«ՍԴ-ի քաղաքական որոշումը» «Սէ լա վի»՝ կասեր ֆրանսիացին, նրա փոխարեն հայը կասեր՝ դե լավ, էլի։ Ու երկուսն էլ այս պարագայում ճիշտ կլինեին։ Ճիշտ կլինեին, քանի որ ոչ մեկի համար ՍԴ-ի հոկտեմբերի 17-ի որոշումը զարմանալի եւ անսպասելի չէր։ Ի վերջո, ի՞նչ է եղել, որ։ Օրինականացվեց այն, ինչ Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմելու օրից ի վեր անառարկելիորեն ընդունվում էր բոլորի կողմից։ ՍԴ-ն արձանագրեց, որ սեպտեմբերի 26-ի ԱԺ-ի նիստը ընթացել է կանոնակարգային անճշտություններով։ Ու քանի որ այդպես է, ԱԺ նախագահը պետք է շարունակի պաշտոնավարել։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, ԱԺ նախագահը կանոնակարգը կարող էր խախտել երեք հնարավոր դեպքերում։ Չի բացառվում, որ նախագահը կարող էր դիտավորյալ նիստը վարել այլ կերպ, կամ՝ լավ ծանոթ չէր կանոնակարգին, կամ՝ նրա վրա ազդել է սուբյեկտիվ գործոնը։ Նկատի ունենալով որոշ օբյեկտիվ հանգամանքներ, հնարավոր է, որ Արմեն Խաչատրյանի վրա այս դեպքերն էլ նույն ծանրությամբ ազդել են։ Երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ որոշ խորհրդարանականներից։ ԱԺ փոխնախագահներ Տիգրան Թորոսյանը եւ Գագիկ Ասլանյանը կտրուկ հրաժարվեցին որեւէ բան ասել։ Տիգրան Թորոսյանը ժամանակին ասել էր, որ ինքը չի կարող գրանցվել անօրինական նիստերին, հիմա ինչպե՞ս է վարվելու։ Հարցը մնաց գրեթե անպատասխան։ Իսկ ինչպե՞ս են վարվելու այն 63 պատգամավորները, նրանք, ովքեր Արմեն Խաչատրյանի դեմ ստորագրություններ էին հավաքում։ Սա եւս մնաց անպատասխան։ Ի վերջո ամեն ինչ որակվեց որպես քաղաքական գործընթացների արդյունք։ «Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար Վարդան Այվազյանը ՍԴ-ի որոշման մասին նախ ասաց, որ դատարանը ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում է կայացրել։ Պարոն Այվազյանի համար հարց է առաջ գալիս՝ ինչպե՞ս է վարվելու ինքը՝ Արմեն Խաչատրյանը, այսինքն՝ երկրորդ անգամ կրկնելո՞ւ է իր հրաժարականը, քանի որ տեղի են ունեցել կանոնակարգային խախտումներ, թե ոչ մի կրկնություն էլ չի լինելու, եւ Արմեն Խաչատրյանը շարունակելու է պաշտոնավարել, եւ ընդհանրապես հրաժարականի մասին չի հիշվելու։ Արմեն Խաչատրյանի վերադարձով հարցը ոչ թե փակվում է, այլ՝ բաց է մնում։ Եթե ընդունենք, որ վեցնյակի առաջացումը իրոք քաղաքական գործընթաց էր եւ ոչ թե անձնական շահերի եւ ակնկալիքների հանգույց, ապա տրամաբանական շարունակությունն այն կլինի, որ հինգ մինուս ՀՀԿ թվաբանական գործողությունը շարունակություն ունենա։ Մ. ԵՍԱՅԱՆ