Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 19,2000 00:00

ԱՐԱԲԻՆ ԷԼ ԼԱՑԱՑՐԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Իրաքի քաղաքացի Նազար Զայա Պոլոսը, որը 4 ամսից ավելի է, ինչ գտնվում է ԱԱՆ մեկուսարանում, ինչպես տեղեկացրել էինք, Հորդանանից ժամանել էր Հայաստան, «քննությամբ չպարզված անձից» ձեռք բերել իր լուսանկարով, սակայն Սուրեն Սերգեյի Ստեփանյանի տվյալներով ԽՍՀՄ անձնագիր։ Այս տարվա հունիսի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում նա «վառվել» էր, երբ Երեւան-Փարիզ ավիատոմսով փորձել էր անցնել արտասահման… Երեկ Մալաթիա-Սեբաստիա դատարանում վճռվեց Նազարի հարցը։ Նախ, դատախազ Գ. Պիվազյանն առաջարկեց 1 տարի ազատազրկում, Նազար Պոլոսի պաշտպան Սամվել Մարտիրոսյանը միջնորդեց ազատ արձակել դատարանի դահլիճից՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա 4 ամսից ավելի գտնվում է կալանքի տակ», նաեւ այն, որ Նազարը չի իմացել Հայաստանի օրենքները, որ «նա երբեք ՀՀ քաղաքացիների դեմ որեւէ հակաօրինական գործողություններ չի արել նախկինում եւ 3-րդ անձի կողմից գտնվել է մոլորության մեջ»։ Այս ամենը թարգմանչի միջոցով մատուցվում էր դատական նիստի մասնակիցներին։ Իր պաշտպանական խոսքում արաբ քաղաքացին նշեց, որ մեկուսարանում գտնվելիս խախտվել են իր իրավունքները… քանի որ ընդամենը մեկ անգամ է թույլատրվել, որ Երջանիկ անունով թարգմանիչը այցելի իրեն։ Նա մի պահ երկմտեց, փորձեց հրաժարվել իր պաշտպանից, «եթե փաստերը բավարար չլինեին իրեն ազատ արձակելու»։ Խնդրեց ազատ արձակել։ Թարգմանական իրավունքների մասով օտարերկրացուն «հասկացրին», որ դատարանը չի առարկել ցանկացած լեզվով (նշվեց նաեւ՝ հնդկաչիներեն) հաղորդակցվելու իրավունքի դեմ։ Խորհրդակցական սենյակից դուրս գալով, դատավոր Տ. Պետրոսյանը հրապարակեց վճիռը։ Նազարն ազատազրկվեց 1 տարով, պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում։ Վճիռը հրապարակելիս դատախազ Գ. Պիվազյանը ներկա չէր։ Իսկ Նազարը լալիս էր… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել