Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 24,2000 00:00

ԿԱԶԻՆՈՆԵՐՆ ԱՐԳԵԼՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Նույն թեթեւությամբ, ինչպես հոկտեմբերի 11172ին ԱԺ172ն մերժել էր երկրորդ ընթերցմամբ ընդունել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքը, երեկ այն ընդունվեց ամբողջությամբ։ Եվ սա այն պարագայում, երբ օրենքում բառ անգամ չէր փոխվել ու կառավարության մերժած որեւէ առաջարկ չընդունվեց։ Ի դեպ, դրանք զուտ տեխնիկական բնույթի էին. հայտնի է, որ այս օրենքը չընդունելու համար սկզբունքային հարց էր դարձել օրինագծի միայն այն դրույթը, ըստ որի՝ խաղատներ եւ շահումով խաղեր չեն կարող կազմակերպվել Երեւանի վարչական սահմաններից 50 կմ եւ մարզկենտրոններից 10 կմ հեռավորության վրա։ Եվ այդ պատճառով էլ այն նախորդ անգամ 42 «կողմ», 12 «դեմ» եւ 23 «ձեռնպահ»172ների արժանացավ։ Իսկ երեկ պատգամավորներն իրենք իրենց ծափահարեցին տեսնելով քվեարկության հետեւյալ պատկերը՝ 79 «կողմ», 4 «դեմ», 2 «ձեռնպահ»։ Միանում ենք այդ ծափահարություններին, բայց այնուամենայնիվ չենք կարող չհարցնել. ի՞նչ փոխվեց այս երկու շաբաթում, որ նախորդ անգամ «ձեռնպահ» քվեարկած Ալեքսան Հակոբյանը, Շավարշ Քոչարյանը, Արթուր Բաղդասարյանը, Մանուկ Գասպարյանը, Մուշեղ Մովսիսյանը, Վարդան Մկրտչյանը, Աշոտ Գալոյանը, Աղասի Արշակյանը, Սերգո Երիցյանը եւ այլք հանկարծ օրենքի կողմնակիցը դարձան։ Ի՞նչ պատահեց, որ նախորդ անգամ խաղատները քաղաքից հանելուն կտրուկ «դեմ» քվեարկած Պարույր Կարապետյանը, Գագիկ Կոստանդյանը, Սամվել Ավետիսյանը, Նապոլեոն Ազիզյանը եւ Համլետ Հարությունյանը հանկարծ ընդունեցին այդ քայլի կարեւորությունը։ Եվ հակառակը՝ ինչո՞ւ Ֆրունզե Խառատյանն ու Յուրա Մանուկյանը, որ նախորդ անգամ «կողմ» էին եղել, հիմա քվեարկեցին «դեմ»։ Անիմանալի են պատգամավորների դիրքորոշումային փոփոխությունները եւ շատ նման կազինոների պտուտակախաղի՝ մեկ կարմիր են, մեկ սեւ, իսկ ավելի հաճախ՝ զրո։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել