Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՋԱՓՆՅԱԿԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Հոկտեմբեր 20,2000 00:00

ԱՋԱՓՆՅԱԿԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ Երեւանի Աջափնյակի թաղապետարանն ու նրա թաղապետ Ռաֆիկ Մկրտչյանը վաղուց էին իշխանությունների աչքի փուշը դարձել։ Թե որքանով է դա պայմանավորված այն հանգամանքով, որ վերջինս «Ժողովրդավարական Հայրենիքի» անդամն է կամ երբեւէ վայելել է Վազգեն Սարգսյանի համակրանքը՝ դժվար է ասել։ Փաստ է, որ վերջին՝ մոտ մեկ տարվա, ընթացքում Աջափնյակի թաղապետարանն ամենատարբեր ստուգող մարմինների թիրախն է եղել։ Վերջին ստուգողն այստեղ հանրապետության նախագահի վերահսկողության ծառայությունն է եղել։ Ստուգումների արդյունքում այս ծառայությունը մի շարք դիտողություններ էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, որը պետք է քննարկվեր եւ կառավարությունում հարց բարձրացվեր Ռաֆիկ Մկրտչյանի պաշտոնանկության մասին։ Այդ քննարկումները, թերեւս, այդպես էլ չկայանան։ Ռ.Մկրտչյանն ինքն է հրաժարական ներկայացրել։ Իհարկե, այն փաստարկները, որ բերված են այդ եզրակացության մեջ, անհեթեթ են հենց միայն այն իմաստով, որ դրանց գերակշիռ մասը վերաբերում է թաղապետարանի կողմից հավաքագրված ֆինանսական միջոցների ցածր մակարդակին։ Մինչդեռ նույն տրամաբանությամբ պաշտոնանկության ենթակա կարող է լինել ոչ միայն պետության եկամուտների հոսքն ապահովող նախարարը, այլեւ վարչապետը։ Հայտնի է, որ Ա.Մարգարյանի կառավարությանն առայժմ հաջողվել է 2000թ. պետբյուջեի մուտքերն ապահովել ընդամենը 57 տոկոսով։ Ն. Մ. ՏՌՈՒԲԻ ՊԱՏՎԻՆ Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը ԱԺ լսումներում ներկայացրեց Սինակ վերանվանվելիք Ավթոնա գյուղի պատմությունը։ Դա քրդերի գյուղ է եւ «Ավթոնա» քրդերեն նշանակում է՝ անջուր։ Բայց մի վեց ամիս առաջ գյուղում վերջապես ջրագիծ են կառուցել, եւ այժմ ցանկանում են անունը փոխել։ Տեսնես Սինակ ի՞նչ է նշանակում, գուցե ջրախողովա՞կ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել