Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 21,2000 00:00

ՀԱՅ ԴԱՏԻ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ Ով ինչ է ուզում Հայոց ցեղասպանությունից Որպես մուտք Այս օրերին, աննախադեպ ակտիվությամբ, քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցն իր բոլոր դրսեւորումներով: Քննարկվում է թե ներհայկական տիրույթներում եւ թե նրանից դուրս, հատկապես թուրքական, ադրբեջանական, ամերիկյան ու ռուսական շրջանակներում, մամուլում: Առիթն ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանության խնդրի արծարծումն է: Ներհայկական քննարկումների ակտիվությունը հասկանալի է եւ բացատրելի. այն պայմանավորված է Ցեղասպանությունից հետո ծնված սերունդների դաստիարակությամբ, մտածողությամբ ու պատմահոգեբանությամբ: Հասկանալու եւ քննարկելու կարիք է զգում ներհայկական տիրույթներից դուրս տեղի ունեցողը, մասնավորապես ամերիկյան Կոնգրեսի վճռականությունը: Նախ, փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է ամերիկյան Կոնգրեսը հենց այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում այսպիսի երկաթյա վճռականությամբ անդրադառնում Ցեղասպանության խնդրին, անտեսելով թե՛ իր դաշնակից Թուրքիայի պահանջները, թե՛ նախագահ Քլինթոնի ու պետքարտուղար Օլբրայթի հորդորները: Արդյո՞ք այս ակտիվությունը պայմանավորված է բուն Ցեղասպանության խնդրով: Եթե՝ այո, ուրեմն ի՞նչն է փոխվել. ավելի հզորացել է հայկական լոբբի՞ն, մեծացել է հայ ընտրողների թի՞վը, փոխվել են ամերիկա-թուրքական, ռուս-ամերիկյան, ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հարաբերություննե՞րը, ամերիկյան վարչակազմն ու ամերիկյան հասարակությունը վերջապես հասկացե՞լ են, որ հայերի Ցեղասպանությունը եւս համաշխարհային ճանաչում ու ընդունում պիտի ունենա, թե՞ Հայաստանն արդեն այն հզոր պետությունն է, որ կարողանում է վերահսկել աշխարհաքաղաքական իրավիճակները, եւ գերտերությունները հաշվի են նստում միայն Հայաստանի հետ: Փորձ անենք անդրադառնալ մի քանի դրույթի ու քննարկել Հայ Դատի ու Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին առնչվող մի քանի դիտարկում ժամանակի հոլովույթի որոշակի դրսեւորումների մեջ, որեւէ հավակնություն չունենալով: Ամերիկան եւ Հայոց ցեղասպանությունը Ընդհանրապես, ամերիկյան քաղաքական շրջանակներում Հայոց ցեղասպանության հարցի արծարծումը, առավել կամ պակաս ակտիվությամբ, մշտապես պայմանավորված է եղել Հայկական ավանդական կուսակցությունների, Համայնքային կազմակերպությունների, Հայ Դատի խնդիրներով զբաղվող կառույցների, ասել է թե՝ Հայկական լոբբիի գործունեությամբ: Ու թեեւ միշտ առկա է եղել այն հանգամանքը, որ այդ կառույցներից յուրաքանչյուրը ձգտել է սեփականել հաջողության դափնիները, այդ հանգամանքն առկա է նաեւ այսօր, բայց ակնհայտ է նաեւ այն, որ որքան միասնական եւ նպատակասլաց են գործել այդ կառույցները, այնքան Ցեղասպանության խնդիրն արծարծվել է ավելի ակտիվ, եւ արդյունքները եղել են ավելի առարկայական: Ըստ էության, Հայկական լոբբին վերջին ութսուն տարիների ընթացքում Հայ Դատի ու Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը հետապնդել է բոլոր հնարավոր ու անհնարին, ընդունելի ու անընդունելի միջոցներով, եղել են աշխարհաքաղաքականորեն առավել նպաստավոր իրադրություններ, բայց արդյունքները գրեթե միշտ նույնն են եղել: Դեռ 1920 թվականին Սենատն ընդունել է թիվ 359 որոշումը, որում արձանագրել է, որ «Սենատի արտասահմանյան