Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 19,2000 00:00

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԴ ԲԱԺԱՆԵՄ ԱԺ-ում թերեւս չկա մի պատգամավոր, որն իր նախընտրական ծրագրում խոստացած չլինի նպաստել, որ փոփոխվի Հայաստանի ներկայիս վարչատարածքային բաժանումը, որից դժգոհ են գրեթե բոլորը։ Ընտրողների գերակշիռ մասի պատվիրաններից մեկն էլ այս է՝ փորձեն հասնել Հայաստանի նախկին շրջանների նման որեւէ բաժանման, որ ստիպված չլինեն մի ինչ-որ հասարակ հարց լուծելու համար երկար ճանապարհ կտրելով՝ հասնել մարզկենտրոն։ Միանգամից նշենք, որ ՀՀ վարչատարածքային բաժանման վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում սառը ջուր լցրին այն ակնկալիքների վրա, թե իշխանությունն առավելագույնս կմոտեցնեն ժողովրդին։ ԵՊՀ պրոֆեսոր Լենվել Վալեսյանը, որ այս լսումների հիմնական զեկուցողն էր, համոզված էր, թե Հայաստանը պիտի ինքնավարության խորացման ուղղությամբ գնա, իսկ շրջանային բաժանումը այլ՝ կենտրոնացված պետական կառավարման համակարգին էր լավ ծառայում եւ չի բխում ապակենտրոն եւ ազատական իշխանության ներկայիս պահանջներից։ Հիմնական զեկուցողն անգամ առկա 10 մարզերի փոխարեն 5-ը ձեւավորելու կողմնակից էր։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս սա կմեկնաբանի «Օրինաց երկրի» պատգամավոր Սամվել Ավետիսյանը, որն իր ելույթում հայտարարում էր, թե գործող մարզային բաժանումը քաղաքական հիմք ուներ. նախկին իշխանավորներն այսպիսով փորձում էին կանխել տեղերում ընդդիմության կազմակերպման վտանգը։ Եթե հետեւենք նույն տրամաբանությանը, ներկա իշխանավորների մոտ, ուրեմն, նույն ձգտումը կրկնակի ուժգնությա՞մբ է արտահայտված։ Ի դեպ, չնայած նաեւ վարչատարածքային բաժանման հարցերի շուրջ ջանքերն ԱԺ-ում միասնականացնելու վերաբերյալ պայմանավորվել էին Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը՝ նրանց երկուսի կուսակցություններից էլ հազիվ մեկական ներկայացուցիչ էր մասնակցում լսումներին։ Թեկուզեւ մասնակցեին, միեւնույն է, նրանց այնքան կհաջողվի մինչեւ Սահմանադրության փոփոխությունները կատարել ընտրողներին տրված հին վարչատարածքային բաժանմանն անցնելու մասին խոստումները, ինչքան Վահան Հովհաննիսյանը (նույն պատճառով) կատարեց բազմիցս հնչեցրած այն նախընտրական խոստումը, թե ԱԺ մտնելուն պես ՀՅԴ-ն վերացնելու է պատգամավորական անձեռնմխելիության արատավոր առանձնաշնորհը։ Այս դեպքում խելամիտ էր Վարդան Այվազյանը, որ առաջարկում էր սայլը ձիուց առաջ չկապել՝ նախ որոշել, թե տեղական ինքակառավարման մարմիններն ի՞նչ խնդիր են լուծում եւ հետո նոր որոշել խոշորացման կամ մանրացման եւ վարչատարածքային բաժանման այլ խնդիրները։ Լսումներում ելույթ ունեցած շատերի կարծիքով, ասենք, մարզպետարանները գրեթե ավելորդ եւ արհեստականորեն ուռճացված կառույցներ են։ Արտաշատի քաղաքապետի տեղակալ Լեւոն Ավետյանն իր տեսակետը հայտնեց, թե մարզպետարանում յոթ հոգին էլ բավական կլիներ՝ մարզպետն իր վարորդի, քարտուղարուհու եւ օգնական-իրավաբանների հետ։ Մինչդեռ ամեն մարզպետարան՝ իր մինչեւ 170 հոգիանոց աշխատակազմով՝ «նստած է ժողովրդի ուսերին»։ Իսկ Սոս Գիմիշյանը հավելեց. «Մարզպետարաններում այսօր 2000 մարդ է աշխատում եւ նրանք կոնկրետ ոչ մի գործ չեն անում։ Միայն հանձնարարություններ են տալիս, եթե չեն կատարում՝ անվստահության խնդիր են առաջացնում։ Բա մի բանով պիտի՞ արդարացնեն իրենց գոյությունը»։ Սակայն եթե այս լսումների ընթացքում մարզպետների ելույթները հալած յուղի տեղ ընդուներ որեւէ զգայուն մարդ՝ ողջ վերնաշապիկն արցունքներից կթրջվեր այն սրտառուչ պատմություններն ունկնդրելով, թե ինչ թշվառ է նրանց գոյությունը՝ ոչ որեւէ լիազորություն ունեն, ոչ իրենց ընտրած կադրերին նշանակելու հնարավորություն, ոչ բյուջե, տեղական ոստիկանությունը եւ այլեւայլ ծառայություններն էլ իրենց չեն ենթարկվում… Մի խոսքով, ծանր է հայ մարզպետների վիճակը եւ ուղղակի զարմանալի, թե ինչպես են նրանք հաջողեցնում այդքան ներկայանալի տեսք ունենալ ու դեռ գիրանալ։ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը շատ հուզված ելույթ ունեցավ նաեւ Էջմիածինը Վաղարշապատ վերանվանելու առնչությամբ։ Վերջինիս կողմնակիցն Ալեքսան Հակոբյանն էր. «թագավորի անուն է՝ դրա համար էլ 1949-ին փոխվեց»։ «Ուզում եք թագավորին մեծարել, այլ առիթով մեծարեք,- սաստեց նրան Գրիգոր Ավագյանը։- Ժողովուրդն Էջմիածին անվանը սովորել է»։ Վիճարկման առարկա էր նաեւ Գավառ անունը, որի բնակիչները նախընտրում են քյավառցի լինել, եւ ոչ թե գավառացի։ Թերեւս ոչ մի բողոք չի լինի մի շարք այլ գյուղերից, որոնց անվանումները նախատեսվում է շուտով փոխել։ Այսպես՝ Վեդու գինու գործարան գյուղը կդառնա Գինեվետ, Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղը՝ Լորամարգ, Փայտամշակման գործարանին կից գյուղը՝ Ձորակ, Գազանաբուծական պետական տնտեսություն գյուղը՝ Անտառաշեն, Նոր Գյուղ գյուղը՝ Նորագյուղ, իսկ Ռադիոկայան գյուղը՝ Գետարգել։ Միայն Յաղդան գյուղի վերանվանումն է նույնքան անբարեհունչ՝ Եղիտանք։ Անպատասխան մնաց Հրանուշ Հակոբյանի հարցը, թե ինչ կարժենան այս բոլոր անվանափոխությունները։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել