Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զոնից» այն կողմ կամ «գանձերի կղզին»

Հոկտեմբեր 21,2000 00:00
Bant

Չնայած լրագրողները վերջին տարիներին ինչ-որ չափով ջարդել են դատաիրավական համակարգի որոշ հաստատությունների դռները, բայց ուղղիչ-աշխատանքային հիմնարկությունների դռները դեռ փակ են։

Այս է պատճառը, որ հասարակության լայն զանգվածները բավականին քիչ տեղեկություն ունեն այն ամենի մասին, ինչը կատարվում է ճաղերից ներս։ Մեր երկրի իշխանություններն ու քաղաքական գործիչները այս բնագավառը մոռացել են, իսկ դատավորներն ու դատախազները այն հիշում են մեղադրանք առաջադրելիս ու վճիռ հրապարակելիս։ Սակայն, այնուամենայնիվ, երբեմն-երբեմն ներսից կցկտուր տեղեկություններ են հասնում հասարակությանը՝ աննկատ դուրս ուղարկված «քսիֆ»-ոտավորի բերած նամակի տեսքով։

Ուրեմն, կա հասարակությունից փշալարերով մեկուսացված այս փոքրիկ հասարակությունը։ Կան այս համայնքները, որոնց անվանում են ուղղիչ-աշխատանքային հիմնարկություն, իսկ կարճ՝ գաղութ, իսկ իրենց՝ բնակիչների լեզվով՝ զոն, որոնք կան ու ապրում են իրենց օրենքներով, հոգսերով, ուրախությամբ ու տխրությամբ։

Ուղղիչ-աշխատանքային հիմնարկություն՝ այսինքն՝ հասարակությունից մեկուսացվածների արգելավայր, այսինքն՝ վարչական, կենցաղային շենքեր, բարաքներ, ուր ապրում են բանտարկյալները, այսինքն՝ քարե կամ բետոնե պատերով պարիսպներ՝ ներկված սպիտակ գույնով։ Պատերին գրեթե ամենուրեք սեւ կամ կարմիր գույնով խոշոր, հեռվից տեսանելի տառերով գրված՝ «կանգնի՛ր, կկրակեմ»։ Պատերից փշալարերն են ձգվում վերեւ։ Չորս կողմը իրարից ոչ այնքան հեռու զինվորական դիտակետեր, դիտակետերով աշտարակներ, որտեղից ավտոմատավոր զինվորները հսկում են, որ կալանավորները ներսից, իսկ նրանց մերձավորները՝ դրսից չմոտենան պատերին։ Իսկ եթե մոտենան ու զինվորը տեսնի, որ մոտեցողն իր դասընկերոջ հայրն է, հարեւանի տղան կամ սիրած աղջկա եղբայրը, իսկ եթե դրսից մոտեցողը… Փառք Աստծո, վաղուց կալանավորները չեն մոտենում այդ պատերին, իսկ զինվորներն էլ հաստատ կարգին կրակել չգիտեն։ Ահա այս բնագավառը վաղուց դուրս է մնացել հասարակության ուշադրությունից եւ թողնվել է միայն գաղութային չինովնիկների ու «լավ տղերքի»՝ գողական աշխարհի հույսին։

Շուկայական փոխհարաբերությունները բոլորովին նոր իրավիճակներ են ստեղծում, որոնց ոչ ճիշտ ընկալման կամ որոնցից սխալ օգտվելու հետեւանքով հարյուրավոր, նույնիսկ հազարավոր մարդիկ իրավական դաշտի անկատարության եւ դատաիրավական համակարգի աշխատողների բյուրոկրատիզմի ու քարացածության պատճառով մեկուսացվում են քաղաքացիական հասարակությունից ու հայտնվում փշալարերից ներս՝ կալանավայրերում եւ տարիներ շարունակ սկսում են ճարահատված ապրել իսկական հանցագործ էությունների հետ՝ գողական աշխարհի չգրված, բայց կայուն գործող օրենքներով։

