1997թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայությունն իրականացնում է գործազուրկների գրանցումը, գործազրկության նպաստ եւ դրամական օգնություն է տրամադրում, օգնում է աշխատանքի տեղավորվել, անվճար վերամասնագիտանալ, սեփական գործ հիմնելու համար ցուցաբերում անհատույց ֆինանսական աջակցություն եւ այլն։
Այս ամենն ամրագրված է բնակչության զբաղվածության մասին օրենքում։ Գործազրկության ամենամսյա նպաստը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձը, որը կազմում է 3900 դրամ։ Օրենքով սահմանված ժամանակահատվածում, նպաստ ստանալուց հետո, գործազուրկը կարող է ակնկալել դրամական օգնություն (5 ամիս), եթե ընտանիքում ոչ ոք չի աշխատում։ Այն կազմում է նպաստի 30%-ը՝ ավելացրած յուրաքանչյուր երեխայի համար 5%, բայց ոչ ավելի, քան երկու երեխայի համար։
2000թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը գրանցվել է 11%։ Գործազուրկի կարգավիճակ ունի 159.833 մարդ, որից 102.623-ը՝ կին։ Ի դեպ, գործազուրկ է համարվում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցողը։ Գործազրկության նպաստ ստանում է 15.608, իսկ դրամական օգնություն՝ 13.368 գործազուրկ։
Ինչպես վկայում է աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գ. Բլեյանը, այսօրվա աշխատաշուկան ուսումնասիրելիս պարզվում է, որ գործազուրկների զգալի մասը չի բավարարում գործատուների կողմից իրենց ներկայացվող պահանջները. շատ մասնագետներ չունեն համապատասխան որակավորում, շատ մասնագիտություններ էլ հնացած են, պահանջարկ չունեն։ Վերջին 3 տարվա փորձը ցույց է տվել, որ մասնագիտական ուսուցում անցած գործազուրկների 80-90%-ը շատ արագ ընդունվում է աշխատանքի։ Մասնագիտական ուսուցումը կատարվում է կամ ձեռնարկությունների ազատ աշխատատեղերը լրացնելու նպատակով, գործատուի պահանջարկի համաձայն (ինչպես՝ ոսկերիչների, կարող վարպետների, երկաթգծի աշխատողների պարագայում), կամ ըստ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների (հաշվապահական հաշվառում՝ նոր ստանդարտներով, համակարգչային գործավարություն, ղեկավարի օգնական, փոքր բիզնեսի մասնագետ եւ այլն)։
Կարդացեք նաև
Վերապատրաստվողների քանակը սահմանափակ է՝ ֆինանսների սղության պատճառով։ 2000-ին կառավարությունը ֆինանսական հատկացումներ է արել հազար գործազուրկի մասնագիտական ուսուցման համար։
Տարեսկզբից աշխատանքի եւ զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով աշխատանքի է տեղավորվել գործազուրկ, որից կին՝ 3.966-ը եւ եւս 147-ը կատարում են հասարակական աշխատանք՝ «սնունդ աշխատանքի դիմաց» պայմանով։
Ինչպես նշեցինք, ըստ բնակչության զբաղվածության մասին օրենքի, գործազուրկները կարող էին նաեւ ներկայացնել սեփական գործը սկսելու բիզնես-պլան, որը հավանության արժանանալու դեպքում անվարձահատույց ֆինանսավորվում էր։ Հանրապետությունում շուրջ 300 բիզնես-ծրագիր է ֆինանսավորվել, որի 40%-ը՝ արտադրության ոլորտում, 40%-ը՝ գյուղատնտեսության, 20%-ը՝ սպասարկման։ Այս պարագայում մեկ աշխատատեղի ստեղծման վրա ծախսվել է շուրջ 200.000 դրամ։ Սակայն ս.թ. ապրիլից այդ գործընթացը դադարեցված է։ Փորձեցի պարզել ինչպես եւ ինչու է դադարեցվել այն։ ԱԺ լրատվական ծառայության պետ Սեւակ Մանուկյանը նշեց, որ «2000թ. ընթացքում ՀՀ բնակչության զբաղվածության մասին օրենքում որեւէ փոփոխություն չի արվել»։
Ըստ Աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության լրատվական վարչության պետ Ցողիկ Վարդանյանի՝ «Ծրագիրը դադարեցվել է նախարարի կարգադրությամբ։ Պատճառը ստուգումների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանություններն ու շեղումներն են բիզնես-պլաններից։ Արդյունքում հինգ-վեց նախկին գործազուրկից դատական կարգով գումարը ետ է գանձվել»։
Սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի հավաստմամբ. «Ծրագիրը մեր հանձնարարությամբ է դադարեցվել։ Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ ծրագիրն անկատար է, սուբյեկտիվիզմի տեղիք է տալիս եւ չի ծառայում իր նպատակին»։
– Փաստորեն, դուք օրենքի մի հատվա՞ծ եք դադարեցրել,– հարցրի։
– Մենք ոչ թե օրենք, այլ ծրագիր ենք դադարեցրել,- պատասխանեց նախարարը։
– Բայց չէ՞ որ ծրագիրն օրենքով է ամրագրված։
– Այո, բայց եթե ծրագիրը կատարյալ չէ եւ իր նպատակին չի ծառայում՝ պետք է դադարեցնել։
Աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գ. Բլեյանը այլ կարծիքի է. «Ես կարեւորում եմ նման ծրագրերի շարունակումը. գործազուրկը ոչ միայն ձեռք է բերում աշխատանք, այլեւ դառնում է հարկատու։ Իսկ մեր երկրում գերակշռողը դառնալու է փոքր եւ միջին բիզնեսը»։
Փաստորեն, չի գործում բնակչության զբաղվածության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի Գ կետը, ըստ որի՝ գործազուրկները իրավունք ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ աշխատատեղեր ստեղծելու նպատակով զբաղվածության հիմնադրամից անհրաժեշտ միջոցների դրամագրման՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով եւ պայմաններով, նաեւ 15-րդ հոդվածի Ը կետը, որը սահմանում է զբաղվածության պետական ծառայության հիմնական լիազորությունները։ Վերջինս պարտավոր է ֆինանսապես աջակցել գործազուրկներին՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ գործատուների մոտ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու հարցերում։
Այդուհանդերձ, զարմանալի է, որ նախարարը, նախկին օրենսդիր լինելով, այժմ էլ ինքնուրույն փոփոխություններ է կատարում։
ԾՈՎԻՆԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