Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՋՐԱԶՐԿՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 24,2000 00:00
erasht

Այս տարվա երաշտը բոլորին մեծ վիշտ է պատճառել։ Սակայն այն միակը չի լինելու։ Գիտական կանխատեսումները ցույց են տալիս, որ այդ երեւույթը օրինաչափ զարգանալու է։

ՀՀ տարածքը գտնվում է մերձարեւադարձային գոտու չորային սեկտորում, որտեղ մինչեւ 2000- 2300 մ բարձրությունների գոտում խոնավացման գործակիցը 1,0-ից պակաս է, ցածր մասերում էլ՝ 0,2-0,3 է եւ կայուն բերք ապահովել կարելի է միայն արհեստական ոռոգման միջոցով։ Մինչեւ վերջին ժամանակներս հանրապետությունում ոռոգվում էր շուրջ 300000 հեկտար, որի կեսը՝ Արարատյան գոգավորությունում։ Ներկայումս անապատացման երեւույթի ինտենսիվացման հետեւանքով նախկինում ոռոգվող որոշ տարածքներում ջուր չի հասնում եւ շատ տնկարկներ չորացել են։

Վերջերս աշխարհում այրում են շուրջ 15 մլրդ տ վառելիք, տարեցտարի այդ քանակն ավելանում է, որից մթնոլորտ են արտանետվում ածխաթթու եւ այլ գազեր, որոնց ջերմային ազդեցությունը մեր մոլորակի վրա բարձրացնում է մթնոլորտի ստորին շերտի ջերմաստիճանը։ Այդ երեւույթը իր ազդեցությունն է թողնում նաեւ ՀՀ տարածքի վրա։ Բնապահպանական նախարարության վերջերս (1999թ.) հրատարակած ժողովածուի տվյալներով, մթնոլորտի ստորին շերտի ջերմաստիճանը բարձրացել է եւ տեղումների քանակը պակասել։

Ջերմային էֆեկտի ինտենսիվացումը նորանոր աղետների գործոն է դառնում՝ հարաճուն զորեղանալու է, եւ մեր գյուղատնտեսությունը տարեցտարի տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստ է ունենալու։ Այդ աղետի դեմ ներկայումս նշվող միջոցառումները ունեն միայն մասնակի նշանակություն եւ ոչ ռացիոնալ բնույթ։ Արդեն անժխտելի փաստ է, որ մեր ջրային ռեսուրսները այլեւս չեն բավարարում ժողովրդական տնտեսության պահանջները, եւ հայացքն ուղղվում է դեպի Սեւանա լճի դարավոր պաշարները, որից էլ լճի մակարդակը իջնում է։

Մինչեւ վերջին տասնամյակները, ՀՀ ջրային հաշվեկշիռն այսպիսին էր՝ մթնոլորտային տեղումները (տարեկան) 18 մլրդ խմ, որի մեծ մասը գոլորշիանում էր, գետերի հոսքը (ջրի դինամիկ պաշարները ստորերկրյա հոսքի հետ միասին) միջին հաշվով 7 մլրդ խմ էր, ընդ որում, ջրասակավ տարիներին՝ 4,5-6 մլրդ խմ։ Վերջին երկու-երեք տասնամյակներում գետերի հոսքը պակասել է շուրջ 10%-ով (հատկապես Արաքսի ավազանում)։ Այդ նշանակում է, որ մեր դինամիկ պաշարները մեզ չեն բավարարելու, եւ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ հատկապես ոռոգման ասպարեզում։ Առայսօր հանրապետությունում ոռոգումը կատարվում է մակերեւութային եղանակով՝ ինչպես հազարավոր տարիներ առաջ։ Այդ մեթոդը իր դարն ապրել է, իրեն սպառել։ Դաշտին տրվող ջրի 90%-ից ավելին գոլորշիանում է, մի մասն էլ ներծծվում է խոր շերտեր ու կորչում։ Գիտությունը, կատարելագործելով ոռոգման մեխանիզմը, գտել է լավագույն մեթոդներ, որոնցից մեկը ստորգետնյա ոռոգումն է, որի դեպքում տասնապատիկ քիչ ջուր է անհրաժեշտ բույսերին խոնավությամբ ապահովելու եւ բարձր բերք ստանալու համար։ Այս մեթոդը լավագույն ձեւով այժմ օգտագործվում է Իսրայելում. տասնապատիկ քիչ ջրով նրանք զարգացրել են այգեգործությունը, բանջարաբուծությունը։ Օրինակ պետք է վերցնել նրանցից։

Ստորգետնյա ոռոգման համակարգ ստեղծելը, անշուշտ, կապված է խոշոր կապիտալ ներդրումների հետ։ Դաշտերում ու այգիներում պետք է փորվեն խրամատներ (վարվող շերտից խորը), տեղադրվեն անցքերով ոռոգիչ խողովակներ եւ այլ սարքեր) (ոչ մետաղյա), որոնց անցքերից ջուրը կթափանցի հողի մեջ, կհասնի բույսերի արմատներին եւ կսնի։ Նման պարագայում հողի մակերեւույթը չոր է մնում, գոլորշիացումը՝ տասնապատիկ թույլ։

Ստորգետնյա ոռոգմանը պետք է անցնել փուլ առ փուլ, պետք է ստեղծել ցեմենտի գործարանների հարեւանությամբ հատուկ գործարաններ, որոնք կարտադրեն ոռոգիչ սարքեր եւ աստիճանաբար հանրապետությունում արմատավորել ոռոգման այդ եղանակը։

Մասնավոր սեփականության պայմաններում ստորգետնյա ոռոգման գործը ձեռնտու կլինի գյուղացիներին՝ տնամերձ հողամասերում այն անցկացնելու, քանի որ տասնապատիկ կպակասի ջրի վարձը, քանզի շատ քիչ ջուր կծախսվի։ Աստիճանաբար, տարիների կամ նույնիսկ տասնյակ տարիների ընթացքում պետք է ընդլայնել այդ մեթոդի կիրառումը եւ խնայված ջրի միջոցով ընդլայնել ոռոգվող տարածությունները մինչեւ 450 հազար հեկտար։

Պարզվել է, որ մենք ունենք քաղցրահամ ջրի մեծ պաշարներ, որոնք հանրապետության տարածքից հեռանում են՝ անփութության պատճառով։ Դրանք ձնհալքի ջրերն են։ Լեռնային բարձր մասերում ձմռանը ձյան շերտը հասնում է 1-2 մետրի, գարնանը արագ հալվելով՝ մանր գետերի միջոցով հեռանում է, իսկ երբ ամռանը շատ ջուր է պետք, գետերը սնվում են միայն ստորերկրյա ջրերով, որոնց ծախսը փոքր է։ Տարիներ առաջ խնդիր էր դրված փոքր գետերի վրա վերին հոսանքներում ջրամբարներ կառուցել՝ ձնհալի ջրերը ամբարելու նպատակով։ Այդպես էլ այդ գաղափարը չիրագործվեց։ Այժմ, երբ ջրի խնդիրը խիստ սրվել է, պետք է մանր գետերի վերին հոսանքներում ջրամբարներ կառուցել։ Նման ջրամբարների կառուցումը շատ մեծ պրոբլեմ չէ, կարելի է տարեկան մեկ-երկու այդպիսի ջրամբար կառուցել եւ ավելացնել մեր ջրերի դինամիկ պաշարները։

Հ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԵՊՀ պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031