Հայաստանի ոչ պաշտոնական շրջանակները պնդում են, թե ԼՂՀ հակամարտության կարգավորումը դիտվում է մի քանի տարի առաջ մերժված, բայց այսօր բարձր մակարդակներում քննության առարկա դարձած Գոբլի ծրագրի իրագործման շրջանակներում։
Այսինքն, հակամարտության կարգավորման տարբերակներից, թերեւս առաջնահերթ է համարվում հենց Մեղրին անվտանգության գոտի դարձնելու եւ այն Ադրբեջան-Նախիջեւան կամրջի վերածելու համար։ Այս քննարկումների մասին բազմիցս վկայել են ոչ միայն հայկական մամուլն ու քաղաքական շրջանակները, այլեւ ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցները։ Այդ հարցի քննարկումների եւ դրանց վտանգավորության մասին դեռեւս մի քանի ամիս առաջ ահազանգել էր նաեւ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Այսուհանդերձ, պաշտոնական շրջանակները դեռ փորձում են ջանասիրաբար հերքել Մեղրիի փոխանակման շուրջ հարցադրումները։ Պատճառը, թերեւս, այն է, որ հանրապետության ղեկավարներն ու արտաքին քաղաքականության գերատեսչությունը գուցե չեն հասցրել այս հարցի շուրջ բանակցություններին փաստաթղթային տեսք տալ եւ պատշաճ կարգով մատուցել հասարակությանն այնպես, որ դա ընդունելի լինի։ Մինչդեռ լրատվամիջոցներն ու քաղաքական շրջանակներն այս խնդրի վրա ուշադրություն հրավիրելով արագացնում են պրոցեսները եւ խառնում դրանք իրագործողների խաղաթղթերը։
Այնուամենայնիվ, ո՞ր պետություններն ու ինչո՞ւ են շահագրգիռ Մեղրին անվտանգության գոտի դարձնելու հարցում։ Անշուշտ, սա ավելի շուտ աշխարհաքաղաքական վերաձեւումներին եւ հետո միայն՝ ԼՂՀ խնդրի կարգավորմանն առնչվող հարց է։ Հայաստանն այսօր շարունակում է մնալ Արեւելքն Արեւմուտքին կապող ամենահարմար եւ կարճ ճանապարհը։ Արեւմուտքին Հայաստանն անհրաժեշտ է իբրեւ տարածք, ընդ որում կայուն տարածք՝ առանց հայերի կամ հայերով բնակեցված՝ էական չէ։ Մինչդեռ մեր երկիրն իր բազում հիմնախնդիրներով, այդ թվում՝ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջատիրությամբ եւ Ադրբեջանի հետ վիճելի տարածքների խնդիրներով, ապակայունացման գործոն է։ Հայտնի է նաեւ, որ ապակայուն երկրները տնտեսական ներդրումների եւ զարգացման համար խիստ ռիսկային են համարվում, մինչդեռ 21-րդ դարի շեմին որեւէ պետության նվաճումն ավելի անցնցում եւ բնականոն կարելի է դարձնել հենց տնտեսական եւ ֆինանսական լծակների միջոցով։ Քանի դեռ տարածաշրջանում առկա է Ադրբեջան-Հայաստան ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը եւ քանի դեռ լուծված չէ դրա շարժառիթը հանդիսացող ԼՂՀ թնջուկը, Արեւմուտքը տարածաշրջանում տնտեսական որեւէ շարժ չի անելու, բայց շատ է ուզում անել։
Ռուսաստանի՝ իբրեւ գերտերության ազդեցության անկումը տարածաշրջանում Արեւմուտքի համար ավելի գայթակղիչ է դարձնում տարածաշրջանն իրենով անելու հեռանկարը, որին խոչընդոտում է միայն Հայաստանն՝ իր բազում չլուծված հիմնախնդիրներով եւ ռուսամետ կողմնորոշմամբ։ Արեւմուտքն այսօր առաջնորդվում է «ով մեզ խանգարում է, հենց նա էլ մեզ կօգնի» սկզբունքով։ Կովկասում պատերազմ վերսկսելը նպատակահարմար չէ։ Այն սպառնում է ողջ տարածաշրջանին եւ կարող է գրգռել Ռուսաստանին, որի զորքերը Հայաստանում ստանձնել են պետական սահմանների պաշտպանությունը։ Հարկ է լեզու գտնել հայերի հետ։ Դրա լավագույն ձեւը, ըստ էության, այնքան էլ չի տարբերվում այն տարբերակից, որը մենք անվանում էինք փուլային։ Ըստ մեր տեղեկությունների, Արեւմուտքն առաջարկում է նախ Լաչինն ու Մեղրին վերածել Ղարաբաղ-Հայաստան եւ Ադրբեջան- Նախիջեւան անվտանգության միջանցքի։ Դրա համար հարկ է դուրս բերել զինված միավորումները եւ տեղակայել միջազգային խաղաղապահ զորքեր։ Ինչպես Կոսովոյում, այստեղ էլ հավանաբար ռուսներին համեստ դերակատարում կվերապահվի։ Գործարկել Ադրբեջան-Նախիջեւան երկաթգիծը, իրենց բնակավայրերը վերադարձնել փախստականներին եւ հետո միայն ճշտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այս տարբերակն իր տրամաբանությամբ ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ նա կապ է հաստատում Նախիջեւանի եւ նրա միջոցով նաեւ Թուրքիայի հետ՝ ոչինչ չկորցնելով։ Մինչդեռ Հայաստանը ոչ միայն ակամա ճանապարհ է հարթում Ադրբեջանի եւ Թուրքիայի համար եւ հայտնվում աքցանի մեջ՝ այն դեպքում, երբ Լաչինն, այսպես թե այնպես, իբրեւ Ղարաբաղ-Հայաստան կապող օղակ, անվտանգ գործում է։ Հետո Արեւմուտքը կփորձի ստեղծել Կովկասի ընկերակցություն՝ ընդհանուր պետության մոտիվներով, եւ ԼՂՀ-ի հարցն ինքնաբերաբար լուծում կստանա։ Այս պայմաններում Հայաստանին ոչինչ չի մնա, քան տրվել Արեւմուտքին եւ ամբողջովին կախված լինել նրա բարեհաճությունից։
