-ին ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում քաղխորհրդի տասնամյակն էին եկել նշելու Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, թաղային համայնքի ղեկավարներ։ Քաղաքապետ Ա. Բազեյանը իր խոսքում նշեց. «Քաղաքապետարանը պատրաստ է աջակցելու քաղաքի նախկին եւ ներկա իշխանությանը։ Քանի որ կառավարման համակարգը կատարյալ չէ եւ այն անընդհատ փոփոխության է ենթարկվում, լավ առաջարկներն ու նախաձեռնությունները մենք չենք մերժի»։ Ալբերտ Բազեյանը վրդովմունքով նշեց. «Բոլորդ ասում եք, թե տեսեք՝ Մոսկվայի քաղաքապետարանը ինչեր է անում։ Մոսկվայում առաջացած եկամուտները կենտրոնանում են Մոսկվայի քաղաքապետարանում եւ քաղաքի հետ կապված ցանկացած նախաձեռնումը՝ կարող է իրականացնել հենց քաղաքապետարանը՝ տնօրինելով բոլոր ծախսերը։ Մեր քաղաքապետարանը չունի ընտրովի մարմին, ո՛չ բնակֆոնդ, ո՛չ էլ բյուջե»։

Նա նշեց նաեւ, որ քաղաքապետարանը չի հանդիսանում նախկին Երքաղխորհրդի գործկոմի իրավահաջորդը, բայց կրում է նրա պատասխանատվությունը։ Բնակարանների եւ բնակտարածքների բաշխման իրավասությունը թաղային համայնքինն է։ «Եթե պետբյուջեում նախատեսված չէ Երեւան քաղաքին որեւէ լումա, ապա մենք չենք կարող պատվիրել կապալառուներին, որ ձրի բնակարաններ կառուցեն»։ Այս խոսքից հետո Ա. Բազեյանը ավելացրեց, որ բնակիչները բողոքում են, թե ինչու չեն աշխատում շատրվանները, ցայտաղբյուրները, փողոցի լույսերը, բայց այս հարցերը իրենք չեն կարող լուծել, քանի որ տարիների ընթացքում պարտքեր են կուտակվել, իսկ պետբյուջեն ոչ մի գումար չի հատկացնում, ի կարող փակել գոյացած պարտքը։ Որպես օրինակ պրն Բազեյանը բերեց այն, որ անցյալ տարի Երեւանի փողոցների ասֆալտապատման, բարեկարգման համար նախատեսված է եղել 800 մլն դրամ, որից 400 մլն դրամը ծախսվել է ասֆալտապատման, բարեկարգման վրա, բայց «…օգոստոսին բյուջեի փոփոխությունների ընթացքում մնացած 400 մլն դրամը կրճատվել է եւ այդ գումարը մենք պարտք ենք մնացել շինարարներին»։ Իսկ այս տարի սեփականաշնորհվող միջոցներից առաջացած գումարները հատկացվել են Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի ավարտին հասցնեն երկու շենքերի շինարարությունը, որը պետք է ավարտվեր դեռ նախորդ տարի։

Ըստ Ա. Բազեյանի, քաղաքապետարանը պետք է ունենա ընտրովի մարմին, հանդիսանա սեփականության սուբյեկտ եւ ունենա առանձին բյուջե։ Պրն Բազեյանի կարծիքով. «Երեւանի կառավարումը կկարգավորվի առանձին օրենքով, նոր Երեւանը պետք է զարգացնել որպես մեկ միասնական մարմին»։ Ըստ Ա. Բազեյանի, քաղաքը զարգանում է անհավասարաչափ, որը կախված է համայնքի հնարավորություններից ու ծավալած գործողություններից։ Քաղաքապետարանին պարզապես անհրաժեշտ է ընտրովի մարմին, որը կտնօրինի սեփականությունը, բյուջեն եւ կպլանավորի ծախսումները։ Խոսք գնաց նաեւ բենզալցման կայանների մասին։ Քաղաքապետի առաջիկա որոշմամբ կասեցվելու են բոլոր տեսակի հողհատկացումները (բենզալցման կայաններ, սրճարաններ, ավտոտնակներ)։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031