Այստեղ ոչ միայն վերջիններս են խորթ այդ օրենքներին, այլ նաեւ օրենքներն ու բարքերն են խորթ իրենց բնույթին եւ սկզբնական շրջանում դժվար ընդունելի։ Բայց քանի որ այդ սկզբնական շրջանի մի մասը նրանք արդեն անցկացրել են մեկուսարանում, ուր կալանավորներն իրար տեղեկացնում են այն ամենի մասին, ինչ յուրաքանչյուրը գիտի գաղութի մասին, ուրեմն գաղութ եկողն արդեն գիտի՝ իրեն ինչ է սպասվում։

Եվ սկսվում է դատապարտյալի ձանձրալի կալանքը, սկսվում է իրական պատիժը։ Այս մղձավանջը եւ ֆիզիկական է, եւ բարոյական։ Դատապարտյալը մոռանում է իր ով լինելը եւ սկսում է օրըստօրե կերպարանափոխվել, դառնալ հրահանգով արթնացող, օրը երեք անգամ հրահանգով, շարքով ու գդալը գրպանում ճաշարան գնացող, օրը երեք անգամ որպես գլխաքանակ հաշվվող, ստուգվող ու հրահանգով քնող արարած։ Նա մոռանում է այն ամենը, ինչ կարեւոր էր իր համար եւ նոր կարեւորություններ է հորինում, նոր խնդիրներ, որ այս նոր վիճակն է թելադրում։ Նա սկսում է պայքարել որքան հնարավոր է այդ մղձավանջին դիմակայելու եւ որքան հնարավոր է՝ շուտ ազատվելու համար։ Գաղութների այսօրվա բնակիչների մեծ մասը, այսպես ասած, հանցագործ էություն չէ։ Սա լավ են հասկանում «գողական տան» տղերքը (կալանավայրերը, ըստ գողական աշխարհի ըմբռնման, համարվում են գողական տներ), գուցեեւ ավելի լավ, քան քրեակատարողական հիմնարկությունների աշխատակիցները։ Նրանք գիտակցում են, որ այս «պապուտնի պասաժիրները» պարզապես անվճարունակ զոհեր են, ընկել են «մենթերի ցանցը» (այսպես են անվանում իրավապահ մարմիններին) ու դրանից ելնելով վերաբերմունք են դրսեւորում նրանց հանդեպ։ Նրանք լավ են հասկանում, որ դատաիրավական համակարգը այսօր ամեն մի «բանկա-բութուլկա» (սա վերաբերում է գողական կյանքից հեռու մարդկանց) ուղարկում են գաղութ, որոնք բոլորովին էլ քրեածին տարրեր չեն, այլ պարզապես ժամանակի ալեկոծությունների զոհերն են ու դրսի կյանքի խեղճերը։

Գողական աշխարհը, գողական աշխարհի յուրաքանչյուր տուն ունի իր կեցությունը կարգավորող, համակարգող վերնախավ, որը գողական օրենքներով ու նորմերով ղեկավարում է գողական տան նիստն ու կացը։ Իսկ այդ նիստն ու կացը բնավ այլ է, բարքերն այստեղ այլ են, փոխհարաբերությունները՝ այլ։ Այս բարքերը հաստատվել են վաղուց ու դեռ երկար ժամանակ կպահպանվեն։ Փշալարերի ու այս բարքերի, այս փոխհարաբերությունների պայմաններում դժվար թե մարդը ուղղվի, վերադաստիարակվի ու հասարակությանը պիտանի լինի այնքանով, որ գոնե չխանգարի ուրիշի հանգիստ ապրելուն։ Բայց մարդն այստեղ է։ Հայտնվել է ուղղիչ-աշխատանքային հիմնարկում, ուր վաղուց հիմնական տերը գողական վերնախավն է։

Հ. Շ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031