Կարդացեք նաև
Միեւնույն ժամանակ, Արեւմուտքի համար Հայաստանն ամենակարճ, ուստի ամենաէժան ճանապարհն է Բաքվի նավթն Արեւմուտք հասցնելու համար։ Սա ավելի հեռանկարային խնդիր է եւ, այս իմաստով, որքան մենք ենք տեղյակ, նկատի է առնվում հատկապես՝ Բաքու- Մեղրի – Նախիջեւան – Այգեւան – Էրզրում – Ջեյհան գիծը, որի գործարկումը ֆինանսական միջոցների ներդրում է նախատեսում նաեւ Հայաստանում։ Տվյալ դեպքում Մեղրիի տարածքն անվտանգության գոտի դարձնելը շատ գայթակղիչ է ներկայանում հայաստանյան իշխանություններին՝ դյուրին ու բնականոն դարձնելով նաեւ ռուսական ազդեցությունից Հայաստանը վերջնականապես դուրս բերելու գործընթացը։ Ընդ որում Թուրքիայի՝ որպես պոտենցիալ թշնամու կերպարը կշարունակի որպես մահակ մնալ այս անգամ ոչ թե Ռուսաստանի, այլ Արեւմուտքի ձեռքին։
Շատերն են այսօր կարծիք հայտնում, թե հոկտեմբերի 27-ն անմիջականորեն առնչվում է Մեղրիի խնդրի հետ։ Այսպես մտածելու հիմքեր կան։ Դրա համար բավական է քննարկել միայն մոտիվը, ընդ որում՝ Արեւմուտքի։ Ոմանք անգամ կարծիք են հայտնում, որ 99-ի սեպտեմբերին նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի այցը ԱՄՆ այս հարցում ճակատագրական է եղել։ Ամենատարբեր աղբյուրներ վկայում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հետ հանդիպման ժամանակ խոսք է գնացել տարածաշրջանային համագործակցության շուրջ, Ա.Գորն ակնարկել է, թե իրենք այնքան էլ ոգեւորված չեն Հայաստան-Իրան հարաբերություններով։ Միաժամանակ կարեւորել են Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման խնդիրը։ Վազգեն Սարգսյանի դիրքորոշումն այդ հանդիպման ժամանակ հստակ է եղել՝ Հայաստանը կարեւորում է հարաբերություններն իր բոլոր հարեւանների հետ՝ ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում եւ առաջին հերթին՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ։ Ա.Գորին պարզ է եղել, որ Ռուսաստանը շարունակելու է մնալ Հայաստանի կարեւորագույն եւ ռազմավարական դաշնակիցը։ Սա բնավ դուր չէր գալու Արեւմուտքին՝ իր աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման տեսանկյունից։ Լավատեղյակ աղբյուրներն ասում են նաեւ, որ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն էլ, Մոսկվա կատարած իր այցելության ժամանակ անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, եւս առաջնային է համարել Ռուսաստանի հետ համագործակցությունը եւ հասկացնել տվել, որ Մեղրիի փոխանակման ծրագիրն ընդունելի չի կարող լինել Հայաստանի համար։ Կարծում ենք, պարզ պետք է լինի, որ այս հարցում եւ այս մարդկանց գոյության դեպքում Ռուսաստանը տարածաշրջանում իր միակ հենակետը կորցնելու մտահոգություն այնքան էլ չէր ունենալու, ուստի նրանց չեզոքացնելու խնդիր գոնե այդ շրջանում չկար։
Մեղրիի հարցում միակ շահագրգիռ անձը կարող էր նախագահ Քոչարյանը լինել։ Ասել, թե նա չի գիտակցել այս տարբերակի ողջ լրջությունն ու վտանգավորությունը՝ ճիշտ չէ։ Նրա շահագրգռվածությունը կարող էր այլ պատճառ ունենալ։ Ռ.Քոչարյանը՝ Վ.Սարգսյանի եւ Կ.Դեմիրճյանի սերտ համագործակցության եւ հեղինակության պարագայում, հանրապետությունում դարձել էր պարզապես անգլիական թագուհի։ Մինչդեռ Վ. Սարգսյանը սրընթաց մոտենում էր ընդհուպ մինչեւ նախագահ դառնալու կուլմինացիոն կետին։ Պետք էր միայն Արեւմուտքին հասկացնել, որ տարածաշրջանում իրենց ծրագրերին խոչընդոտող միակ հանգամանքը ռուսամետ կողմնորոշում ունեցող Կ.Դեմիրճյանն ու Վ.Սարգսյանն են։ Արեւմուտքի համար երբեւէ դժվար չի եղել խոչընդոտները հեռացնել։ Տեխնոլոգիաները որպես կանոն մշակվում են հատուկ ծառայություններում, ուր դրանք վաղուց կան։ Հարկավոր է միայն տեղայնացնել, մնացածը՝ ժամանակի եւ տեխնիկայի հարց է եւ առանձին նյութի առարկա։ Կարո՞ղ էր այս իմաստով այլ շահագրգռություն լինել, ասենք՝ ֆինանսական. ոչ հաստատել, ոչ բացառել հնարավոր չէ, ուստի լռում ենք։
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