Ասաց Ռոբերտ Հարությունյանը
Եվ քանի որ իր կոոպերատիվ բնակարանի շրջակայքում ոչ հարմար սար կար եւ ոչ էլ ծառ, նա տեղափոխվեց ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած իր դստեր՝ Սրբուհու՝ մեծ հորեղբորից նվեր ստացած Դիմիտրովի 96 տան երկրորդ հարկը։
Այնտեղից ուսումնասիրելով տեղանքը, տեսավ, որ բակում կա մեկ ուրիշ տուն՝ Դիմիտրովի 96 բն.1, թեեւ այն պատկանում էր իր կրտսեր եղբորը՝ Վիլիկին, սակայն նա ծանր հիվանդ գտնվում էր ԱՄՆ-ում եւ իրեն խանգարել չէր կարող. ուրեմն կարելի է հափշտակել։ Տեսավ, որ շրջակայքում կա հարեւաններին պատկանող հողատարածք. պետք է փորձել հափշտակել։ Հիշեց, որ իր կինը եւ մեծ քույրը ժամանակին մյուս քրոջ ամուսնուն նվիրել են 13 վաուչեր։ Եվ սկսեց։ Նախ քանդեց եղբոր մեկ հարկանի տան տանիքը եւ իր ու կնոջ համար ամառային նստավայր սարքեց։ Անձրեւաջուրը լցվեց եւ փչացրեց եղբոր տան պատերն ու գույքը։ Էրեբունու դատախազությունը նույնիսկ չպատասխանեց այդ հարցով դատարանից ըստ ենթակայության ուղարկված դիմումին։ Ապա կրտսեր եղբոր տանը հետագայում տիրանալու հեռահար նպատակով, եղբոր վրա մատնություն գրեց դատախազություն. վերջինս եղբոր գործողություններում հանցակազմ չգտավ։
Դիմեց «սրած կացնին»՝ Էրեբունու դատարան (դատավոր՝ Նաիրա Հովսեփյան), «իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու» պահանջով։ Բայց ծիծաղաշարժն այն էր, որ «նրանց» ոչ մի իրավունքի խախտում գոյություն չուներ, հայցի առարկա չկար, գործող օրենսդրության համաձայն նա դատարան դիմելու ոչ իրավունք եւ ոչ էլ լիազորություն ուներ եւ հայցադիմումը ենթակա էր վերադարձման։ Սակայն դատավոր Ն. Հովսեփյանը ոչ միայն հայցադիմումն ընդունեց վարույթի, այլ նաեւ հայցի առարկա ստեղծագործեց՝ վճռում գրելով, որ Վիլիկի մեկ հարկանի տունը ոչ թե Դիմիտրովի 96 բն.1 տունն է, որ այն ոչ թե մեկ, այլ երկու հարկանի է եւ մի հարկանի տան երկրորդ հարկում էլ «գրանցեց» «հայցվորին»։ Լուծեց նախ հայցային վաղեմությունը բաց թողած լինելու հարցը, այն հարգելի համարելու ծանրակշիռ հիմք ընդունելով Ռոբերտի արտահայտած զարմանքն այն կապակցությամբ, որ Վիլիկի կառուցած, ընտանիքով այնտեղ 22 տարի բնակված սեփական տունը հանդիսանում է Վիլիկի սեփականությունը։ Եվ առանց աչքը թարթելու, առանց խղճի խայթի, Վիլիկին զրկեց սեփականության իրավունքից, սեփական տնից։
Կարդացեք նաև
Դա աննախադեպ վճիռ էր. այն բացարձակապես չառնչվեց հայցվորին. օրենքի բազմաթիվ խախտումների օգնությամբ միայն իրագործեց հիվանդ (արդեն հանգուցյալ) եղբորը վնաս պատճառելու Ռոբերտի անմարդկային նպատակը։ Չեմ կարծում, թե նաեւ դասախոսող Ն. Հովսեփյանն այդ դատավարության մասին, որպես օրինակ, կպատմի իր ուսանողներին։
