Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիմա ի՞նչ անենք. օրենքնե՞րը փոխենք, թե՞ իշխանավորներին

Հոկտեմբեր 20,2000 00:00
harcakan

Դուք նկատե՞լ եք, թե որքան նման են հարկային օրենքները հայրենի իշխանավորներին։ Եթե ոչ, ապա համեմատեք ցանկացած օրենքի նպատակ՝ իշխանությունների հայտարարությունների հետ։

Համեմատեցի՞ք։ Հիմա արդեն ազատ եք խոսել այն մասին, որ «հավասար դաշտ», «ՓՄՁ-ի օժանդակություն», «ստվերայնության դեմ պայքար», «բյուջեի մուտքերի ավելացում» հասկացությունները կեղծ կատեգորիաներ են։ Այս պետության մեջ գործում է ընդամենը մի գաղափար՝ տանիք, իսկ օրենքներն էլ միտված են սոսկ է՛լ ավելի անհավասար դաշտ ստեղծելուն։

Մեր «հարկային հայրերը» կոնկրետ օրինա՞կ են պահանջում, խնդրեմ՝ ավելացված արժեքի հարկի մասին օրենքը, որն ընդունվել է 1997թ. մայիսի 14-ին։ Ի դեպ, արժե հիշել, որ ԱԱՀ-ն (անուղղակի հարկատեսակ է) կիրառվում է այն դեպքում, երբ ապրանքը ենթակա է ակցիզային հարկով հարկման եւ կամ՝ երբ ներմուծվող ապրանքի համար սահմանված է մաքսատուրքի 10% դրույքաչափ։ Զարմանալիորեն վերջիններիս ցանկից բացակայում են (այսինքն՝ ԱԱՀ-ով չեն հարկվում եւ, այսպիսով, ավերում են մեր ներքին շուկան) այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են սերմերը, դեղաբույսերը, ալյուրից, կաթից պատրաստված մթերքները, հրուշակեղենը, ցեմենտը, պլաստմասսայե ապրանքները, շարժիչները, գեներատորները, ժամացույցները, ջերմային պոմպերը, տարբեր խողովակներ եւ այլն։ Սա, հավանաբար, կառավարությունը դիտում է իբրեւ ներքին շուկայի պաշտպանության լավագույն դրսեւորում, իսկ «Գրանդ Տոբակոյի» Հրանտ Վարդանյանն էլ այս մասին հիշում է միայն այն ժամանակ (ի դեպ, սիգարետը միակ ապրանքն է, որի ներմուծման եւ արտադրության հարկման տարբերությունը ի նպաստ 2-րդի՝ 20% է կազմում), երբ հարցը կոնկրետ ի՛ր բիզնեսին է վերաբերում։ Իսկ եթե չմոռանանք եւ այն հանգամանքը, որ ԱԱՀ-ից ազատված են նաեւ $500-ին համարժեք ապրանք ներմուծողները, ստացվում է, որ նորից գալիս-կանգնում ենք Բագրատաշենի շուկայի չլուծված եւ նորմալ գործարարի՝ ի սկզբանե դատապարտված լինելու խնդրի առաջ։

Դե, նրանք էլ, իրենց հերթին, ստիպված են լինում կամ լեզու գտնել մաքսավորի հետ, կամ հետագայում թաքցնել իրական շահույթի չափը, քանի որ, բացի վերը նշված եւ օրենքով արդարացվող անհավասար դաշտից, սահմանի գլխին էլ են բազմաթիվ անօրինություններ տեղի ունենում։ Այսպես. ենթադրենք, հաշվետու ամսի՝ մայիսի 15-ին գործարարը ներմուծել է 1,5 տոննա շաքարավազ՝ 150 հազ. դրամ ինվոյսային (մաքսային) արժեքով։ Հիշյալ 1,5 տոննան հաջողությամբ թերհայտարարագրվում-դառնում է 1 տոննա, ինվոյսային արժեքը ձեւակերպվում է 100 հազար դրամով, որն էլ շուկայում կամ դեմպինգային գին է առաջ բերում՝ էժանացնելով ապրանքը, կամ՝ գերշահույթներ է ապահովում կեղծողի համար՝ թույլ չտալով ազնիվ գործարարին ֆինանսապես հզորանալ։

