Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵՆԿՈՆ», «ԲՅՈՒՐԱԿՆԸ» ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Հոկտեմբեր 18,2000 00:00
shinararutyun

Մեզանից մեր այգին խլում են, 150 տարվա ծառերը արմատախիլ են անում, մեր սերունդներին զրկում են թթվածին շնչելու իրավունքից. այս մտահոգությունն էր խմբագրություն բերել Թատերական (Կոմայգու) այգու տնօրեն Սարգիս Դավթյանին, «Բյուրակն» ՍՊԸ տնօրեն Սեպուհ Փանոսյանին ու մի քանի հին երեւանցիների։

Մեր հյուրերից ամենաակտիվն ու ամենազայրացածը Սեպուհ Փանոսյանն էր։ Քաղաքապետարանի հուլիսի 27-ի թիվ 909 որոշմամբ Կոմայգին 99 տարով վարձակալության է հանձնվել «Բյուրակն» ՍՊԸ-ին։ Մինչդեռ, պրն Փանոսյանի պնդմամբ, այնտեղ փաստացի տերը իտալական «Ռենկո» ֆիրման է։ Ավելին, նա ահազանգեց, որ անցած շաբաթ օրը արմատախիլ են արվել 150 տարվա վաղեմություն ունեցող ծառեր, եւ վարորդների (որոնց տվյալները խմբագրությունում են) պնդմամբ էլ, իրենք կատարել են «Ռենկո» ֆիրմայի պատվերը։ Հարցն այն է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել իրականություն դարձնել Ալեքսանդր Թամանյանի նախագիծը։ Այդ նախագծի համաձայն, պետք է շարունակվի Նալբանդյան փողոցը եւ Շահումյան հրապարակից սկսած մինչեւ Մյասնիկյանի արձան շատրվանների եւ այգու արանքով ճանապարհ բացվի մինչեւ Գրիգոր Լուսավորիչ փողոց։ Ուստի եւ ապամոնտաժվում է Խորենացի 16 հասցեում գտնվող նախկին շրջխորհրդի շենքը։ Ս. Փանոսյանի պնդմամբ, ճանապարհը բացելու առաջարկն անձամբ իրենն է եղել, սակայն, ի տարբերություն իտալական ֆիրմայի, իրենք իբր որեւէ ծառ չէին վնասելու եւ ճանապարհն էլ չորս ամսվա փոխարեն մեկ տարում կկառուցեին։ Վրդովված Փանոսյանը շեշտեց, որ իրավաբանորեն այդ տարածքի վարձակալը լինելով հանդերձ, իրենք չեն կարողանում գործունեություն ծավալել միայն այն պատճառով, որ այնտեղ տեր ու տնօրենը «Ռենկո» ֆիրման է։

Ի դեպ, Ս. Փանոսյանը համոզված տեղեկացրեց, որ «Ռենկո» ֆիրմայի նման «անօրինականությունները» հովանավորվում են ՀՀ նախագահի օգնական Արմեն Գեւորգյանի կողմից։ «Սեպտեմբերի 5-ին Հուշարձանների պահպանության վարչությունը որոշում է կայացնում, որ Պետդումայի (Խորենացի 16 շենքի մասին է խոսքը- Լ. Մ.) շենքը պատմական հուշարձան է։ Նախագահի օգնական Արմեն Գեւորգյանի զանգելուց հետո, սեպտեմբերի 7-ին որոշում է կայացվում, որ այդ նույն շենքը պատմական հուշարձան չէ։ Ես չեմ հավատում, որ նախագահը ցուցում տա 150 տարվա պատմական հուշարձանը, ծառերը կտրեն ու ամբողջ փողոցի երկայնքով շենքեր կառուցեն»,- նշեց Ս. Փանոսյանը։ Իմ այն հարցին, թե ինքը որքանով է համոզված, որ «Ռենկոյի» թիկունքում Արմեն Գեւորգյանն է կանգնած, Ս. Փանոսյանը պատասխանեց. «Ես Նարեկին (խոսքը Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մասին է- Լ. Մ.) ասացի՝ բերեք, որպես իրավական անձ, թող մեզ հետ նստի-զրուցի։ Ասում է՝ հենց հետը խոսում ես, Գասպարինին հեռախոսը առնում-զանգում է նախագահի աշխատակազմ։ Ասում եմ էդ ընչի՞ց եք վախենում, նախագահին տեղյակ պահեք, նախագահը չի կարող պատահել, որ իրան նման բան թույլ տա։ Ինքը հայ տղա ա, ո՞նց պատմական հուշարձանը, 150 տարվա ազգային պարկը քանդել կտա։ Նախագահը թույլ չի տա, ոնց որ տղա եմ ասում, հավատում եմ էդ տղուն, տղա եմ հավատում…»։

Ի դեպ, Սեպուհ Փանոսյանը միայն «Առավոտի» խմբագրություն չէ, որ այցելել էր։ Եվ մինչ մենք կփորձեինք ճշտել նրա վկայակոչած մեղադրանքները, մյուս թերթերը շտապել էին հրապարակել։

Armen gevorgyan

Ի պատասխան վերը թվարկած մեղադրանքների, ՀՀ նախագահի օգնական Արմեն Գեւորգյանը բողոքողներին խորհուրդ տվեց ավելի խոր ուսումնասիրել խնդիրը։ Նա տեղեկացրեց, որ Խորենացի 16 շենքը տարիուկես առաջ է հանձնվել «Ռենկո» ֆիրմային՝ կառավարության որոշմամբ։ Ինչ վերաբերում է Հուշարձանների պահպանության վարչության որոշման փոփոխությանն ու իր անմիջական ազդեցությանը, պրն Գեւորգյանը հայտնեց, որ դա կառավարության որոշմամբ է արվում եւ փողոցի ու շենքի խնդիրը կարգավորում է ոչ թե նախագահի աշխատակազմը, այլ քաղաքապետարանը։ Իմ այն հացին, թե ինքը անմիջական առնչություն չունի՞ «Ռենկո» ֆիրմայի հետ, պրն Գեւորգյանը պատասխանեց. «Ռենկոյի» հետ ես առնչվում եմ այնքանով, որքանով «Բյուրակնը» բողոքում է, այսինքն, ես վերահսկում եմ որպես օտարերկրյա ներդրողի»։

Gagik gyurjyan

Հուշարձանների պահպանության վարչության պետ Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, որ պատմական հուշարձան որոշելու ֆունկցիան կառավարությանն է եւ Խորենացի 16 շենքը տարիներ առաջ է մտել պատմական հուշարձանների շարք։ Ուստի եւ նախագահի օգնականի մի զանգով հնարավոր չէ տվյալ շինությունը պատմական հուշարձան համարել կամ չհամարել։ Ինչ վերաբերում է դրա ապամոնտաժմանը, պրն Գյուրջյանը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ էլ շենքը հանձնվել է իտալական «Ռենկո» ֆիրմային։ Իմ այն դիտարկմանը, թե ապամոնտաժման աշխատանքների վատ կատարման պատճառով տուժում են բազմաթիվ քարեր, պրն Գյուրջյանը նշեց, որ քաղաքապետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով այդ աշխատանքները վերահսկելու համար։ Նա տեղեկացրեց նաեւ, որ ճանապարհի բացման եւ շենքի տեղափոխման ողջ պատասխանատվությունը վերցրել է քաղաքի գլխավոր ճարտարապետը։

Narek sargsyan

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրականում որեւէ խնդիր չկա «Ռենկո» ֆիրմայի հետ, այլ որոշ անձանց շահերի բախման խնդիր է։ Քաղաքապետարանի որոշմամբ իրականացվում է Երեւանի համար բացառիկ նշանակություն ունեցող փողոցի շինարարությունը։ Նա նշեց, որ արդեն 30 տարի է՝ խոսվում է այդ փողոցի անհրաժեշտության մասին, սակայն այդպես էլ չի կառուցվում։ Պրն Սարգսյանը հայտնեց նաեւ, որ ինքն է առաջարկել եւ պնդել ինչպես փողոցի կառուցման, այնպես էլ այդ աշխատանքները իտալական «Ռենկո» ֆիրմային հանձնելու ուղղությամբ։ Ծառերի հատման հետ պրն Սարգսյանը չհամաձայնեց, նշելով, որ ճանապարհի կառուցման հետեւանքով ընդամենը 3 ծառ է տուժելու։ Նա հերքեց Ս. Փանոսյանի այն տեղեկությունը, թե ճանապարհի բացման առաջարկն իրենն է եղել, նշելով, որ ՍՊԸ-ի տնօրենը չի կարող քաղաքապետարանին եւ քաղաքաշինական խորհրդին առաջարկ ներկայացնել։ Ինչ վերաբերում է Խորենացի 16 շենքին, պրն Սարգսյանը տեղեկացրեց, որ անկախ ապամոնտաժման վատ աշխատանքից, միեւնույն է, պատմական հուշարձանի տեղափոխման դեպքում քաղաքապետարանը հատուկ հանձնաժողով է ստեղծում։ Շենքը ապամոնտաժվելուց հետո, Ն. Սարգսյանի հավաստմամբ, այն հավաքվելու է Գլխավոր պողոտայի վրա։ Ներկայումս համարակալված քարերը գտնվում են քաղաքապետարանի տրամադրության տակ։ Քարերը, ի դեպ, պրն Սարգսյանի հավաստմամբ, քաղաքապետարանին նվիրել է եւ ոչ թե վաճառել «Ռենկո» ֆիրման։ Նարեկ Սարգսյանը եւս մեկ անգամ հստակեցրեց, որ Խորենացի 16 շենքը եւ Շահումյան հրապարակից Մյասնիկյանի արձան ձգվող ճանապարհի շինարարությունը կառավարության որոշմամբ հանձնվել է «Ռենկո» ֆիրմային։ Ինչ վերաբերում է Արմեն Գեւորգյանի ազդեցությանը, պրն Սարգսյանը նշեց. «Բացարձակ զրպարտություն է։ Արմեն Գեւորգյանը որեւէ առնչություն չունի այդ խնդրի հետ։ Ողջ պատասխանատվությունը դրված է իմ վրա»։

«Ռենկո» ֆիրմայի պատասխանատուներին, երկու օրվա փնտրտուքներից հետո, հնարավոր չեղավ գտնել։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031