Ռոբերտը սպասելով, որ վաուչերների գործողության ժամկետն անցնի, հիմա էլ դիմեց Սպանդարյան դատարան՝ 13 վաուչերների փոխարեն 260 հազ. դրամի պահանջով, նախօրոք Էրեբունու ՆԳ բաժնից կեղծ տեղեկանքներ ներկայացնելով։ Եվ ոչինչ, որ բազմաթիվ վկաներ հաստատեցին, որ վաուչերներն իրոք նվիրաբերվել են, ոչինչ, որ պատասխանողն այդ չօգտագործված վաուչերները ներկայացրեց դատարան, ոչինչ որ հայցային վաղեմության ժամկետը բաց էր թողնված եւ չվերականգնվեց, ոչինչ, որ վաուչերների փոխարեն փող պահանջելու անթույլատրելիության մասին կար ֆինանսների նախարարության պաշտոնական գրությունը, ոչինչ, որ Ռոբերտն ինքը ոչինչ չէր նվիրել եւ նվիրատուների կողմից լիազորված չէր, ոչինչ, որ նվիրատվության պահին վաուչերները շուկայում վաճառվել են ընդամենը 2300 դրամով. դատարանը վճռեց 260 հազ. դրամ բռնագանձել… Ռոբերտ Հարությունյանի օգտին։
Ռոբերտը հիմա էլ դատարան դիմեց ոչ միայն դատարանի օգնությամբ արդեն ապօրինի կառույց դարձած Վիլիկի տունն ու հողատարածքը, այլ նաեւ հարեւանների հողատարածքը հափշտակելու հայցով, փորձելով ճարպկորեն օգտագործել գույքագրման վարչության ժամանակին թույլ տված սխալներն ու անփութությունը։ Այս անգամ, որքան էլ զարմանալի է, չանցավ։ Ավելին, ճշգրտվեցին հողատարածքների սահմանները։ Բայց Ռոբերտը, իրենց հողատարածքները զիջել չցանկացած հարեւանների վրա, մատնություն գրեց, որ նրանք, իբր, ծեծել են իր կնոջը եւ նա, իբր, ուղեղի ցնցում է ստացել։ Ծեծը հորինվածք է, ուղեղի ցնցումը՝ կասկածելի. ցնցված ուղեղով կինը հաջորդ օրը հանգիստ ցուցմունքներ էր տալիս դատախազությունում, որտեղ էլ երեւի գլխի ընկավ, որ բժշկի տեղեկանք է պետք, եւ գործում տեղեկանքը հայտնվեց։ Իհարկե, եթե նույնիսկ ցնցումն իրականում տեղի է ունեցել, այդ տեղեկանքը չի ասում, թե ի՞նչ պատճառով կամ ո՞ւմ մեղքով։ Եվ ահա, այն դատախազությունը, որը Ռոբերտի կողմից եղբոր տան տանիքը քանդելու ապացուցված եւ հանցակազմ պարունակող արարքի մասին դիմումը չտեսնելու տվեց, անմեղ մարդկանց դեմ քրեական գործ է հարուցել։
Ի՞նչ է, Ռոբերտի «սրած կացինը» դեռ երկա՞ր պիտի գործի՝ աջ ու ձախ նյութական եւ բարոյական վնասներ պատճառելով։ Ըստ երեւույթին, մեր երկրում դրա համար կան լայն հնարավորություններ։ Այլապես՝
-ինչո՞ւ դատական վերադաս ատյանները վավերացրին հիշատակված երկու ծիծաղաշարժ վճիռները, դեռ պատճառաբանական մասում էլ իրենք կեղծիքներ մտցնելով,
-ինչո՞ւ Էրեբունու դատախազությունը ուրիշի տան տանիքը քանդելու արարքին գնահատական չտվեց,
-ինչո՞ւ է նույն դատախազությունը քրեական գործ հարուցել անմեղ մարդկանց դեմ։
Մի՞թե պարզ չէ, որ այս բոլոր դեպքերում օրենքը չէ, որ դեր է խաղացել։
ԿԱՌԼԵՆ Գ. ՍԱՀԱԿՅԱՆ