Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑՆԵՐՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ՁՄՌԱՆԸ

Հոկտեմբեր 21,2000 00:00
dproc

Ցրտերին «հերոսաբար դիմակայելու» նախապատրաստական գործընթացը սկսվել է նաեւ դպրոցներում։ Մայրաքաղաքի դպրոցների հիմնական մասը ջեռուցվում է էլեկտրական սալիկների՝ տեների միջոցով, որ ձեռք են բերվել նախորդ տարիներին՝ հիմնականում քաղաքապետարանի ուժերով։

Թիվ 29 դպրոցի տնօրեն տիկին Հովհաննիսյանը դժգոհեց, որ էլեկտրականության համար նախատեսված չափաբաժինը չի բավարարում. «Ինչպես նախորդ տարիներին, տաքանալու ենք տեների միջոցով։ Ուղղակի չենք տեղավորվում նախատեսված չափաբաժնի մեջ, գերածախս ենք տալիս։ Բայց դպրոցում ապահովում ենք բավարար ջերմաստիճան՝ 17-18 գոնե լինում է։ Պատուհանները փակում ենք ջերմամեկուսիչով, ցելոֆանապատում ենք»։

Կամոյի անվան թիվ 56 դպրոցի տնօրեն տիկին Հովհաննիսյանի պատասխանում «ըմբռնողական մոտեցում» էր զգացվում. «Սովորաբար ձմռան նախապատրաստական աշխատանքների՝ նույն որդեգրած եղանակով ենք շարժվում։ Թղթերով, բամբակներով մեկուսացնում ենք պատուհանները, զուգարանների պատուհանները՝ պոլիէթիլենով։ Երբ տեները միացնում ենք, շենքի արեւկող մասը տաքանում է բավարար չափով, իսկ հյուսիսային կողմի դասարաններում նույնիսկ տեների առկայությամբ ամենաշատը 13-14 աստիճան ջերմություն ենք կարողանում ապահովել։ Հոսանքի լիմիտները, որ տրվել են դպրոցներին, չեն բավարարում։ Բայց մենք արդեն վարժվել ենք այդ պայմաններին։ Հարմարվել ենք դասապրոցեսը այդ պայմաններում կազմակերպելուն։ Երեխաները բարձիկներ են բերում՝ նստարաններին դնում, նոր նստում, տաք են հագնվում։ Դե՝ ինչպես տներում»։

Թիվ 185 դպրոցի տնօրեն Քարամյանը եւս այնքան էլ գոհ չէր ջեռուցումից. «Տաքանում ենք քաղաքապետարանի հատկացրած տեներով, որոնք թույլ հզորություն ունեն՝ 0,6 կվատտ է ուժը, լավ չեն տաքացնում։ Մեր դպրոցը շատ մեծ է, որքան էլ սենյակները տաքացնենք, միջանցքն այդպես էլ չի տաքանում։ Ցելոֆաններով, բամբակներով մեկուսացնում ենք պատուհանները, բայց դա էլ չի բավարարում։ Մեր տանիքը միայն 5040 քմ մակերես ունի։ Դպրոցի ապակեպատ մակերեսը 5-6 անգամ ավելի է, քան նորմալ միջնորմով պատվածը։ Եթե երկտակ ապակիներ գցենք ողջ դպրոցում, դա կկազմի 1 մլն քմ-ից ավելի մակերես։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ գումար է։ Կարծես ակվարիումի մեջ լինենք։ Չնայած հիմա աշակերտների քանակը կրկնակի պակաս է՝ մոտավորապես 750 երեխա են։ Դա հնարավորություն է տալիս ձմեռն անցնել դասարանային համակարգի։ 100-ից ավելի դասասենյակ ունենք, 32 դասարան։ Միջնապատերով փոքրացրել ենք, փոքր սենյակներում ենք հավաքվում, ավելի տաք է լինում։ Հյուսիսային կողմում 12-14 աստիճանի հազիվ է հասնում, հարավայինում 18 աստիճան է լինում։ Կախված է նաեւ դրսի ջերմաստիճանից։ Անցյալ տարի ցուրտ էր։ Քաղաքապետարանն այս տարի կարծես ուշադիր է դպրոցի հանդեպ։ Հենց այս պահին մեր մարզադահլիճն են նորոգում։ Ցուցակներ են ուզել՝ ինչի՞ կարիք ունենք ձմռան համար՝ ցելոֆան, բամբակ, փչացած տեները փոխելու են։ Դե՛, եթե ցուցակներն ուզել են, երեւի կանեն։ Հույս ունեմ»։

Ամեն ինչից շատ ավելի գոհ էր թիվ 112 դպրոցի տնօրենը՝ կրկին Քարամյան. «Արդեն երրորդ տարին է, ջեռուցում ենք տեներով։ Իհարկե՝ չենք մոռանում ջերմամեկուսացնել, ցելոֆանապատել պատուհանները։ Էներգիայի լիմիտը մեզ լիովին բավականացնում է։ Մեր դպրոցը շատ կոմպակտ, քարե շենքում է տեղավորված, լավ տաքանում ենք մեր ունեցած 120 սալիկներով։ Գերածախս գրեթե չենք տալիս։ Մեր դպրոցը երկհերթ է աշխատում, ավելի երկար ենք միացնում, տաքանում ենք։ Սանէպիդկայանը կանոնավոր ստուգում է ջերմաստիճանը։ Հյուսիսային կողմում 15-17 աստիճան է լինում, հարավայինում՝ 17-18։ Այնքան լավ է, որ երեխաները չեն էլ ուզում տուն գնալ»։

Թիվ 42 դպրոցի տնօրեն Պողոսյանն արդեն հրահանգել էր սկսել ձմռան նախապատրաստական աշխատանքները. «Ջեռուցելու ենք տեներով՝ ինչպես նախորդ տարի։ Երեկ հրահանգել եմ ստուգել պատուհանի փականները, մեխել։ Շաբաթ օրը՝ համաքաղաքային շաբաթօրյակին, մաքրություն կանենք, պակաս աշխատանքները կավարտենք։ Ցելոֆաններ կկպցնենք ապակիներին, ջերմամեկուսիչ ժապավեններ։ Պակաս ապակիները կգցվեն։ Ցուցակում ներկայացրել ենք մի քանի անսարք տեների փոխարեն նորերի պահանջ։ Էներգիայի գերածախս չենք տալիս։ Մուծում է քաղաքապետարանը։ Ջերմաստիճանը, կախված դրսի ջերմությունից, լինում է 14-17 աստիճան։ Նորմալ է, դժգոհ չենք, սանէպիդը միշտ հսկում է»։

Պատահական ընտրված մի շարք դպրոցներից, ուր զանգահարել էիք, կենտրոնական ջեռուցում ուներ միայն թիվ 154 դպրոցը, այն էլ՝ կիսատ։ Ինչպես բացատրեց տնօրեն Հայրապետյանը՝ «Մի մասնաշենքը ջեռուցվում է կենտրոնական ջեռուցմամբ, մյուսը՝ տեներով։ Խողովակաշարերն են այդպես տեղադրված։ Երկրորդ մասնաշենքը չունի նկուղային հարկ, հնարավոր չէ ջեռուցել։ Օգնող չունեմ, թե չէ կարող էի սեփական կաթսայատունը վերագործարկել՝ մի ժամանակ ունեինք, հիմա չի գործում։ 20-25 օր է՝ սկսել ենք ձմռան նախապատրաստական աշխատանքները, փոխել ենք ջարդված ապակիները՝ պոլիէթիլենով էլ պատել ենք։ Շաբաթ օրն էլ մի լավ մաքրություն կանենք ու նաեւ՝ ծառատունկ։ Դպրոցի դիմաց կանաչ տարածք ունենք, լավ ծառեր ենք տնկելու»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031