ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «Հոկտեմբերի 27-ը չի ավարտվել։ Այն շարունակվում է։ Կարեւոր իրադարձություններն առջեւում են եւ սկսվելու են դատավարության հետ մեկտեղ։ Այսինքն դա անընդհատ պրոցես է՝ էապես կապված մեր ժողովրդի ճակատագրի հետ եւ սպառնում է Հայաստան պետության գոյությանը՝ որպես այդպիսին»։ Ա.Մանուչարյանը հանգամանորեն փաստարկեց իր այս տեսակետը՝ որպես նախաբան ընդգծելով, թե այս ամենի պատասխանատուն եւ մեղավորը հանրապետության նախագահ Քոչարյանն է։ Պարոն Մանուչարյանը նախագահին ուղղված այս ծանր մեղադրանքը մի քանի կետով փաստարկեց։ 1. «Հանրապետության նախագահը փորձել է քննությունից թաքցնել, կամ քննչական մարմիններին զերծ պահել 27-ի սպանությունների գլխավոր վարկածից՝ արտաքին ուժերի միջամտության եւ այս հարցում նրանց շահագրգռության առարկայի՝ այսպես կոչված Մեղրիի փոխանակման հարցի, կամ Գոբլի ծրագրի վերաբերյալ»։ Նա հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում այս խնդրին վերաբերող հարցադրումներին հանրապետության պաշտոնական շրջանակները միշտ միեւնույն պատասխանն են տվել՝ այդպիսի ծրագիր չի քննարկվում։ «Ես պնդում եմ, որ Գոբլի ծրագրի շուրջ տասնյակ, հարյուրավոր հանդիպումներ են եղել, որին մասնակցել են Հայաստանի ղեկավարները եւ արտերկրի պաշտոնատար անձինք, դիվանագետներ, միջազգային կազմակերպություններ, արտաքին գերատեսչությունների պաշտոնյաներ, որոնք այդ հարցում մեր պաշտոնյաներին համոզել են, գնել են կամ շանտաժի են ենթարկել՝ փորձելով իրականություն դարձնել Գոբլի ծրագիրը»։ Նա մեղադրում է հանրապետության նախագահին այն բանում, որ հասարակությունից եւ քննչական մարմիններից թաքցրել է, թե Հայաստանի վրա այս համատեքստում աննախադեպ մեծ ճնշումներ են գործադրվում՝ ընդհուպ մինչեւ Թուրքիայի կողմից Զանգեզուրի հատվածում հնարավոր ագրեսիայով։ Անդրադառնալով Գոբլի ծրագրին, որն այսօր էլ գաղտնի քննարկման առարկա է, Ա.Մանուչարյանն ասաց. «Մինչեւ 27-ը պատրաստ է եղել ծավալուն եւ ամբողջական ծրագիր, որը որպես փաստաթուղթ պատրաստ է եղել ստորագրման համար։ Եվ այս իրադարձությունները սկիզբ են առել այն ժամանակ, երբ հանրապետության նախագահը սկսել է անթույլատրելի քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ ոտնահարելով ժողովրդի, քաղաքական ուժերի, խորհրդարանի կամքը եւ միայն իրեն վերապահել բանակցություններ վարելու իրավունքը՝ հարվածի տակ դնելով երկիրն ամբողջությամբ»։ Այս համատեքստում, իհարկե, հայտնի էր, որ ե՛ւ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ե՛ւ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանը տեղյակ են եղել Մեղրիի փոխանակման տարբերակին։ Ա.Մանուչարյանը այս փաստը չշրջանցելով կարծիք հայտնեց, թե Քոչարյանը պարզապես պաշտոնյաների վզին փաթաթել է այս հարցի քննարկումը։ Նա կարծիք հայտնեց, թե Վ.Սարգսյանի փորձառությունն արտաքին քաղաքական ոլորտում թույլ չի տվել անմիջապես զգալ եւ հասկանալ այդ քննարկումների ողջ լրջությունն ու վտանգավորությունը։ Ավելի ուշ, նա, ինչպես նաեւ Կ.Դեմիրճյանը, կտրուկ դեմ է եղել այս տարբերակին։ 2. Ա.Մանուչարյանը մեղադրեց նախագահ Քոչարյանին այն բանում, որ վերջինս փորձել է թաքցնել հանրությունից նաեւ այս հանգամանքը։ Ավելին՝ «նախագահի շրջապատը, որ տեղյակ էր ե՛ւ Գոբլի ծրագրի քննարկումներին, ե՛ւ սրա վերաբերյալ Վ.Սարգսյանի ու Կ.Դեմիրճյանի բացասական դիրքորոշմանը, Վ.Սարգսյանի մտերիմներին անընդհատ տեղեկություններ է տվել, թե իբր վերջինս կողմ է այդ ծրագրի իրագործմանը եւ նրան հաջողվել է անգամ համոզել Կ.Դեմիրճյանին»։ Ըստ պարոն Մանուչարյանի, 27-ի գործում այս փաստը հանգուցային է, քանի որ դրանով է պայմանավորված այն գլխավոր հարցը, թե մասնավորապես ո՞ր երկրներն են շահագրգռված եղել 27-ի ոճրագործությամբ։ Կոնկրետ դեպքում, ի դեպ, պարոն Մանուչարյանը մատնանշում է Արեւմուտքը եւ մասնավորապես ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ 3. Ամենաբարձր մակարդակով փորձ է արվում ոճրագործության հեղինակ հնգյակին ներկայացնել իբրեւ հավաքական «Ռոբին Հուդ»։ Շրջանառության մեջ ուղղորդված վարկածներ ներդրվեցին, թե ոճրագործները վրդովված են եղել երկրում ստեղծված իրավիճակից, այս կամ այն պաշտոնյայի վարած քաղաքականությունից եւ որոշել են պատժել նրանց՝ երկիրն այդ չարիքից ազատելու համար։ Մի բան, որ Ա.