Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 24,2000 00:00

ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ «ՈԳՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ» Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանին նվիրված «Ոգու փորձություն» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին, բացի Վ. Սարգսյանի հարազատներից, ներկա էին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ այլք։ Գրքի նախապատրաստման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Վ. Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան։ Գիրքը բաղկացած է չորս բաժիններից՝ «Գրողը», «Զինվորն ու զորավարը», «Վարչապետը», «Մարդը եւ քաղաքացին»։ «Գիրքը չորս մասի բաժանելով, նպատակ է եղել ցույց տալ Վ. Սարգսյանի կյանքի 4 հիմնական կողմերը,- ասաց Գ. Հարությունյանը, որը «Վարչապետը» բաժնի նախաբանի հեղինակն է,- գրքում կարելի է տեսնել Վ. Սարգսյանին՝ իր կյանքի անցած բոլոր փուլերում»։ Ըստ տ. Գրետայի, գրքի վրա «մեծ աշխատանք» չի կատարվել. «Դա ինքն է՝ իր էությամբ, իր գործով, իր խոսքով, տառապանքի փորձությամբ ու լինելու խոհերով»։ Տիկին Գրետայի համոզմամբ, «դեռ շատ պետք է խոսվի Վազգենի մասին, դեռ շատերը կուսումնասիրեն ու կբացահայտեն նրան»։ Գարեգին Բ-ն օրհնանքի խոսք ասելով Վազգենի հիշատակին՝ նշեց, որ հայոց նոր անկախությունը ձեռք բերվեց «Վ. Սարգսյանի արժանավոր զավակների ոգու փորձությամբ»։ «Ուղիղ մեկ տարի առաջ ցավալիորեն վերջ դրվեց նրա կյանքին։ Երախտագետ հայ ժողովուրդը սակայն միշտ հիշելու է Վազգենին իր ստեղծարար քաջերի շարքում։ Նա հիշվելու է նաեւ այս գրքի շնորհիվ»։ «Ոգու փորձությունը» հրատարակվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունում՝ Վ. Սարգսյանի մեծ բարեկամ Հրայր Հովնանյանի հովանավորությամբ։ Գրքի տպաքանակը 11 հազար է։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել