Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՌՈՂՋԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 21,2000 00:00

ԱՆԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՌՈՂՋԱՐԱՆՈՒՄ Տասնամյա ընդմիջումից հետո, այս տարվա հունիս ամսին հնարավորություն ստացանք մեր առողջությունը վերականգնելու համար հանգստանալ Արզնիի թիվ 1 առողջարանում, որի պայմանների ու հյուրընկալ կոլեկտիվի մասին լավագույն հիշողություններ էին պահպանվել։ Սակայն, ցավոք, այս անգամ առողջարանը մեզ բոլորովին այլ կերպ դիմավորեց։ Ակումբի գեղեցիկ շենքը, որտեղ անցկացվում էին հետաքրքիր միջոցառումներ, անտերությունից ու կաթոցներից պարզապես քայքայվել էր։ Մարզահամալիրի շենքը ընդհանրապես փակ էր։ Փակ էր նաեւ կենցաղային սպասարկումների առանձնաշենքը։ Խմելու եւ տաք ջրի մատակարարումը իսկական պրոբլեմ էր դարձել բուժման ամբողջ ընթացքում։ Սակայն ամենացավալին այն էր, որ առողջարանում մարդիկ զրկված էին «Արզնի» հանքային ջրից, որը հանվել էր նաեւ բուժման կուրսից։ Անցած երանելի տարիներին բուժման նպատակով բոլոր հիվանդներին խմելու համար հանքային ջրի տարաբնույթ նշանակումներ էին կատարում, որոնք իրականացվում էին այդ նպատակի համար կառուցված ամենագեղեցիկ ու հարմարավետ առանձնաշենքում։ Էլի շատ թերություններ ու անհարմարություններ կային առողջարանում, բայց, ի պատիվ հիվանդների, պետք է ասել, որ նրանք այդ ամենին ըմբռնումով էին մոտենում։ Դե՛ ինչ, մտածում էինք մենք, միջոցները սուղ են, դժվար է ամբողջ երկրի համար, դժվար է բոլորի համար։ Մենք լավատեսորեն հույս էինք փայփայում, որ առողջարանը աստիճանաբար ոտքի կկանգնի, կբարելավվեն պայմանները, մանավանդ որ մասնաշենքերից մեկում լայնամասշտաբ վերակառուցումներ էին սկսվել։ Սակայն մեզ զարմացրեց, թե ինչու վերակառուցվող մասնաշենքը չինական պարսպով անջատում են ողջ համալիրից, ապամոնտաժում ու դուրս նետում հանքային ջրերի խողովակները, առանձնացված տարածքում կառուցում են ավտոտնակ, օժանդակ տնտեսական շինություններ, մի ընդարձակ հողամաս էլ պարարտացրել են սեւահողով, դարձրել այգի ու բանջարանոց։ Հանքային ջրերի մասնաշենքի այդ տարօրինակ վերակառուցման մասին նախ շշուկով, ապա բարձրաձայն սկսեցին խոսել, տարբեր ենթադրություններ անել բոլոր հիվանդները։ Շուտով պարզվեց, որ մասնաշենքի ճակատագրով խիստ անհանգստացած է նաեւ առողջարանի ողջ կոլեկտիվը։ Մարդկանց ներքին լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Ճիշտ է, նրանք չէին համարձակվում այդ մասին բարձրաձայն խոսել, բայց, այնուամենայնիվ, պատմեցին հետեւյալը. «Հանքային ջրերի գալերեան կոլեկտիվից գաղտնի, անհայտ պայմաններով սեփականաշնորհվել է կուրորտների խորհրդի նախագահ Ռուբեն Սուրենի Մարտիրոսյանին։ Վերջինս, խախտելով առողջարանային համալիրի նախագծային ներդաշնակությունը, այն քարե բարձր պարսպով առանձնացրել է համալիրից եւ իր համար դարձնում է բոլոր հարմարություններով օժտված դղյակ-ամառանոց»։ Մենք հարկ համարեցինք դիմել առողջարանի գլխավոր բժշկի բուժգծով տեղակալ տիկին Պառավյանին, խնդրելով նրան պարզաբանել, թե ինչու գլխավոր բժիշկը հանդիպում չի ունենում հիվանդների հետ, նրանց չի ծանոթացնում «Արզնի» հանքային ջրի բուժիչ հատկություններին, ինչու խմելու համար նման նշանակումներ չեն կատարվում։ Բժշկուհին մեզ անհեթեթ պատասխան տվեց։ «Արզնի» հանքային ջուրը,- ասաց նա,- գիտականորեն պարզված չէ, խմելու դեպքում բուժի՞չ է, թե՞ վնասակար»։ Նա ավելացրեց նաեւ՝ եթե այն ձեզ դուր է գալիս, գնացեք, թիվ 3 սանատորիայի բակի աղբյուրից խմեք։ Մեզ թվում է, որ այդ «կոնցեպցիան» մշակվել է լոկ այն պատճառով, որ արդարացվի հանքային ջրերի մասնաշենքի սեփականաշնորհումը։ Հետաքրքիր է, թե սեփականաշնորհման այդ արտառոց գործարքին ինչպես է համաձայնվել առողջարանի գլխավոր բժիշկ Գագիկ Մադոյանը։ Չար լեզուներն ասում են, որ նա այդ գործարքը կատարել է ոչ անշահախնդիր։ Կուրորտների խորհրդի նախագահի թույլտվությամբ գլխավոր բժշկի տղան նշանակվել է նույն առողջարանի տնտեսագետ, քրոջ ամուսինը՝ պահեստապետ, քրոջ տղան՝ սննդի պահեստապետ եւ այլն։ Այսքանից հետո դժվար չէ կռահել, թե ինչու հիվանդներին տալիս էին անորակ ճաշեր ու մրգեր, աղքատաբաժին հաց, որի համար ամեն օր անհրապույր ճաշարանում դժգոհություններ էին լինում։ Ուզում ենք հավատալ, որ այս անօրինականություններին վերջ կտրվեն։ Համապատասխան մարմինները կվերականգնեն «անդամահատված» առողջարանը, կբարելավեն բուժման գործը, ինչի կարիքն այժմ շատ ու շատ է զգացվում մեր հանրապետությունում։ ՄԻՀՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ Իրավաբան, Երեւան ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ Հանրապետության վաստակավոր լրագրող, Սեւան ՄԵԼԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ Իրավաբան, Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031