ԱՄՆ Կարմիր խաչի կողմից Վանաձորի «Տարոն-4» թաղամասում կառուցված 11 շենքերը բնակեցնելու համար սեպտեմբերին կայացել էր վիճակահանություն (այնպես, ինչպես Գյումրիում՝ համանուն կազմակերպության կողմից կառուցված շենքերի համար՝ համաձայն Կարմիր խաչի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված համապատասխան հուշագրի)։
Փաստորեն, այդ շենքերից բնակարան ստանալու համար ավելի մեծ թվով քաղաքացիներ էին հերթագրվել (Կարմիր խաչի գրասենյակի կողմից կազմված ցուցակներում), քան՝ առկա բնակարանների թիվն էր՝ Կարմիր խաչի կառուցած շենքերում։ Բնականաբար, հերթում գտնվող, բայց բնակարան չստացածները պետք է դժգոհեին։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջիններս իրենց բնակարան չստանալու անարդարացիությունը պատճառաբանում են նրանով, որ բնակարան շահածների մեջ կան քաղաքացիներ, որոնք բնակարանային կարիքավորության կամ հերթացուցակում զբաղեցրած տեղի առումով իրենց «զիջում» են։ Դժգոհներից մեկն, օրինակ (Վ. Սաֆարյան), գրավոր բողոքով դիմել է Լոռու մարզպետին։
Հիշյալ քաղաքացին 1999 թ. եղել է բնակարանային առաջնահերթություն ունեցողների ցուցակի 22-րդ հերթում՝ 3 սենյականոց բնակարան ստանալու համար, սակայն 2000 թ. նրան տեղափոխել են երկու սենյականոց բնակարանների հերթացուցակ (ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխությունները նկատի ունենալով), որտեղ զբաղեցրել է 42-րդ տեղը։ Բնակարանների վիճակահանությանը շահել են նրանից հետո հերթում գտնվողները (նշենք, որ 48 բնակարանների համար հայտարարված վիճակահանությանը մասնակցել են 67-ը, որոնցից 19-ին, փաստորեն, չի հաջողվել բնակարան ստանալ)։ Բողոքարկուն ներկայումս պատրաստվում է դիմել դատարան։ Եթե հաջողության հասնի, ապա, ենթադրվում է, որ մնացած դժգոհները կհետեւեն նրա օրինակին։ Ի դեպ, 3 սենյականոց թվով 80 բնակարանների բաշխման ժամանակ էլ առաջին անգամ բնակարան ստացողների թիվը եղել է 59, ուստի նրանց համար վիճակահանություն չի կայացել, սակայն մնացած 21 բնակարանների բաշխման նպատակով վիճակահանություն է կայացել 41 շահառուների միջեւ (այսինքն՝ բնակարան չստացած 20 դժգոհներ էլ՝ այդ կապակցությամբ)։
Տրամաբանորեն կարելի է պատկերացնել, թե դատարանը բնակարան չստացած քաղաքացուն բնակարան հատկացնելու նպատակով պետք է վճիռ կայացնի հետեւյալ բովանդակությամբ. «2 սենյականոց բնակարանների հերթի 48-րդ հորիզոնականից բարձր, բայց բնակարան շահած քաղաքացիների միջեւ անցկացնել նոր վիճակահանություն եւ որոշել, թե ո՞վ պետք է իր ստացած բնակարանը զիջի»։ Իսկ եթե ավելի մեծ թվով քաղաքացիներ լինեն՝ Կարմիր խաչին8 պարտադրվում է մեկ ուրիշ շենք կառուցել. դատարանը միաժամանակ կից գրությամբ «տեղյակ է պահում» Եվրախորհրդին (ինչն, անշուշտ, աբսուրդ է)։
Կարդացեք նաև
Կան նաեւ հարցի կարգավորման այլ տարբերակներ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի կարծիքով (որն այդ առնչությամբ ասուլիս էր հրավիրել), դատարանը պետք է վիճակահանությունը չեղյալ համարի եւ այդ բնակարանների համար հերթագրվածները (որոնք, համաձայն փաստաթղթերի, երկրաշարժի հետեւանքով քանդված շենքերի բնակիչներ են) պետք է բնակարան ստանան համաձայն հերթացուցակում զբաղեցրած տեղի։ Այս մոտեցումը գրասենյակի ղեկավարի կողմից պատճառաբանվում է նրանով, որ բնակարանային վիճակահանությունն առհասարակ նպաստել է, որ խախտվի ՀՀ կառավարության 10.06.99 թ. 432 որոշումը՝ «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին»։
Հետաքրքիր հանգամանք է այն, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները վիճակահանությանը չեն մասնակցել, այն դեպքում, երբ այդ շենքերից բնակարաններ ստանալու վերաբերյալ հայտարարություններ էին արվել Կարմիր խաչի ղեկավարի կողմից՝ դեռեւս 1 տարի առաջ, եւ բնակարան ստանալու իրավունք ստացողների մանրամասն ընտրությունն էլ (ներառյալ ներկայացվող փաստաթղթերի զննումը, բնակարանային պայմանների ստուգումը) կարծես թե եղել է Կարմիր խաչի կողմից։ Նշենք, որ այդ բնագավառը, մինչեւ բնակարանների վիճակահանությունը, բավականին «փակ գոտի» էր, ինչի կապակցությամբ մամուլում դժգոհություններ եղել են։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վանաձոր