Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 20,2000 00:00

ՆՈՐ ՇՐՋԱԴԱՐՁԵՐ՝ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Այս տարվա ապրիլ, մայիս ամիսներից 27-ի նախաքննությունը գլխիվայր շուռ եկավ։ Դա տարօրինակ չէր, եթե հաշվի առնենք, որ հատկապես այդ շրջանում նախագահ Քոչարյանի դիրքերն աստիճանաբար սկսեցին ամրանալ։ Իսկ վերջին շրջանում ամենատարբեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ գործի նախաքննությունը նոր շրջադարձեր է կատարում։ Մասնավորապես, մեր տեղեկությունների համաձայն, 27-ի ոճրագործ հնգյակից ոմանք շարունակում են ցուցմունքներ տալ՝ էապես նոր ցուցմունքներ։ Եվ բացառված չէ, որ դատավարության ժամանակ հրապարակվեն, ասենք, այսօրինակ ցուցմունքներ. Վազգեն Սարգսյանի սպանության ցուցումը Հունանյանը ստացել է Կարեն Դեմիրճյանից։ Ցուցմունքները, հավանաբար, համեմված կլինեն նաեւ այլ «փաստերով»։ Օրինակ, ահաբեկչական գործողությունից անմիջապես առաջ Նաիրի Հունանյանն իմացել է, որ Վ.Սարգսյանին սպանելուց հետո, Կ.Դեմիրճյանի թիկնապահներն էլ իրենց են ոչնչացնելու, ուստի ստիպված են եղել սպանել նաեւ Կ.Դեմիրճյանին։ Մինչ այդ, իհարկե, մեր տեղեկությունների համաձայն, հակառակ տարբերակը ներկայացվել էր Կ.Դեմիրճյանի հարազատներին. իբր Վ.Սարգսյանն է Կ.Դեմիրճյանին սպանելու հրահանգ տվել։ Եվ այս սցենարի հեղինակներին խանգարել է միայն խորհրդարանի դահլիճում սպանդն արձանագրած տեսաժապավենը, որը պետք է գոյություն չունենար եւ որից հստակ է դառնում, որ ոճրագործների առաջին կրակոցը բաժին է ընկել հենց Վ.Սարգսյանին, ապա նպատակային կրակոցներով սպանվել են Կ.Դեմիրճյանն ու Յուրի Բախշյանը, որի վերաբերյալ, թերեւս, առայժմ ցուցմունքներ չկան։ Զարմանալի զուգադիպություններ կան Հայաստանում, միայն վերջին 2-3 տարում, տեղի ունեցած բարձրաստիճան պետական պաշտոնյաների սպանություններում։ Տպավորություն կա, թե դրանց կազմակերպիչները շատ փնթի են իրագործում ստացած հրահանգները, եւ բոլոր սպանություններում ինչ-որ բան անկատար է մնում։ Այդ էր, թերեւս, պատճառը, որ, ասենք, ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունու սպանությունը չհաջողվեց փաթաթել Սամվել Բաբայանի վզին։ Կամ այնքան էլ համոզիչ չստացվեց ՆԳՆ փոխնախարար Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը։ Իսկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունն ու Արամ Կարապետյանի ինքնասպանությունը ծրագրի մտահղացմամբ եւ տեխնոլոգիայով շատ նման է 27-ին վերաբերող վերոնշյալ հնարավոր վարկածներին՝ մե՛կ Վ.Սարգսյանի, մե՛կ Կ.Դեմիրճյանի դեմ։ Երկու դեպքում էլ դրանց նպատակը գործողության «հեպի էնդ»-ն է՝ սպանության պատվիրատուն ինքնասպան է եղել կամ սպանվել է, եւ բացահայտումների շղթան այլեւս փակ է։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել