Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 21,2000 00:00

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԹԵՐԵՎՍ ՉԻ ՁԵՎԱՎՈՐՎԻ Սակայն բացառված չէ, որ Աշոտ Մանուչարյանի արծարծած խնդիրների շուրջ անցկացվեն խորհրդարանական լսումներ։ Եթե, իհարկե, այս ԱԺ-ում դեռեւս լիովին չի խամրել հոկտեմբերի 27-ի հիշողությունը։ Աշոտ Մանուչարյանն ասուլիսում պատրաստակամություն էր հայտնել հոկտեմբերի 27-ի եւ Գոբլի ծրագրի առնչակցությունների վերաբերյալ իր պնդումների իսկությունը փաստերով ապացուցել խորհրդարանական հանձնաժողովի առջեւ, որին վկայություն տալու կհրավիրի նաեւ այն բազմաթիվ մարդկանց, որոնք մասնակցել են Մեղրիի շուրջ բանակցություններին։ Փորձեցինք պարզել, թե ԱԺ-ում կա՞ն արդյոք նման հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալու մտադրություն ունեցողներ։ Խմբերն ու խմբակցություններն այս հարցը դեռեւս չէին քննարկել, իսկ առանձին պատգամավորները, որոնց հետ զրուցեցինք այս խնդրի վերաբերյալ, շատ լավ էին գիտակցում, թե օրենսդրությանը հակասում է նման հանձնաժողով ձեւավորելը, երբ հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ քրեական գործը դեռեւս ընթացքի մեջ է։ Ի դեպ, չնայած էներգետիկ չարաշահումների վերաբերյալ եւս հարուցված քրեական գործեր կային՝ դրանք խոչընդոտ չդարձան համապատասխան հանձնաժողովի ձեւավորման համար։ Այս դեպքում, մեր տպավորությամբ, պատգամավորների գերակշիռ մասը հակված չէր կանաչ լույս վառել Աշոտ Մանուչարյանի նախաձեռնության առջեւ։ Ըստ Հայկոմկուսի Երեւանի քաղկոմի 1-ին քարտուղար Յուրի Մանուկյանի՝ «Եթե Աշոտ Մանուչարյանը իմացել է եւ չի հրապարակել, չի ներկայացել եւ չի ասել իր փաստերը՝ դա արդեն հանցագործություն է եւ նա ենթակա է պատասխանատվության։ Առանց այն էլ անկայուն այսօրվա պետությունում ի՞նչ է փնտրում Աշոտ Մանուչարյանը, ինչո՞ւ նորից հանդես եկավ, նրա առաքելությունը ո՞րն է։ Շատ կասկածելի անձնավորություն է՝ շատ կասկածելի վարքագծով։» ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը եւս հարցականներ ուներ. «Ի՞նչ խնդիրներ կան, որ Աշոտ Մանուչարյանն այդ տեղեկությունները չի կարող ներկայացնել պատկան մարմիններին։ Կարծում եմ, այդպիսի խնդիրներ լինել չեն կարող, այլապես կասկածի տակ պիտի առնվեր ամբողջ կառույցը, որ, կարծում եմ, շատ լուրջ մեղադրանք է։ Իսկ դրա հիմքերը ես չեմ տեսնում»։ Սակայն Աշոտ Մանուչարյանը ասուլիսում հենց նման մեղադրանք էր ներկայացրել քննչական խմբին, թե այն բացարձակ անվստահելի է, «ճնշումների չի դիմանում եւ անընդհատ մի կողմից անցնում է մյուս կողմ»։ ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը նախաձեռնությամբ հանդես գալու համար կարեւորում էր՝ «Ես պիտի տիրապետեմ տեղեկատվությանը. կա՞ն լուրջ փաստեր, թե՞ … Եթե Աշոտ Մանուչարյանն ունի դրանք եւ գտնում է, թե պատգամավորները պիտի աջակցեն, որ նման հանձնախումբ ստեղծվի, բնական է՝ գոնե նախաձեռնող պատգամավորներին պիտի տրամադրի այդ տեղեկատվությունը։ Մինչեւ այդ տեղեկատվությունը չստանամ եւ չպատկերացնեմ, թե ինչ կարող է ասել Աշոտ Մանուչարյանը՝ ես երբեք չեմ նախաձեռնի նման բան։ Եվ դեմ կլինեմ, եթե ԱԺՄ-ն էլ նման քայլերի գնա»։ Արշակ Սադոյանը բավարար չէր համարում այն տեղեկատվությունը, որ ասուլիսում ներկայացրեց Աշոտ Մանուչարյանը. «Դա տեղեկատվություն էլ չէր. ցանկացածը վերլուծելով կարող է նման հիպոթեզներ ու ենթադրություններ անել»։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Կիմ Բալայանը, որ առաջին խորհրդարանում մաս էր կազմում Վանո Սիրադեղյանի վերաբերյալ Աշոտ Մանուչարյանի մեղադրանքներն ուսումնասիրող հանձնաժողովին, այժմ նույն կերպ չէր տրամադրված Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նույն գործչի մեղադրանքներին անդրադառնալու նկատմամբ. «ՀՅԴ խմբակցությունը նստած չէր սպասում, թե Աշոտ Մանուչարյանն ինչ առաջարկ է անելու, որ մենք քննարկենք»։ Հանձնաժողովի ստեղծման առաջարկը կանոնակարգին հակառակ համարելով՝ պրն Բալայանը չէր տեսնում նաեւ լսումների անհրաժեշտությունը. «Լսումներն ի՞նչ կարող են տալ։ Ընդամենը տեղեկատվության փոխանակում կլինի՝ ոչ ավելին։ Պարզ չէ դրա իրավական հետագա ճակատագիրը»։ Մեր զրուցակիցներից միակը, որ դրական արտահայտվեց նման ուսումնասիրություններ կատարելու գաղափարի նկատմամբ՝ ՀԺԿ-ական պատգամավոր Գագիկ Ոսկանյանն էր. «Ես գտնում եմ, որ 27-ի դեպքերի վերաբերյալ պե՛տք է ստեղծել հանձնաժողով, որին Աշոտ Մանուչարյանը կարող է ներկայացնել իր փաստարկները։ Անհրաժեշտ է պատգամավորական հետաքննություն սկսել, եւ այդ առաջարկն ընդունելի է»։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը պարզաբանեց, թե օրենսդրական որեւէ սահմանում չկա, թե ինչ ասել է ժամանակավոր քննիչ հանձնաժողով, որը խորհրդարանն այժմ ձեւավորելու իրավունք չունի՝ ըստ ԱԺ կանոնակարգի։ Սակայն կարող են խորհրդարանական լսումներ կազմակերպել։ Գուցե հենց պետաիրավական հանձնաժողովն էլ կազմակերպի՞ դրանք, մանավանդ որ, մի շարք կարեւոր խնդիրների շուրջ լսումների նախաձեռնողն է՝ մեր այս հարց-առաջարկին ի պատասխան, պրն Դալլաքյանն ասաց. «Չեմ բացառում, որ հանձնաժողովը կարող է այս հարցը դարձնել քննարկման առարկա»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել