Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությանը Չարենցի թանգարանն էլ չի փրկի

Հոկտեմբեր 20,2000 00:00

Կառավարությանը Չարենցի թանգարանն էլ չի փրկի

Վերջերս շատ է խոսվում թանգարանների եւ մշակութային արժեքների պահպանման մասին։ Իսկ այսօր գրեթե բոլոր թանգարանները անուշադրության են մատնված թե՛ կառավարության եւ թե՛ պետական տարբեր մարմինների կողմից։

«Ինչպես անենք, որ մեր մշակութային արժեքները լինեն բարեկարգ վիճակում, պահպանվեն մեր ձեռագրերը եւ մենք՝ մշակութային գործիչներս, որ կոչված ենք ծառայելու այդ գործին, կարողանանք պատասխան տալ այդ հարցերին եւ լուծումներ գտնել»,- ասաց Հայկական մշակութային ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը։

Հայկական մշակութային ֆոնդի կողմից հրավիրված թանգարանների տնօրենները առանձին-առանձին ներկայացրին թանգարաններում տիրող ծանր իրավիճակը, այդ հարցում կրկին ու կրկին մեղադրելով ներկայիս կառավարությանը։ Կառավարության մի մասն է կազմում նաեւ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը, որը ներկաների համոզմամբ «այնպիսի վիճակում է, ինչպես մեր երկիրը»։ Իսկ Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի առաջարկությանը, թե «մշակույթի նախարարությունը» հանվի եւ միայն մնա «սպորտի նախարարություն» անվանումը՝ հավանության արժանացավ։

Երբ խոսքը տրվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Գոհար Հարությունյանին, վերջինս դժգոհության նշաններ ցույց տվեց եւ հայտարարեց, որ իր թանգարանը ոչ մի պրոբլեմ չունի, ապահովված է ամեն ինչով եւ ոչ մի բանի կարիք չի զգում։ Որից հետո տիկին Հարությունյանը կողքի նստածի հետ սկսեց մինչեւ վերջ զրուցել՝ խանգարելով մյուսների ելույթները։

Լիլիթ Հակոբյանը թվարկեց իր թանգարանի պրոբլեմները, որոնք, ըստ նրա, «բոլորի պրոբլեմն են»։

Թանգարաններն ընդհանրապես չեն ֆինանսավորվում պետության կողմից։ «Անցյալում մի քանի հոդվածի համար որ մի քանի կոպեկ էլ տալիս էին, այժմ աշխատավարձ ենք ստանում հինգ ամիսը մեկ,- ասաց Լ. Հակոբյանը։- Թանգարանները չեն ջեռուցվում, իսկ Չարենցի տուն-թանգարանի մասունքները, խոնավության պատճառով, փչանում են»։

– Հնարավո՞ր է մեկ-մեկ թվարկել, թե ինչ է տալիս հայ ժողովրդին Չարենցի տուն- թանգարանը, Չարենցի պոեզիան»,- զայրույթով ասաց տիկին Հակոբյանը։ Ըստ նրա, «կառավարությունը փոխանակ մեր մեծերի ստեղծագործությունները իր սեղանի գիրքը դարձնի, եւ դրանցից դասեր քաղի, ժողովրդին այս վիճակից հանելու համար, չգիտես թե ինչով է զբաղված»։

«Սակայն ինչ կարող է անել մեր վարչապետը, որը ոչ մի անգամ Չարենցի թանգարան չի այցելել եւ համոզված եմ, որ Չարենցից մի տող նույնիսկ չգիտի»,- ասաց Լ. Հակոբյանը (տիկին Հակոբյանը, անշուշտ, չգիտի, որ մեր վարչապետը թեեւ Չարենց չի կարդացել, բայց հո 14 տարեկանից ակտիվ քաղաքականությամբ է զբաղվել- Հ. Մ.)։

Իսկ Ջոտտոյի թանգարանի վարիչ Գեւորգ Գրիգորյանն այն կարծիքին է, որ «պետությունից որեւէ բան պահանջել պետք չէ», քանի որ «դա շատ ծիծաղելի եւ անիմաստ կլինի»։ Ըստ նրա, «իրենցից շատ բան է կախված» եւ պետք է փորձել՝ «խորացնել ու զարգացնել այն ամեն լավը, ինչ կա իրենց մեջ»։

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Հարություն Թորոսյանն էլ այլ առաջարկով հանդես եկավ։ Նա առաջարկեց «մի նախաձեռնող խումբ հավաքել», որ զբաղվի թանգարանների հարցով եւ մշակված ծրագիրը ներկայացնի կառավարությանը։ Նա իր դժգոհությունը հայտնեց, որ մամուլով, հեռուստատեսությամբ խոսվում է միայն բժիշկների աշխատավարձերի մասին, իսկ թանգարանում աշխատողների աշխատավարձերի մասին ոչինչ չի խոսվում։ Լ. Հակոբյանի կարծիքով, այս ամբողջ պատմության մեջ ամենակարեւորն այն է, որ ԱԺ-ն օրակարգ մտցնի թանգարանների եւ, առհասարակ, մշակույթի մասին օրենքը։

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031