Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շուշիում բժիշկների կարիք կա

Հոկտեմբեր 18,2000 00:00
shushi

Ընդհանրապես, ցանկացած պատերազմից հետո հաղթող կողմն ազատագրված տարածքում ամենից առաջ ապահովում է բուժհիմնարկների կառուցումը, որպեսզի վերաբնակները միշտ զգան ցավն ապաքինող ու դարմանող բժիշկների ներկայությունը։

Այդպես եղավ նաեւ Շուշիում, որի ազատագրումից հետո առողջապահական հաստատության դեր էր կատարում առաջին բուժօգնությունն իրականացնող բուժկետը։ Իսկ 98 թ. աշնանը բացվեց Շուշիի շրջանային կենտրոնական հիվանդանոցը, որի գլխավոր բժիշկ նշանակվեց բժշկական գիտությունների թեկնածու, Շիրակի մարզի նախկին գլխավոր վիրաբույժ Արարատ Գյուլբեկյանը։ Նրա հետ ստորեւ ներկայացված զրույցը Շուշիի հիվանդանոցի հիմնադրման ու գործունեության մասին է։

– Գյումրիի առողջապահության վարիչը՝ հայտնելով, որ ինձ գլխավոր բժշկի պաշտոնով ուղարկում են Շուշի, ասաց, որ դա պատմական առաքելություն է, եւ, փաստորեն, ազատագրված հողում վիրաբուժությունն իրականացնում են գյումրեցի բժիշկները։ Գնալով Շուշի՝ ցավոք, հանդիպեցի տեղի առողջապահական ոլորտի աշխատողների, ղեկավարության մեծ դիմադրությանը։

– Ո՞րն էր դրա պատճառը։

– Ճիշտն ասած, ինքս էլ չգիտեմ։ Երեւի նրանց ձեռնտու էր տարերային, անկառավարելի ու բուժկետային մակարդակով աշխատելը։ Սակայն այդ դիմադրությունն ավելի մեծացրեց իմ մնալու ցանկությունը։ Պաշտոնավարությունիցս 20 օր անց, հնարավորության սահմաններում կահավորեցինք հիվանդանոցը, բայց բուժանձնակազմ (բուժքույրեր, վիրահատական օգնականներ, անասթեզիոլոգ) չկար։ Այնուամենայնիվ, 2 ամսում, առանց օգնականի, կատարեցի 60-65 վիրահատություն, որից հետո միայն «սառույցը հալվեց» ու սկսեցին ջերմ վերաբերվել։

– Ի՞նչ բաժանմունքներ կան այսօր Շուշիի հիվանդանոցում։

– 98 թ. իմ նշանակումից հետո բացվեց վիրաբուժական բաժանմունքը, ներկայումս գործում են մանկաբարձական, գինեկոլոգիական, թերապեւտիկ եւ մանկական բաժանմունքները։ Զուգահեռաբար աշխատում են նաեւ պոլիկլինիկան եւ շտապօգնությունը։ Մեկուկես տարվա ընթացքում Շուշիում կատարվել է շուրջ 300 վիրահատություն՝ առանց հետագա բարդությունների։ Հիմա ունենք մասնագետ բժիշկների խիստ պակաս, եւ հուսով եմ, որ այս զրույցի հրապարակումից հետո Հայաստանից շատ բժիշկներ կգան Շուշի աշխատելու։

– Ձեր դիտարկումներով՝ ի՞նչ հիվանդություններ են գերակշռում Արցախում։

– Վիրաբուժական տեսանկյունից բոլոր այն հիվանդությունները, որոնք հատուկ են ցանկացած վայրի բնակիչների։ Բայց, ի տարբերություն այլ շրջանների, Շուշիում մեծ թիվ են կազմում սրտային, հիպերտոնիկ, նյարդային հիվանդությունները, կանանց շրջանում ավելացել է պոլիկիստոզով, ձվարանների հիվանդություններով տառապողների թիվը, տղամարդկանց մեջ մոլեգնում են հորմոնալ խանգարումները, չարորակ ուռուցքները եւ անպտղությունը։

– Կարելի՞ է ասել, որ դրա պատճառը պատերազմն է։

– Իհարկե։ Սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, ընկճվածությունը, սթրեսները, վաղվա օրվա հանդեպ վախը նպաստել են նման հիվանդությունների աճին։ Արդյունքում բավականին նվազել է ծնելիությունը, բարձրացել է մանկական եւ մայրական մահացությունների տոկոսը։ Ահա թե ինչու Շուշին պետք է առանձնացնել մյուս շրջաններից առավել հոգատար վերաբերմունքով, որովհետեւ այնտեղ բնակվում են հիմնականում կարիքավորները, փախստականներն ու գաղթականները։ Այդ պատճառով մինչեւ օրս մենք իրականացնում ենք անվճար բուժծառայություն ցանկացած հիվանդի համար, որովհետեւ իրավունք չունենք անուշադրության մատնելու արյունով ազատագրված հողը շենացնող շուշեցիներին։

ԼԻԱՆԱ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031