հարաբերությունների կոմիտեի ենթահանձնախմբի անցկացրած լսումները հստակորեն հաստատում են հաղորդված կոտորածների եւ այլ բռնությունների ճշմարտությունը, որոնցից տուժել է հայ ժողովուրդը»: 1975 թվականին Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 148 որոշումը, որով կոչ է արել ամերիկյան ժողովրդին նշելու այդ տարվա ապրիլի 24-ը՝ որպես «Հիշատակի օր Ցեղասպանության բոլոր զոհերի եւ հատկապես ծագումով հայերի, որոնք մահացել են 1915-ի Ցեղասպանության հետեւանքով»: 1984 թվականին նույն Ներկայացուցիչների պալատը մեծամասնությամբ ընդունել է թիվ 247 որոշումը, որը կոչ է արել ամերիկյան ժողովրդին նշելու այդ տարվա ապրիլի 24-ը՝ որպես «Հիշատակի օր Ցեղասպանության բոլոր զոհերի ու հատկապես 1,5 մլն ծագումով հայերի, որոնք մահացել են Թուրքիայում 1915-23 թթ. Ցեղասպանության հետեւանքով»: 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանը հրապարակել է թիվ 4838 հռչակագիրը, որում նշել է, թե ինչպես Հայկական ցեղասպանությունը դրանից առաջ եւ կամբոջականը՝ դրանից հետո, եւ բազմաթիվ այլ ժողովուրդների բազմաթիվ այլ հետապնդումները, Ողջակիզումի դասերը չպետք է երբեք մոռացվեն»: Դեռ Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող Հայաստանի առաջին նախագահի հայտնի հոդվածում, Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով ժամանակի ընդդիմության այն տեսակետին, որ եթե Հայաստանը ճիշտ օգտագործեր Սփյուռքի լոբբիստական կարողությունները, ապա սփյուռքահայ համայնքները թույլ չէին տա իրենց կառավարություններին ոտնահարել Լեռնային Ղարաբաղի իրավունքները, գրում էր. «Չթերագնահատելով, անշուշտ, ամերիկահայ համայնքի լոբբիստական աշխատանքը Հայաստանին լուրջ մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ ամերիկյան Կոնգրեսում Ղարաբաղի նկատմամբ դրական կարծիք ձեւավորելու հարցում, դրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ սակայն, որ լոբբիզմը սահման ունի. նրա ազդեցությունը վերջանում է այնտեղ, որտեղ բախվում են ԱՄՆ-ի ազգային շահերը…»: Ցեղասպանության խնդրում նույնպես լոբբիզմի դրսեւորումները դուրս չեն եկել այս ձեւակերպման շրջանակներից: Միացյալ Նահանգների քաղաքականությունը միշտ եղել է զգուշավոր: Այսօր, սակայն, կարծես թե այն անցնում է այդ զգուշավորության սահմանը, թեպետ Կոնգրեսը եթե որոշում էլ ընդունի, ըստ էության այն նախորդներից չի տարբերվելու: Եվ անհասկանալի է մնում այն հանգամանքը, որ եթե չի արձանագրվում էական քայլ առաջ, ում է անհրաժեշտ ավելորդ լարվածությունը: Իրավիճակը վերլուծելով կարելի է ենթադրել, որ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում ամերիկյան կողմի այսօրվա վճռականությունը համապատասխանում է Միացյալ Նահանգների այսօրվա ազգային շահերին: Բայց արդյո՞ք այդ շահերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ազգային շահերին: Ի վերջո, որքան էլ խնդիրը համահայկական է, համազգային, այնուհանդերձ լոբբինգն ու պետությունը կարող են տարբեր շահեր ունենալ եւ ունեն: Ի՞նչ կարելի կլինի անել, եթե Ցեղասպանության խնդրի վերաբերյալ այդ վճռականությունը դառնալով տարածաշրջանային էսկալացիայի պատճառ, սրելով հայ-թուրքական առանց այն էլ սուր հարաբերությունները, առիթ տալով թուրք-ադրբեջանական հարաբերությունների առանց նախապայմանների սերտացման, միաժամանակ ելնելով մերձավորարեւելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, Ադրբեջանի ներքաղաքական կացությունից, ռուս-ադրբեջանական