Վերջին ամիսներին այս դաշինքի վերաբերյալ ամենագործնական բառն «ապահարզանն» էր, չնայած ամուսնական կյանքից այլ տերմիններ էլ էին փոխառվում։ Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս կբնորոշվի այն, որ տեւական ընդմիջումից հետո «Միասնություն» խմբակցությունը երեկ վերջապես նիստ գումարեց։ Քննարկվել էին ԱԺ եռօրյա նիստերի օրակարգի հարցերը եւ, ըստ ամենայնի, միասնական դիրոքորոշում էր որդեգրվել օրինագծերի վերաբերյալ։ Համենայնդեպս, դա էր ակնարկում ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը, երբ մեր զրույցի ընթացքում ուշադրություն հրավիրեց, թե քվեարկությունների ընթացքում «մի հայացքից մեկը մյուսին հասկանում էր։ Խմբակցության նիստի ընթացքում երեւաց, թե բոլորն են համամիտ, որ «Միասնությունն» առաջ ընթանա։ Երեւի թե նաեւ կարոտի պահ կար եւ որեւէ լարված քննարկում չեղավ»։ Մեր ունեցած տեղեկություններով, այդ նիստի ընթացքում պատգամավոր Դավիթ Հովհաննեսն այս ոգով ելույթ էր ունեցել, թե այս ի՞նչ հարցեր եք քննարկում, երբ Աշոտ Մանուչարյանն ու Արկադի Վարդանյանը այսպիսի գործունեություն են ծավալել, Գալուստ Սահակյանը հաստատեց, թե որոշ պատգամավորներ վրդովված էին Մանուչարյանի հայտարարություններից. «Մտածում էին, որ վերջին հաշվով, «Միասնություն» խմբակցությունն այստեղ գործ ունի անելու։ Բնականաբար, իրոք, գործ պիտի ունենա։ Բայց քանի դեռ որոշակի տեղեկատվություն չունենք արդյունքների մասին՝ դեռեւս չենք կարող դա քննարկելի դարձնել»։ Պարոն Սահակյանը Աշոտ Մանուչարյանի բացահայտումների վերաբերյալ կարեւորում էր, որ հստակեցվի. «Կարող է՝ քաղաքական հայտարարություն է, կարող է՝ իրոք հիմքեր կան»։ Թե ո՞ր մարմինը պիտի այս հարցականները պարզի՝ հայտնի չէ։ Մանավանդ որ, Գալուստ Սահակյանն էլ չէր կարծում, թե խորհրդարանական հանձնաժողով պիտի ձեւավորվի, որը կուսումնասիրի այդ հայտարարությունները. «Մանավանդ այն քաղաքական ուժերը, որ այս տարիների ընթացքում լսել են Աշոտ Մանուչարյանի «հրատապ» հայտարարությունները եւ հետո հիասթափություն ապրել, պիտի որ այժմ զգույշ վերաբերվեն։ Եվ ոչ թե ընդհանրապես ենք զգուշանում, այլ ուզում ենք մեզ համար տեսանելի դարձնել, թե որտեղի՞ց է այդ տեղեկատվությունը, որո՞նք են այն ակունքները, որոնցից Աշոտ Մանուչարյանը նման հետեւությունների է հանգել»։ Սակայն մեր զրուցակիցը նախընտրում էր, որ քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փոխարեն՝ Աշոտ Մանուչարյանը իր իմացածը հայտնի իրավապահ մարմիններին։ Բնականաբար, հետաքրքրական էր, թե արդյոք «Միասնության» նիստի ընթացքում քննարկվե՞լ են ԱԺ նախագահի փոփոխության կամ խմբակցության ղեկավարի ընտրության հարցերը։ «Ճիշտն ասած, բնորոշելի էլ չէր լինի, եթե այսքան ամիսներից հետո առաջին անգամ հրավիրված նիստին քաղաքական լարվածությունների շիկացումների մթնոլորտ ստեղծվեր»,- ասաց Գալուստ Սահակյանը։ Նաեւ նշեց, որ թերեւս մինչեւ այս շաբաթավերջ «Միասնությունը» խմբակցության ղեկավար կունենա։ Իսկ ԱԺ նախագահի խնդիրը մեկնաբանեց ինքը՝ Արմեն Խաչատրյանը։ Վստահ հայտարարեց, թե ԱԺ ճգնաժամը հաղթահարված է. «Նաեւ ասեմ, որ խորհրդարանական ճգնաժամը այն մասշտաբների չէր, ինչ ներկայացվում էր»։ Աներկբա պնդեց, թե իր հետագա պաշտոնավարման հարցն օրակարգից «ընդհանրապես դուրս եկած է։ Նման հարց չկա՛»։ Այն հարցին ի պատասխան, թե չի՞ կարծում, որ իր նկատմամբ ճնշումները կշարունակվեն, պարոն Խաչատրյանն այսպիսի մի ոչ այնքան կապակցված ելույթ ունեցավ. «Իմաստ չունի մարդուն վերցնել խոշորացույցի տակ եւ ամեն մի մանրուք, ամեն մի կենցաղային բան՝ մանավանդ հնարովի, եւ մանավանդ անհեթեթ… Ինչպես տեսնում եք, ես երբեք չեմ արձագանքում, չեմ պատասխանում այն անհեթեթություններին, ինչ իմ անձի հետ վերաբերվում է եւ կապվում»։ Առավել ուշագրավ էր ԱԺ նախագահի անդրադարձը խորհրդարանական մեծամասնության ֆորմատներին. «5+1, 6+2, 13-4… էս բոլորն անհեթեթ բաներ են։ Պետք է իրար հետ աշխատել։ Ո՞վ է խանգարում, որ մենք իրար հետ աշխատենք։ Ո՞վ է խանգարում, որ բարյացակամ լինենք։ Ո՞վ է խանգարում, որ խելք-խելքի տանք։ Ի՞նչ 5+1 կամ 7-2»։ Հարկ է նշել, որ միայն ՍԻՄ-ի երկու պատգամավորները հավատարիմ մնացին վեցյակի հայտարարությանը, եւ երեկ չմասնակցեցին այն նիստերին, որոնք վարում էր Արմեն Խաչատրյանը։ Հրանտ Խաչատրյանի բացակայության պայմաններում մերժվեցին «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրինագծի վերաբերյալ նրա 7 առաջարկները։ Մեր հարցին, թե ինչքա՞ն է այսպես շարունակվելու, ՍԻՄ-ի պատգամավորները վերադառնալո՞ւ են դահլիճ, թե՞ ոչ, Հրանտ Խաչատրյանը պատասխանեց. «Ըստ էության նիստերը կարծես թե շարունակվում են այնպես, ինչպես մինչեւ ՍԴ-ի որոշումը։ Այսինքն՝ մենք չգիտենք, թե Արմեն Խաչատրյանը շարունակելո՞ւ է աշխատել որպես ԱԺ նախագահ, մյուսները նրան ընդունելո՞ւ են որպես այդպիսին։ Առաջին օրվա արդյունքներով դեռ ոչինչ չեմ կարող ասել։ Մենք առայժմ կսպասենք, տեսնենք, թե ՍԴ-ի որոշումը ինչպես է անդրադառնում ԱԺ-ի կազմակերպչական խնդիրների վրա»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ-Ըստ ամենայնի, չորեքշաբթի, 18.30-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, որտեղ կքննարկվեն ՀԴՄ-ների ներդրման հարցերը։ «Օրինաց երկրի» այս նպատակով նախաձեռնած ստորագրահավաքին շուրջ 70 պատգամավոր էին միացել։