Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱ ԹԵ ՈՒՐ ՀԱՍՑՐԵՑ ԿԼԻԶՄԱՅԻ ԱՆԵԿԴՈՏԸ

Հոկտեմբեր 20,2000 00:00
Arakadi vardanyan

«Մեր ստույգ տվյալներով երեք ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանը լիովին անցել է բժշկական հետազոտություն եւ առողջության հետ կապված որեւէ պրոբլեմ չունի։ Նրա անհայտանալը Հայաստանից որեւէ կապ չունի պաշտոնական այդ վարկածի հետ։ Այս քայլը նրա անվերջ ինտրիգների շղթայի եւս մեկ օղակն է»։

Այսքանն ասելուց հետո Արկադի Վարդանյանը ողջ հասարակությանը իրավունք ընձեռեց նախագահի՝ Հայաստան վերադառնալուց հետո նրանից պահանջել բոլոր անալիզների տեղեկանքները։

Իսկ առհասարակ այս ամենն ասվում է մեկ նպատակով՝ նախագահը պետք է սեփական կամքով հրաժարական տա։ Հակառակ պարագայում Արկադի Վարդանյանը Օպերայի բակում կհավաքի մոտ 70 հազար հայի, որոնք կճնշեն Քոչարյանին եւ նրան կդրդեն պաշտոնանկության, ապա ժողովուրդը կընտրի պետության նոր ղեկավար։ Հակառակ դեպքում «մենք կփորձենք ճնշում գործադրել ԱԺ-ի վրա, որպեսզի արագացվի (բայց դեռ չի էլ սկսվել- Լ. Ա.) պրն Քոչարյանի իմպիչմենտի հարցը»։

Լրագրողներից մեկին հետաքրքրեց, թե ինչո՞ւ մեկ տարի առաջ Ա. Վարդանյանի հովանավորյալ թերթերում Քոչարյանին քննադատող եւ ոչ մի հոդված չէիր տեսնի, իսկ այսօր պրն Վարդանյանը ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք է ընդունել։

«Վարչապետ դառնալուց անմիջապես հետո Վազգեն Սարգսյանը ստանալով այն ինֆորմացիան, որը նա չուներ մինչ այդ, սարսափով համոզվեց, թե ինչպիսի լայնատարած կողոպուտ է ծավալել իշխանությունը։ Ստանալով այդ տվյալները, նա, ըստ երեւույթին, որոշեց տնտեսության վերականգնման փորձ անել։ Շատերս հույս էինք կապում, որ Կ. Դեմիրճյան-Վ. Սարգսյան միացումը թույլ կտա երկիրը ճգնաժամից հանել»։ Սակայն հոկտեմբերի 27-ից հետո պրն Վարդանյանը համոզվեց, որ ո՛չ Ռ. Քոչարյանը, ո՛չ Ս. Սարգսյանը չեն պատրաստվում բաց թողնել իշխանության ղեկը։

Ինչպես բոլոր հարուստ մարդկանց կողքին, այնպես էլ պրն Վարդանյանի շուրջ անմիջապես հավաքվեցին «կուսակցությունիկների» ղեկավարներ, մշակույթի կիսաքաղց ներկայացուցիչներ, լրագրողներ։ Մինչ ասուլիսը վարող Ալեքսանդր Սայադյանը խնդրեց լրագրողներին կոռեկտ եւ քաղաքավարի արտահայտվել Ա. Վարդանյանի մասին, վերջինս այսօրվա իշխանություններին անվանեց «դեգեներատիվ էլիտայի կլասիկ տարբերակ»։ Պրն Վարդանյանի կողքին նստած էին ԳիԱրՔՄի-ի ներկայացուցիչներ։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե Հայաստանում ո՞ր քաղաքական ուժերի աջակցության վրա է հույս դրել պրն Վարդանյանը եւ ո՞ր կուսակցություններն են համակրում նրա ծրագրերը, Ա. Վարդանյանը հիշեց «փոքր եւ միջին ծավալ ունեցող, աննշան կշիռ, բայց մեծ թիվ ունեցող» կազմակերպությունների մասին, որոնցից «մի քանի տասնյակն արդեն հայտարարել են, թե մեզ հետ են եւ կիսում են մեր մտահոգությունը (նա մոռացավ ասել՝ նաեւ փողը- Լ. Ա.)»։ Մասնավորապես՝ սոցիալիստական կուսակցությունը, «Ժողովրդավարական Հայրենիքը»։ ԳիԱրՔՄի-ն շուտով կմիանա։ Քիչ անց «հեռագրերը շարունակվում են ստացվել» սկզբունքով Ա. Սայադյանը հաղորդավարի իր համարյա բասով ընթերցեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հայտարարությունը, որը ծանոթանալով Ա. Վարդանյանի «ազգային բարոյականության սահմանումներին, իր ամբողջ ուժերով» (՞) սատարում է նրան։

«Առավոտը» հետաքրքրվեց նաեւ, թե ինչպես է գնահատում իր նախագահ դառնալու շանսերը, հաշվի առնելով, որ իր մրցակիցը Արտաշես Գեղամյանն է։ Ցիտեցինք նաեւ «Իրավունք եւ միաբանության» մի անդամի կարծիքն առ այն, որ Ա. Վարդանյանը նախագահ դառնալու համար պիտանի չէ, քանի որ ի թիվս այլ թերությունների, չի մարտնչել ռազմի դաշտում եւ կոմֆորտի մեծ սիրահար է։ «Եթե կոմֆորտի հանդեպ մեծ սեր ունենալը հանցագործություն է, երեւի թե դատապարտված եմ պարտվելու, բայցեւայնպես, կարծում եմ, որ իմ շանսերը բավականին բարձր են»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031