Աշոտ Մանուչարյանն այսպես պատասխանեց «Առավոտի» թղթակցի այն հարցին, թե Հայաստանում կա՞ն ուժեր, որոնք այս կամ այն կերպ մասնակից են 27-ի ոճրագործությանը.«Անկասկած մի շարք ուժեր ակնհայտորեն գործում են այս համատեքստում։ Ես կոնկրետ ասել եմ, որ ինձ մտահոգում է ՀՅԴ-ի առանձին պարագլուխների, անձանց հայտարարությունները՝ կապված 27-ի հետ։ Այն, որ վերջին շրջանում ՀՅԴ-ի գործունեությունը ամերիկյան քաղաքականության համատեքստում է՝ ակնհայտ է։ Բայց կան նաեւ այլ ուժեր եւս, բայց պետք է քննչական գործողությունների միջոցով պարզել, թե նրանք այդ անում են, որովհետեւ, ասենք, ուզում են ԱՄՆ-ում դասախոսություն կարդա՞լ, թե՞ ուղղակիորեն կապված են…»։
ԱԼ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՋՐԵ՞Ց ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԱԼԻԲԻՆ»
Կարդացեք նաև
Աշոտ Մանուչարյանը անդրադառնալով նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի այն պնդմանը, թե Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ ոչ մի հակասություն էլ չի եղել, ասաց. «Դա բացարձակապես այդպես չէ։ Ավելին, 98-ի ընտրություններից շուրջ մեկ տարի անց նրանց հարաբերությունները խիստ սրված էին՝ արտաքին բոլոր ատրիբուտները՝ լավ հարաբերությունները, պահպանելով հանդերձ։ Վազգեն Սարգսյանը խիստ զղջում էր, որ Ռ.Քոչարյանը դարձել է հանրապետության նախագահ։ Միեւնույն ժամանակ իրեն իրավասու չէր համարում որեւէ քայլ անել, որ ստատուսքվոն խախտվեր։ Նա այդ հարաբերությունները նորմալ քաղաքական պրոցեսների մեջ էր տեսնում՝ փորձելով առավելագույնս պահպանել աշխատանքային հարաբերությունները, որպեսզի ցնցումներ տեղի չունենան։ Ինձ համար զարմանալի է Ալ.Հարությունյանի հայտարարությունը, քանի որ նախագահի ամենամեծ «ալիբիներից» մեկն այն է, որ ՀՀ նախագահը եւ Վ.Սարգսյանը եղել են շատ սուր հարաբերությունների մեջ։ Եվ եթե նախագահը ինչ-որ ձեւով մասնակցեր այդ ոճրագործությանը, հակադարձ ալիքը նախեւառաջ իր դեմ էր ուղղված լինելու»։
Այդ «ալիբին», իհարկե, Սամվել Բաբայանին չփրկեց ճաղերի ետեւում հայտնվելուց։
ՄԻԱՅՆ ԵՎ ՄԻՄԻԱՅՆ 66-ՈՎ
Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Արշավիրի Հայրիկյանը երեկ լրագրողներին պատմում էր իր զգացողություններն ու տպավորությունը հոկտեմբերի 10-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ իրավապաշտպանների կլոր սեղանից։ Քանի որ նրա տեսական դատողություններն այնքան էլ հետաքրքիր չէին, ուստի անդրադառնում ենք մեկ-երկու հարակից հարցերի։ Մասնավորապես, անհետաքրքիր չէր նրա տեսակետը Սահմանադրական դատարանի՝ ԱԺ նախագահի «վերահաստատման» մասին. «Ինձ համար ՍԴ-ի հարցին անդրադառնալը տվյալ պահին այնքան էլ բարեկիրթ չի լինի, բայց ասեմ, որ ա՛յն շեշտադրումը, որ պառլամենտը պրոֆեսիոնալ է եւ այդ ոճով էլ պետք է աշխատի, կարեւոր է։ Պառլամենտն իր որոշումները պետք է ընդունի իր ձայների ոչ պակաս, քան կեսով։ Այլապես դա պրոֆեսիոնալ պառլամենտ չէ։ 66 ձայնով մեկն ընտրվում է նախագահ, մեկ շաբաթ հետո այդ 66-ից 5-ը չեն գալիս աշխատանքի, իսկ 65-ը, որ դեմ էին քվեարկել, հարցը բարձրացնում են։ Եվ հետո՞, նրանք հե՞տ են կանչում։ Եվ շաբաթը մեկ պիտի հե՞տ կանչի։ Էնպես որ, եթե 66-ով է ընդունված, ուրեմն 66-ով էլ պետք է բոլոր հարցերը լուծվեն»։ Պարույր Հայրիկյանը հավաստեց, որ այս պահին հեռվից են հետեւում ԼՂՀ-ում տեղի ունեցող մարտի 22-ի դատավարությանը։ Եթե հույժ անհրաժեշտություն լինի, նա նորից կմեկնի Ղարաբաղ։
ՀԵՐԹԱԿԱՆ «ՌՈՒՄԲԸ»
Այսօր, ժամը 18։30-ի սահմաններում երկու տղամարդ մտել են Սպորտվարչության շենք եւ պահակին հայտնել, որ շենքում ռումբ է տեղադրված, ապա արագ հեռացել են։ Սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ շենքը դատարկվել է, ապա մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունից կապվել են ՆԳ եւ ԱԱՆ համապատասխան մարմինների հետ, տեղյակ պահելով ահազանգի մասին։ Շենքի հսկողությունն ուժեղացվել է։ Կա երկու վարկած՝ առաջին, որ դա հերթական սուտ ահազանգերից է, երկրորդ՝ որ դրա կազմակերպիչները Փաշայանի թեւից են, քանի որ Օլիմպիական կոմիտեի հետ է կապվում օլիմպիական խաղերում հայ մարզիկների տապալումը։
Սեփ. լր.