Մանուչարյանի պնդմամբ իրականության հետ բացարձակապես չի առնչվում։ «Սա 27-ի ոճրագործության շարունակության առաջին փուլն է, որին հետեւելու է երկրորդը՝ դատավարությունը»։ Նա նշեց, որ հիշյալ վարկածի տարածումն անհրաժեշտ էր, քանի որ դատավարությունը նախապատրաստվում է հենց այդ մոտիվներով։ «Այն վերածվելու է ոչ թե Նաիրի Հունանյանի դատավարության, այլ տասնյակ փաստեր են բերվելու Վ.Սարգսյանի «հանցավոր» գործունեության, Կ.Դեմիրճյանի «կոպիտ սխալների»՝ Վ.Սարգսյանի հետ համագործակցելու, մասին՝ շեղելով դատավարությունը»,- ասաց Ա.Մանուչարյանը։ Նա մեղադրեց Քոչարյանին «Ռոբին Հուդի» վարկածը պաշտպանելու մեջ. «Եթե նա հայտարարում է, որ նրանց թիկունքում մարդ չկա, հարց է առաջանում՝ իսկ դու որտեղի՞ց գիտես։ Դրանով նա սահմանափակում է քննչական մարմնի գործունեությունը եւ խախտում քննության կարեւորագույն կանոնը՝ քննության առնել վատթարագույն տարբերակը»։ Այս պայմաններում ու արտաքին ուժերի դեռ շարունակվող ճնշումների մթնոլորտում պարոն Մանուչարյանն անթույլատրելի համարեց 27-ի դատավարությունը եւ առաջարկեց այն հետաձգել մինչեւ ստեղծվի ճնշումներից զերծ քննչական նոր խումբ, որը կքննի բոլոր փաստերը համակողմանիորեն։ 4. Ա.Մանուչարյանը պնդեց, թե փաստեր ունի, որոնք ապացուցում են, որ ՀՀ իշխանություններին պաշտոնապես զգուշացվել է 27-ի նախապատրաստման մասին։ «Այլ երկրների ներկայացուցիչներ հանդիպել են ՀՀ պաշտոնական ներկայացուցիչների հետ եւ ասել, որ պատրաստվում է արյունարբու գործողություն։ Որտե՞ղ է հասել այս տեղեկությունը, եթե չի հասել՝ ինչո՞ւ, եւ թե ինչո՞ւ դրան ընթացք չի տրվել՝ քննությունը պետք է պարզի։ Ինչո՞ւ է այդ երկիրը տեղյակ պահել, ի՞նչ նպատակներ եւ շահեր է հետապնդել, ի՞նչ էր ուզում ստանալ եւ ի՞նչ է պատրաստ ասել։ Այս ամենը լուրջ աշխատանք է պահանջում»։ Ա.Մանուչարյանն ասաց, թե հիշյալ 4 փաստարկների մասին չի կարող խոսել ոչ քննչական խմբի հետ, որին ո՛չ ինքը, ո՛չ հասարակությունը չեն վստահում, իսկ Ռ.Քոչարյանին ներկայացնել դրանք անհնար է. «Նա իր պաշտպանության տակ է առել Գոբլի ծրագիրը եւ, եթե նա դրա հետեւորդն է, ապա կարող են ադեկվատ գործողություններ լինել։ Ես Քոչարյանին մեղադրում եմ, որ նա սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ ուրիշ երկրների շահեր»։ Պարոն Մանուչարյանը, որ նախագահ Քոչարյանին, ըստ էության, մեղադրում է պետական դավաճանության մեջ, պատրաստակամություն հայտնեց իր տրամադրության տակ եղած բոլոր փաստերը եւ դրանց վկաներին, որոնք առնչվում են վերոհիշյալ 4 կետերին, ներկայացնել եւ քննարկել՝ 27-ի շարունական գործընթացը կանխելու համար։ Դրա համար անհրաժեշտ է. 1. ՀՀ նախագահը, որ Գոբլի ծրագրի շուրջ բանակցությունների հիմնական դերակատարն է, պետք է անհապաղ հրաժարական տա՝ երկրին ժամանակ շահելու եւ իրավիճակը շտկելու հնարավորություն տալու համար։ 2. Անհրաժեշտ է խորհրդարանական ուժերից հանձնախումբ ստեղծել, որը 27-ի համատեքստում կուսումնասիրի եւ կքննարկի Գոբլի ծրագիրը։ 3. Ձեւավորել միանգամայն նոր քննչական խումբ, որը կվարի 27-ի նախաքննությունը, եւ որը զերծ կլինի ճնշումներից եւ կվայելի հասարակության վստահությունը։ 4. Հանձնախումբ ստեղծել, որը հետամուտ կլինի եւ կքննի 27-ի գործը։ 5. Հետաձգել 27-ի գործի դատաքննությունը, մինչեւ հիշյալ հանձնաժողովներն ու հանձնախմբերը ձեւավորվեն եւ ավարտեն իրենց գործունեությունը։ 6. Լրագրողական հետաքննություն անցկացնել եւ փորձել սեփական ուժերով ճշտել բերված փաստերն ու փաստարկները։ 7. Կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, մտավորականները պետք է կոչով հանդես գան եւ հասարակությանը տեղյակ պահեն, թե ինչ է սպասվում այս դատավարությանը, եւ քաղաքական գնահատական տան։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