աննախադեպ մերձեցումից, հնարավոր դարձնի ռազմական գործողությունների միջոցով ստատուս-քվոյի վերականգնումը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունում եւ ոչ մի կերպ չստորագրվող պայմանագրի ստորագրումը ոչ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ձեռնտու սահմաններով: Եվ արդյո՞ք Քլինթոնի կողմից նախընտրական տրամադրությունների վրա ազդելու անկարողության հիշատակումը, Քլինթոնի եւ Օլբրայթի կողմից Կոնգրեսի վրա ճնշումներ գործադրելու փաստը եւ կոնգրեսամետ քարոզչության կողմից վերջիններիս գործողությունները բուռն կերպով չդատապարտելը, որոշ հակաթուրքական տրամադրությունների կրող քաղաքական ուժերի ու գործիչների մեղմ դիրքորոշումները չեն խոսում այն մասին, որ Ցեղասպանության խնդիրը կարող է հերթական անգամ մաս կազմել մի խաղի, որի բոլոր մասնակիցները խաղից դուրս կարող են գալ շահած, Հայաստանի Հանրապետությունից ու Լեռնային Ղարաբաղից բացի: Գուցե ասվածը հիպոթետիկ է թվում, բայց արդյո՞ք լուրջ փաստարկներ կան, որ կարող են ցրել այս մտավախությունը: Ութ տարի շարունակ ամերիկյան վարչակազմը հնարավորություն ուներ ամենայն վճռականությամբ անդրադառնալ Ցեղասպանության խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին ընդհանրապես, մանավանդ որ Բիլ Քլինթոնը դեռ իր առաջին նախընտրական քարոզարշավում էր խոստումներ տվել: Ցեղասպանության խնդիրը եւ պետականությունը Ցեղասպանության խնդիրը պետք է դիտարկել միմիայն Հայաստանի Հանրապետության, որպես պետական միավորի շահերից, քանզի չի եղել մի ժամանակաշրջան, երբ Հայ Դատի ու Հայոց ցեղասպանության խնդիրը դուրս է եղել հայկական պետական միավորի քաղաքականությունից: Խորհրդային Հայաստանը նույնպես, որպես պետական միավոր, մշտապես փորձել է անդրադառնալ Ցեղասպանության խնդրին: Այլ հարց է, որ քայլերը հնարավոր են եղել իրականացնել այնքանով, որքանով դրանք չեն բախվել Խորհրդային Միություն-Թուրքիա քաղաքական շահերին, կամ որքանով դրանք տեղավորվել են այդ շահերում ու չեն վտանգել ոչ Հայաստանի, որպես պետական միավորի գոյությունը, ոչ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Որպեսզի չխորանանք Խորհրդային Հայաստանի պատմաքաղաքական, դիվանագիտական բոլոր ձեռնարկումների հիշատակման մեջ, բավական է բավարարվենք միայն լայն հասարակայնությանը հայտնի իրողություններով եւ հիշատակենք թե՛ Յակով Զարուբյանի, թե՛ Կարեն Դեմիրճյանի գործունեությունն այդ ուղղությամբ: Ցեղասպանության ճանաչման խնդիրը միշտ եղել է նաեւ հայ հասարակության գենետիկ պահանջը: Խորհրդային Հայաստանում Ցեղասպանության եւ Հայ Դատի խնդիրները դրված չէին այդ պետության պետական քաղաքականության հիմքում, բայց թե գիտա-մշակութային շերտերում, թե հասարակական ակտիվության փուլերում այն դրսեւորվել է մշտապես: Հիշենք Խորհրդային Հայաստանի գիտամշակութային ժառանգությունը, վաթսունական թվականների շարժումները եւ այլն: Բարեբախտություն էր իհարկե, որ ոչ Հայաստանում, ոչ Հայաստանից դուրս չկային ուժեր, որ ժամանակի իշխանություններին մեղադրեին Ցեղասպանությունը ուրանալու, Հայ Դատը ժխտելու, հայ հասարակությանը՝ հայրերի ու պապերի հիշատակը դավաճանելու մեջ, դրանով իսկ ապականելով հասարակական միտքը: Ընդհակառակը, թե հասարակությունը, թե ժամանակի մտավորականությունը՝ մասնավորապես, ջանում էին ըմբռնել տալ, որ արվում է այնքան, որքան հնարավոր է, ինչպես արդեն նշվեց, հայկական պետական միավորն ու հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու եւ խորհրդա-թուրքական քաղաքական շահերի մեջ հերթական անգամ մանրադրամ չդառնալու տեսանկյունից: Թերեւս միայն ՀՅԴ-ն էր, որ, զարմանալիորեն, միշտ լավ հարաբերություններ ունենալով թե թուրքական, թե խորհրդային որոշակի շրջանակների հետ, Խորհրդային Հայաստանի իշխանությունն ու խորհրդային կարգերը դիտում էր որպես հայ ժողովրդի առջեւ կանգնած թշնամական գործոն: Ցեղասպանության խնդիրը չէր կարող չլինել նաեւ Հայաստանի անկախ հանրապետության առջեւ կանգնած խնդիրներից մեկը: Փիլիսոփայության առումով, անկախ Հայաստանն, ըստ էության, շարունակում էր Խորհրդային Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, բայց անկախ Հայաստանն ավելի շատ վտանգներ ուներ հարցը պետական քաղաքականության հարթության բարձրացնելու, քան Խորհրդային Հայաստանը: Չկար Խորհրդային Միությունը՝ որպես անվտանգության համակարգ, ձեւավորված չէին նոր անվտանգության համակարգեր, կազմավորված չէր հայկական բանակը, առկա էր ղարաբաղյան խնդիրը, եւ ընդհանրապես, տեղի էին ունենում աշխարհաքաղաքական, տարածաշրջանային վերադասավորումներ, գերտերությունների շահերի բախումներ: Սակայն հենց այդ ժամանակ էր, որ Հայաստանին առաջարկվում էր Ցեղասպանության ճանաչման ու Հայ Դատի հետապնդման խնդիրը դնել պետական քաղաքականության հիմքում, չեղյալ համարել 1921 թվականի ռուս172թուրքական պայմանագիրը եւ այլն: Խնդիրը դնում էին դաշնակցությունն ու նրան հարող ուժերը, ազգայնական, ցեղապաշտական հոսանքների կրողները: Երբ Հայաստանի նորընտիր խորհրդարանում, 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ համարելու հարցին նվիրված նիստում, ամենայն սրությամբ քննարկվում էր Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, այն ժամանակ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշատակեց, որ ոչ Ալեքսանդր Մյասնիկյանը, ոչ Խատիսյանը պակաս հայրենասերներ չէին, քան այդ խնդիրները հայոց նորաստեղծ պետականությանը պարտադրողները, բայց նրանք ստիպված էին մեկը մյուսի ետեւից ստորագրել Հայաստանի խայտառակ պարտությունների պայմանագրերը: ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ Հ.Գ. Ամերիկյան Կոնգրեսը հետաձգեց Ցեղասպանության հարցի քննարկումը: Կոնգրեսի ղեկավարի հավաստմամբ, պատճառը նախագահ Քլինթոնի նամակն է, որում ասվում է, որ հարցի քննարկումը բախվում է Միացյալ Նահանգների ազգային շահերին եւ որ ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է դա հաշվի առնել: Կրկին ուզում ենք հիշեցնել Տեր-Պետրոսյանի այն արտահայտությունը, որ լոբբիզմը սահման ունի եւ նրա ազդեցությունը վերջանում է այնտեղ, որտեղ բախվում է ԱՄՆ ազգային շահերին: Իսկ մեր այն տեսակետը, որ ամերիկյան Կոնգրեսի վճռականությունը ենթադրում էր, որ այս պահին ամերիկյան ազգային շահերից է բխում էսկալացիայի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանային վերաձեւումների խնդրի լուծմանը հասնելը, չպետք է օրակարգից հանված համարել: Կարելի է ենթադրել, որ խնդիրը հետաձգվում է մի առ ժամանակ եւս: Հավանաբար Քլինթոնի նամակը Կոնգրեսի ղեկավարին ավելի լուրջ տեղեկատվություն է պարունակել, քան բանավոր հորդորը: Չի բացառվում նաեւ կոնֆիդենցիալ ռուսական քաղաքական միջամտությունը, քանի որ բանաձեւի ընդունումը ենթադրում էր լուրջ գործողություններ այս տարածաշրջանում, առանց այն էլ մերձավորարեւելյան գրեթե պատերազմական իրավիճակի ֆոնի վրա: (շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել