Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսից-դենիցը՝ կառավարությունում

Հոկտեմբեր 20,2000 00:00
hAYELI

Բաշխիչ ցանցերի մասնավորեցման գործընթացը, ըստ ժամանակացույցի, կավարտվի մարտ ամսին։ Եթե ամեն ինչ հարթ ընթանա, նույն ժամանակ կկնքվի մասնավորեցման պայմանագիրը։

«Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ների մասնավորեցման մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգը կառավարությունը հաստատեց երեկվա նիստում։ Անկախ էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանի ասելով, մասնավորեցման մեկնարկային գնի մասին դեռեւս խոսք չկա։ Հնարավո՞ր է, որ ԲԷՑ-երի մասնավորեցման գործընթացն արագացվի բյուջեն քիչ թե շատ լցնելու համար. «Համենայնդեպս ներկայացված ժամանակացույցը, ըստ մեր հանձնաժողովի անդամների, մաքսիմալ արագ ժամանակացույց է»։ Վարդան Մովսիսյանը հավաստիացրեց, որ մրցութային հանձնաժողովը շարունակելու է աշխատել բաց եւ հրապարակային։ Հիշեցնեմ, որ հանձնաժողովի անդամներն են ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ։ ԱԺ-ից հանձնաժողովի անդամ են Գագիկ Մինասյանը, Սեյրան Ավագյանը, Հայկ Բաբուխանյանը, Կիմ Բալայանը, Մյասնիկ Մալխասյանը, Վահագն Գրիգորյանը։ Մրցույթի կանոնակարգը նախատեսում է կազմակերպել բաժնետոմսերի առնվազն 51%-ի վաճառքը միջազգային մրցույթով, ինչպես նաեւ մինչեւ 20%-ի ուղղակի վաճառքը՝ միջազգային ֆինանսական հաստատությանը։

Կառավարությունը ԲԷՑ-երի հարցից բացի մի շարք այլ որոշումներ եւս կյանքի կոչեց։ Որոշվեց ստեղծել «Ինֆոտենդեր» ՓԲԸ, որը պետք է պետական գնումների ոլորտում առկա տեղեկատվական բացը վերացնի, որովհետեւ պետության 6500 եւ 930 համայնքների կարիքների համար գնումներ կազմակերպել՝ առանց տեղեկատվության, խիստ բարդ գործ կլինի։ Ի դեպ՝ 16 հազար անուն ապրանքների մասով։

Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության մասով կառավարությունը երեկ որեւէ հարցի վերաբերյալ որոշում չկայացրեց։ Նախարար Ռոլանդ Շառոյանից փորձեցինք նախորդ օրը սպորտի վարչությունում տեղի ունեցած կեղծ ահազանգի մասին մանրամասներ իմանալ։ Արդյո՞ք ռումբի մասին լուրերը կարող էին լուրջ ենթատեքստ ունենալ, ասենք մեկնումեկին զգուշացնելու կամ վախեցնելու համար արված լինեին։ Պրն Շառոյանը որեւէ միտում չի նկատում, նա մանրամասն պատմեց հետեւյալը. «Երկու տղա պահակ մայրիկին ասել էին, որ ռումբ է դրված ու փախել էին։ Արդեն վարչության պետը բոլորին հանել էր շենքից, ես էլ ահազանգեցի ՆԳ նախարարություն։ Մոտ 45 րոպե ստուգեցին, ոչինչ չկար»։ Այդ օրը Ռոլանդ Շառոյանը սպորտվարչության շենքում չէր եղել։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կրկին Երեւանում է եւ երեկ պատասխանեց «Ա1+»-ի հարցերին, որոնք վերաբերում էին «ԱրմենՏելին»։ Պրն Հարությունյանի ասելով, հունական եւ հայկական կողմերը պատրաստ են «ԱրմենՏելի» պայմանագրում լուրջ փոփոխությունների գնալ եւ այդ առումով կպահանջվի լրացուցիչ ժամանակ. «Մենք պատրաստ ենք քննարկելու ցանկացած տարբերակ։ Բանակցությունների հիմքում ընկած է համարժեքության սկզբունքը եւ, եթե մենք պակասեցնում ենք ներդրումները, շատ բնական է, որ մենք դրա դիմաց շատ որոշակի պահանջներ ենք ներկայացնում։ Մենք պատրաստ ենք լրջորեն վերանայել հարցը, կաշկանդված չլինելով նախկին պայմանագրով»։ Արդարադատության նախարարի ասելով, բանակցությունների հետաձգումը պայմանավորված է այն բանով, որ նոր, հետաքրքիր լուծումներ են առաջարկվում։ Հարցի լուծման համար, ըստ Դավիթ Հարությունյանի, կպահանջվի լրացուցիչ 2-3 ամիս։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031