Բայց շարունակենք դիտարկել շաքարավազի օրինակը։ Այս 100 հազար դրամ արժեցող եւ 1 տոննա «դարձած» շաքարավազի համար գործարարը հենց սահմանի գլխին 20% ԱԱՀ է վճարում, որը կազմում է 20 հազ. դրամ։ Այնուհետեւ, հարկը աշխատում է նաեւ հետագա շղթայում՝ մինչեւ վերջին սպառող, եւ ով այդ ապրանքը գնում է, պետությունը նրանից փող է գանձում։ Օրինակ, ենթադրենք, այդ շաքարավազը վաճառվել եւ տիրոջը 150 հազ. դրամի իրացման շրջանառություն է բերել։ Սրա ԱԱՀ-ն կազմում է 30 հազ. դրամ, բայց քանի որ 20 հազ. դրամ արդեն տրվել է 100 հազ. մաքսային արժեքից, հաշվանցման տարբերությունը կազմում է 10 հազ. դրամ։ Այս 10 հազ. դրամը գործարարը պիտի վճարի մինչեւ հաջորդ եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա 25-ը, տվյալ դեպքում՝ հուլիսի 25-ին։ Կյանքը ցույց է տալիս, որ այն կամ չի վճարվում, կամ վճարվում է 1 անգամ եւ գնում-կորչում է հետագա շղթայում։ Ասենք՝ այդ շաքարավազով պատրաստված հյութի արտադրության ժամանակ, որի դեպքում էլ, փաստորեն, հյութի տերը պիտի ԱԱՀ վճարի, հետո՝ այդ հյութն առնողը, եւ այսպես շարունակ։ Մինչեւ՝ մեկը ապրանքը ձեռք բերի եւ այլեւս չվաճառի։ Շղթան այստեղ նոր փակվում է։

Հիմա, կառավարությունը դեռ ամռանը խոստացել էր ստվերային դաշտին մեծապես նպաստող այս օրենքում փոփոխություններ կատարել եւ ներկայացնել ԱԺ՝ հարկային վարչարարության բարելավման ընդհանուր փաթեթի հետ մեկտեղ։ Ծրագիրը, սակայն, դեռեւս նոր-նոր քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովում եւ դեռ պարզ չէ՝ համաձա՞յն է կառավարությունը այն պատգամավորների հետ, որոնք առաջարկում են շղթան հենց սահմանի գլխին փակել եւ այլեւս որեւէ հաշվանցման, չինովնիկի հետ գործ չունենալ։ Ասել է թե՝ նույն այդ 100 հազ. դրամ արժեցող 1 տոննա շաքարավազից գանձել ԱԱՀ-ի 20%-ը՝ 20 հազ. դրամ, գումարած եւս 2%՝ հաստատագրված հիմքով։ Այսինքն՝ գործարարը վճարի եւս 2000 դրամ հենց սահմանի գլխին, ինչը միանգամից լուրջ միջոցներ կուղղի պետբյուջե, եւ ամեն ինչից ազատվի։ Սա արդեն իրո՛ք հավասար դաշտ կփորձի բերել գործարարներին, եւ եթե լուծվի նաեւ բեռների թերհայտարարագրման, մաքսային արժեքում սխալ թիվ ձեւակերպելու, Բագրատաշենի շուկայի հարցը, գուցե թե սայլը տեղից վերջապես շարժվի։ Հակառակ պարագայում, տնտեսվարելն անհնար է, գործարարին սատարելու ամբոխավար հայտարարությունները՝ սին։

ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031