Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ԲԻԼ ՔԼԻՆԹՈՆԸ

Հոկտեմբեր 20,2000 00:00
dat

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ պետք է սկսեր պատվի եւ արժանապատվության վերականգնման պահանջի մասին Անահիտ Զաքարյանի հայցադիմումի քննությունը։

Պատասխանողը ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանն էր, որը չէր ներկայացել դատարան եւ իր փոխարեն ուղարկել էր (որպես ներկայացուցիչ) փաստաբան Հ. Իսաջանյանին։ Հայցվորն, իր հերթին, դատարան էր եկել իր պաշտպան պրն Ադամյանի հետ։ Սակայն երբ նախագահող դատավոր Է. Ավետիսյանը ստուգեց կողմերի ինքնությունը եւ բացատրեց նրանց դատավարական իրավունքները, հայցվորի շահերի ներկայացուցիչը՝ փաստաբան Ադամյանը հանդես եկավ միջնորդությամբ։ Նա միջնորդեց դատաքննությունը հետաձգել, մինչեւ անձամբ Անդրանիկ Միրզոյանը չգա։ Քանի որ հայցվորն իր հայցադիմումում գրել է, թե «նա 20.11.97թ. ծանուցագրով ժամը 17-ին ինձ կանչել է դատախազություն եւ դրսեւորելով մարդուն եւ պաշտոնատար անձին անվայել արարք, առաջարկություն է արել ինձ», ապա փաստաբանը պնդեց, որ Ա. Միրզոյանից բացի ոչ ոք չի կարող ասել, առաջարկություն եղե՞լ է, թե՞ ոչ։ «Դատարանը լծակներ ունի նրան հրավիրելու»,- ավարտելով միջնորդությունը, ասաց փաստաբանը։

Իր հերթին, Ա. Միրզոյանի լիազոր-ներկայացուցիչը՝ փաստաբան Հ. Իսաջանյանը, վկայակոչեց օրենսդրությունը, որ կողմը իրավունք ունի իր ներկայացուցիչը ունենալ, գտնում էր, որ հայցվորի միջնորդությունը պետք է մերժվի։ Հայցվոր Անահիտ Զաքարյանը հարցն ուղղեց պատասխանողին. «Դուք ո՞վ եք, դուք ինձ առաջարկություն արե՞լ եք, դուք պատշա՞ճ եք»։ Դատավոր Է. Ավետիսյանը լսելով երկու կողմերին, գտավ, որ միջնորդությունն օրինական չէ է եւ մերժեց այն։ Սակայն չբացառեց. «Եթե հարցերն այնպիսին լինի, որ ինքը գա…», ինչն ընդհատվեց հայցվորի կողմից. «Ժամանակ չունի՞։ Քլինթոնը ժամանակ ունի, գալիս է, Լեւինսկայայի համար պատասխան տալիս, Անդրանիկ Միրզոյանը չի՞ բարեհաճում»։

Քննչական վարչության պետի ներկայացուցիչը այս անգամ հանդես եկավ միջնորդությամբ, թե Ա. Միրզոյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ է, եւ հայցը պետք է ուղարկվի Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան։ Նա, ի դեպ, ներկայացրեց տեղեկանք բնակության վայրի մասին։ Հայցվոր կողմը պնդում էր, որ «դեպքը Արամուսի հետ կապ չունի։ Այն կատարվել է այստեղ» եւ, որ պատասխանողն էլ բնակվում է Կինո «Մոսկվայի» մոտ։ «Ի՞նչ կապ ունի, թե որտեղ է նա գրանցված» ասելով՝ Ա. Զաքարյանն ու փաստաբանը հեռացան նիստերի դահլիճից…

Դատավոր Է. Ավետիսյանը հեռացավ միջնորդությունը քննարկելու եւ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հայտարարեց, որ ըստ քաղդատօրի 82 եւ 86 հոդվածների, խախտվել են ընդդատության կանոնները եւ հայցը պետք է լսվի Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում։ Նա նշեց, որ դատարանը հայցն ընդունել է, քանի որ հայցվորը նշել էր Սայաթ-Նովայի փողոցը՝ որպես պատասխանողի բնակության վայր։

Ի դեպ, հայցադիմումում խոսվում է նաեւ այն մասին, որ պատասխանողը՝ նախկինում լինելով քննիչ, վարել է հայցվորի ամուսնու՝ Գ. Ղազարյանի գործի քննությունը։ Առաջարկություն անելուց հետո, «սոսկալով իմ բողոքից՝ 21.11.97թ., վախից ազատ է արձակել ամուսնուս։ Այդ նույն վերաբերմունքը դրսեւորել է նաեւ 04.08.99թ. եւ ստացել նույն ապտակը»։ Ա. Զաքարյանը երեկ ասաց, որ անհարմար է զգացել այդ մասին ժամանակին ասել իրավապահ մարմիններին, սակայն տեղյակ է պահել հանրապետության գլխավոր դատախազ Բ. Նազարյանին։

Դատարանում հայցվորը հրապարակային ասաց, որ Ա. Միրզոյանը նախագահի աշխատակազմին կեղծ գրություն է ուղարկել, ըստ որի՝ «իբր Գ. Ղազարյանը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության դրդչության, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաեւ կաշառքի դրդչության եւ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ»։ Այն դեպքում, ինչպես պնդում է հայցվորը, երբ դատավճիռ է կայացվել այլ անձի նկատմամբ եւ դրանք կարճվել են իր ամուսնու՝ Գ. Ղազարյանի մասով։

Առհասարակ, վերջին շրջանում շատացել են քաղաքացիների կողմից «պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի մասին» հայցադիմումները։ Այսօր նույնպիսի հայց կլսվի առաջին ատյանի դատարաններից մեկում, պատասխանողն այս անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազն է լինելու։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031