Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 20,2000 00:00

ԶՈՒՐ ՍՊԱՍՈՒՄՈՎ Փաստաբանը գլխավոր դատախազին է ներկայացնում հաղորդում իրավախախտման վերաբերյալ Հայաստանի դատական անկախ իշխանությունը փշաքաղվում ու կաթվածահար է լինում, հենց որ իր տեսադաշտում հայտնվում է երկրի առաջին դեմքին առնչվող որեւէ գործ։ Ընդ որում, այդպես էր Հայաստանի ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահի պարագայում։ Փաստաբանների միջազգային միության անդամ, «21-րդ դար» կուսակցության իրավական հանձնախմբի ղեկավար Կարո Կարապետյանին, որն այժմ սիզիփոսյան ջանքեր է գործադրում Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության հարցը դատական քննության առարկա դարձնելու համար, հիշեցրինք, որ չնայած ՀՅԴ-ն 1992-93-ին հայց էր հարուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, վերջինս անընդհատ հրաժարվում էր դատարան ներկայանալ եւ դեռ հրապարակավ մարտահրավեր նետեց, թե թող իրեն բերման ենթարկեն։ «Տվյալ պարագայում դատարանն է կատարել իրավախախտում, ոչ թե նախագահը,- ասաց պրն Կարապետյանը,- դատարանն, այո՛, պետք է բերման ենթարկեր՝ անկախ ամեն ինչից։ Ի՞նչ կապ ունի մարդու անուն-ազգանունը, նրա զբաղեցրած դիրքը»։ Այսուհանդերձ, առաջին նախագահի նկատմամբ հայցը գոնե հասավ դատարան։ Երկրորդ նախագահին առնչվող հայցադիմումների հետ իրավաբանական տեսակետից արտառոց բաներ են կատարվում։ Նախ, վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, վճռեց, թե իր կայացրած որոշումը, չգիտես ինչու, ենթակա չէ բողոքարկման (մինչդեռ ՔԴՕ-ի համաձայն, պիտի հակառակը լիներ ու պարտադիր նշվեր այն ժամկետը, որի ընթացքում կարելի կլիներ այդ որոշումը բողոքարկել վճռաբեկ դատարանին)։ Իսկ երբ փաստաբան Կարո Կարապետյանը սեպտեմբերի 16-ին դիմեց Գրիշա Մելիք-Սարգսյանին՝ պահանջելով, որ պատասխան տրվի, թե ՀՀ ո՞ր օրենքի եւ ո՞ր նորմի համաձայն նա նման որոշում կայացրեց՝ որեւէ արձագանք չհետեւեց։ Սահմանված մեկ ամսում որեւէ պաշտոնական պատասխան չստացվեց նաեւ վճռաբեկ դատարանից, ուր փաստաբանը դարձյալ սեպտեմբերի 16-ին դիմել էր վճռաբեկ՝ բողոքով։ Եվ հիմա պարզ չէ՝ դատարանն ընդունե՞լ է, չի՞ ընդունել, լսելո՞ւ է, չի՞ լսելու այդ վճռաբեկ բողոքը։ Թե՛ վերաքննիչ, թե՛ վճռաբեկ դատարանների կողմից օրենսդրության այս ոտնահարումների եւ կամայական գործելաոճի առնչությամբ, այժմ փաստաբան Կարո Կարապետյանը հետեւյալ հայտարարությունն արեց. «ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի ուշադրությունն եմ հրավիրում, որ նա դիտարկի ասածս որպես հաղորդում իրավախախտումներ կատարելու վերաբերյալ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ վերաքննիչ դատարանի երկու դատավորները օգոստոսի 28-ի դատավարության արդյունքում կայացնելով նման որոշում՝ թույլ են տվել իրավախախտում։ Այն է՝ նրանք գերազանցել են իրենց պաշտոնական իրավասությունները, չարաշահել պաշտոնական դիրքը։ Կարելի է սա դիտարկել նաեւ որպես ինքնիրավչություն, քանի որ ինքնուրույն որոշել են մի խնդիր, որը ենթակա էր միայն ԱԺ-ի կողմից որոշման՝ օրենք ընդունելու ձեւով։ Հայտարարում եմ նաեւ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը կամ համապատասխան պաշտոնյաները, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, խախտել են ՀՀ ՔԴՕ-ի պահանջները եւ քննարկման առարկա չեն դարձրել իմ ներկայացրած բողոքը, որը, օրենքի պահանջին համապատասխան, ենթակա էր պարտադիր դատական քննության։ Ես խնդրում եմ հարգարժան պարոն գլխավոր դատախազին, այս ուղղությամբ նյութեր նախապատրաստել, համապատասխան ուսումնասիրություններ կատարել եւ 10-օրյա ժամկետում պարզել՝ կա՞ն հանցանիշեր վերոնշյալ անձանց գործողություններում, թե՞ ոչ, եւ պաշտոնապես պատասխան տալ»։ Կարո Կարապետյանը, որպես իրավաբան, որեւէ տարակույս չուներ, թե իր վերջին հարցի պատասխանը դրական է՝ կա՛ն հանցագործության հատկանիշեր եւ «դրանք իրենց ծանրությամբ հարվածում են մեր պետականության հիմքերին, խարխլում են ՀՀ սահմանադրական կարգը։ Այն է՝ դատական իշխանության պաշտոնյաների ապօրինի գործողությունների շնորհիվ՝ դատական իշխանությունը չի իրականացնում սահմանադրությամբ նախատեսված իր իրավասությունը»։ Հաշվի առնելով, թե Բորիս Նազարյանն ինչ դիրքորոշում էր ունեցել Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիությանն առնչվող ե՛ւ «Ժողովրդավարական Հայրենիքի», ե՛ւ հանրահավաքի մասնակիցների դիմումների նկատմամբ՝ մենք էլ տարակույս չունեինք, թե այս հաղորդման պատասխանը լինելու է մերժումը։ Սակայն Կարո Կարապետյանը նման խնդիրների նկատմամբ այլ տեսակետ ուներ. «Ինչ-որ առումով ես կարող եմ կանխատեսել, թե ինչ հետեւանք կունենա, բայցեւայնպես՝ իմ քաղաքացիական եւ մասնագիտական պարտքն եմ համարում դիմել գլխավոր դատախազին, քանի որ այդ երեւույթներն առկա են։ Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, պետություն ունենալու համար պետք է անընդհատ մարտնչենք։ Յուրաքանչյուրս մեր տեղում չպետք է հոգնենք։ Մեր օրենսդրությամբ սահմանված բոլոր ճանապարհներն ու հնարավորությունները այս հարցում պետք է օգտագործվեն, քանի որ վաղ թե ուշ, միեւնույն է, այս արարքները իրենց իրավական գնահատականը ստանալու են»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել