Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆՎԱԾԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ

Հոկտեմբեր 24,2000 00:00
pomp

Երեւանի «Պոմպերի գործարանի» ԲԲԸ-ն սեփականաշնորհվել է դեռեւս 1995-ին։ Հասկանալի է՝ պարտքերի պակաս գործարանը չունի։

Սակայն ունի նաեւ աշխատելու հնարավորություն, ցանկություն, իսկ նրա արտադրանքը, գործադիր տնօրեն Հ. Աբրահամյանի ասելով, պահանջարկ է վայելում ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում եւ Ռուսաստանում։ Բայց նախորդ տարիների պարտքերը գործարանի ոտքն ու ձեռքը կապել են։

Մի փոքր մանրամասն. «Պոմպերի գործարան» ԲԲԸ-ի աշխատողները երեկ հանրահավաք էին կազմակերպել գործարանի տարածքում։ Բանվորները, երկուսուկես տարի է, աշխատավարձ չեն ստացել։ Գործարանի տնօրեն Հ. Աբրահամյանը այս մասին ասաց. «Գործարանը 1944-ին է ստեղծվել, 95-ին սեփականաշնորհվել է եւ դրա արդյունքում առաջացել է 500 միլիոն դրամի պարտք պետական հարկերի առումով։ Ինչի՞ց է առաջացել, դա չէ կարեւորը, էականն այն է, որ մենք այսօր կարող ենք աշխատել, բայց չենք կարողանում։ Բոլոր պայմանները ստեղծված են, ես արդեն վեց ամիս է այստեղ աշխատում եմ, որից երեք ամիսը տնօրեն եմ։ Երեք ամսից հետո, բնականաբար, օրենքը գործում է, օրենքի սահմաններում էլ համապատասխան նախարարությունները փորձեցին, որ մենք հարկերը վճարենք։ Այսօր ձեռնարկությունը վճարունակ չի։ Ժողովրդի դժգոհությունն այն է, որ 2,5 տարի աշխատավարձ չի ստացել։ Աշխատավարձի պարտքը մոտավորապես 90 միլիոն դրամ է։ Մարդիկ այսօր հավաքվել էին, պահանջելով հետեւյալը՝ թույլ տվեք աշխատենք, ժամանակի ընթացքում պարտքերի մարման ժամանակացույց թող կազմվի, որի հիման վրա պարտքերը կվճարենք»։

Գործարանի կոլեկտիվը նամակ է գրել նախագահին, վարչապետին (երեք անգամ)։ Պատասխանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար նախարար Անդրանիկ Մանուկյանը։ Պարոն Մանուկյանը գրություն է գրել ուղղված արդյունաբերության, պետեկամուտների նախարարությանը եւ կենսաթոշակային հիմնադրամին, որ միասին քննարկվի հարցը։ Գործարանը 350 աշխատող ունի, մոտ 600 փայատեր. «Շատ ընկերներ նայում են սեփականաշնորհման ձեւին, ասում են՝ սեփականաշնորհված է, գնացեք աշխատացրեք։ Բայց եթե մեկը չի կարողանում աշխատել, ինչո՞ւ պետք է նրա պատճառով ամբողջ կոլեկտիվը տուժի»,- հարցնում է գործադիր տնօրենը։ Տնօրենի ասելով, գործարանի վրա «կալանք է դրված, եւ ակտերն էլ ինձ ստորագրել են տվել, որ եթե հանկարծ գումար մտնի գործարան, ժողովրդին աշխատավարձ տրվի, ինձ էլ կկալանեն, հավանաբար։ Մենք որ եկանք՝ վեց ամիս առաջ, ձեռնարկությունն արդեն կալանքի տակ էր։ Երեք ամիս անց կալանքը կարողացանք հանել, բայց այնպիսի պայմաններով, որ գործարանի ամբողջ արտադրանքը տայինք պարտքերի դիմաց, չէր փակվի։ Հիմա էլ, մոտ 15 օր է, նորից կալանքի տակ է։ Մեր խնդրանքն այն է, որ թույլ տան աշխատենք»։

Սա՝ գործարանի տեսանկյունից։ Իսկ խնդիրն իրոք խիստ լուրջ է, սակայն արդեն տարիներ շարունակ լուծում չի ստանում։ Դեռեւս նախորդ խորհրդարանում մի խումբ պատգամավորներ (Ալբերտ Բազեյան, Սմբատ Այվազյան, Անդրանիկ Մանուկյան եւ ուրիշներ) օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկան հարկերի եւ տույժ-տուգանքների գծով որոշակի փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Առաջարկվում էր ձեռնարկություններին ներել տույժ-տուգանքները, թույլ տալ, որ ձեռնարկությունները աշխատեն, մյուս պարտքերը մարեն ժամանակի ընթացքում։ Օրենսդրական այս նախաձեռնությունը չորս անգամ ներկայացվեց եւ չորս անգամ էլ չմտավ օրակարգ։

«Պոմպերի գործարան» ԲԲԸ-ն 200 միլիոն է պարտք բյուջեին։ 2000թ. մայիսին դատարանը վճիռ էր կայացրել կալանք դնել գործարանի ունեցվածքի վրա։ Նույն ամսին, քանի որ գործարանի ղեկավարությունը խոստացել էր պարտքերը կամաց-կամաց մարել, կալանքը հանվել է։ Ըստ հավաստի աղբյուրների, այս տարվա սեպտեմբերին գործարանը 15 միլիոն դրամի եկամուտ է ցույց տվել, բայց բյուջե ոչ մի լումա չի մուծել։ Եվ այս պատճառով սեպտեմբերին կրկին դատարանի վճռով կալանք է դրվել գործարանի վրա։

Հարկային տեսչությունը գործարանում ստուգումներ է անցկացնում։ Ըստ ոմանց՝ այս ամբողջ աղմուկը բարձրացվել է կոնկրետ գումարներ թաքցնելու նպատակով։ Արդյունքում՝ տուժում է բանվոր դասակարգը։ Այս ամբողջ պատմության մեջ ճիշտն այն է, որ բանվորները իրոք 2,5 տարի աշխատանքի դիմաց չեն վարձատրվել։ Եվ սոցիալական լարվածությունը ոմանք փորձում են իրենց նպատակներին ծառայեցնել։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031