Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 20,2000 00:00

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Թատերական հրապարակում Աշոտ Մանուչարյանի հրավիրած միտինգին մոտ 1000-1200 մարդ էր հավաքվել։ Մի մասին հետաքրքրում էր հանրապետության սոցիալական-տնտեսական վիճակի մասին հարցերը, մյուս մասին՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության եւ Արցախի ու ազատագրված հողերի հետ կապված մանրամասները, որոնց շուրջ օրերս Աշոտ Մանուչարյանն ասուլիս էր հրավիրել։ Հանրահավաքում ելույթ ունեցավ գրաքննադատ Շավիղ Գրիգորյանը, մի միջին ձեռնարկատեր, «Ազգային հայրենասիրական ուժերից»՝ Մուշեղ Լալայանը եւ վերջում՝ Աշոտ Մանուչարյանը։ «Մեզ հիմա նոր մարտահրավեր էլ են նետել՝ Վրաստանի կողմից էլ են մտնում, Ջավախքից դուրս է բերվում ռուսական զորքը, Ջավախքում մտադիր են բնակեցնել թուրք մեցխեթիներին։ Շեւարդնաձեն կատարում է նույն Արեւմուտքի պլանները. նա արդեն համաձայնել է, որ վրացիներին՝ հատուկ կեցվածքով Վրաստան երկիր չի լինելու։ Դա լինելու է Արեւմուտքի շարունակություն։ Հիմա հարցը մերն է. ի՞նչ ենք ասում մենք։ Մենք ասում ենք՝ Արեւմո՛ւտք, բա՞ն ունեք էստեղ անցկացնելու, կոմունիկացիանե՞ր ունեք, շահե՞ր ունեք՝ եկեք բանակցենք։ Բայց եկեք հասկանանք՝ մենք ի՞նչ ենք ուզում, դուք ի՞նչ եք ուզում։ Մենք երկիրը չենք հանձնելու ի պատասխան ձեր կոմունիկացիաների։ Ինչո՞ւ է ձեզ անպայման պետք այդ ներքին գոտին (Մեղրին- Ս. Ս.), ինչո՞ւ պետք է կտրեք անպայման։ Մենք անվտանգությունը կապահովենք, բայց մի խլեք մեր ձեռքից մեր երկիրը, մեր կեցվածքը։ Բայց այստեղ Արեւմուտքն էլ մեզ հարց ունի տալու. ասում են՝ ո՞ւր է այն երկիրը, որի հետ պետք է պայմանավորվենք։ Ո՞ւր է այն ժողովուրդը, որի հետ պայմանավորվենք։ Այդ ամենը չկա։ Երբ այս հարցը հնչում է՝ մենք հիշում ենք, ասում ենք՝ վայ, նախագահ ունենք, բայց լավը չի, որովհետեւ այդ նախագահը հանդես չի գալիս արմատական շահերից… Ե՛վ նախագահը այն չէ, ե՛ւ կուսակցությունները այն չեն, ե՛ւ պառլամենտը այն չէ, ե՛ւ կառավարությունը այն չէ՛»,- դիմում էր հավաքվածներին Ա. Մանուչարյանը։ Ա. Մանուչարյանը իշխանություններից հետո անցավ նաեւ ժողովրդի կատարած հանցագործության մասին պատմելուն. «Մի թաղամասում մոտ 20 տարի առաջ երկու հայտնի տղա կային, մեկի մականունը Խուճուճ Էդո էր, մյուսինը՝ Վոժդ Միշիկ։ Երկուսն էլ զբաղված էին ցեխավիկությամբ, թե մանր ձեռներեցությամբ։ Այն ժամանակ դեռ խորհրդային տարիներն էին, ամեն մեկը իր փոքր գործն էր դրել, ստեղից-ընդեղից փող էր աշխատում։ Հետո ժամանակ անցավ, եկավ 88 թվականը։ Էդոն շարունակում էր բիզնեսը եւ գնալով ավելի էր հարստանում։ Վոժդ Միշիկին 88-ը ցնցեց. նա կամավորական գրվեց, գնաց ռազմաճակատ, այնտեղ զոհվեց հերոսաբար։ Այսօր այդ թաղամասի երեխաները խոսում են ոչ թե Վոժդ Միշիկի, այլ Խուճուճ Էդոյի մասին»։ Այդ Խուճուճ Էդոն այսօր Էդիկ Մադաթյան է եւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար է։ Մյուս հանրահավաքը լինելու է հոկտեմբերի 26-ին, որի հաջորդ օրը կլրանա Ազգային ժողովում կատարված ոճրագործության մեկ տարին։ Եվ, թերեւս, այդ օրը կներկայացվեն ոճրագործության հետ կապված մանրամասները, որոնց մասին իր ասուլիսում խոսել էր Ա. Մանուչարյանը։ Նշեմ, որ Թատերական հրապարակի տարբեր անկյուններում ԱԺ պատգամավորներ էին կանգնած, որոնք եկել էին Մանուչարյանի բացահայտումներին ծանոթանալու։ Ս. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել