Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց թագավորն, իրոք, մերկ էր

Հոկտեմբեր 18,2000 00:00
Vardan mkrtchyan

Նույնիսկ ֆիզիկայի օրենքներով՝ մասնիկները բաժանվելու, նոր միացություններ կազմելու, նոր միավորներ դառնալու հատկություն ունեն։ Բայց արի ու տես, որ հանրապետության «Միասնություն» դաշինքը հավակնում է հավերժական անբաժանելիի տիտղոսին։

Վերջին ամսվա վայրիվերումների արդյունքում ակնհայտ էր, որ «Միասնությունից» միայն անունն է մնացել։ Ամենքը սպասում էին բաժանության մասին հայտարարության։ Այդպիսի բան չեղավ եւ, հենց այն պատճառով, որ այդպիսի բան չեղավ, այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարում է, թե դաշինքի բաժանության մասին խոսք չի եղել։ Հասկանալի է, ուրեմն խոսք չի կարող լինել նաեւ կրկին միանալու մասին։ Բայց չմոռանանք, որ ՀՀԿ եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը իր հերթին պնդում է, թե դաշինքն այլեւս գոյություն չունի։

Պարզապես զարմանալ կարելի է այն համառության վրա, որով դաշինքի ղեկավարները փորձում են պահպանել այն։ Ակնհայտորեն այս պահպանողական բնազդը խիստ օբյեկտիվ պատճառներ ունի։ Բազմաթիվ շահեր եւ բազմաթիվ ակնկալիքներ ի դերեւ կելնեն, եթե դաշինքը չլինի։

Երեկ ԱԺ «Միասնություն» խմբակցության քարտուղար, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանը հայտարարություն արեց, որը կարելի է հեղհեղուկ բնութագրել։ Նախ թվաց, թե հայտարարություն է անելու «Միասնություն» խմբակցությունը, հետո պարզվեց, որ հայտարարությունը միայն ՀԺԿ-ին է վերաբերվում։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է հետեւյալը. «Գիտակցելով քաղաքական պատասխանատվությունը՝ իշխանության միակ տիրոջ՝ ժողովրդի առջեւ, ՀԺԿ-ն պաշտպանել է եւ պաշտպանում է կառավարության ծրագիրը, որը բխում է ժողովրդի քվեն ստացած «Միասնություն» դաշինքի հիմնադրույթներից»։ Ինչպես նկատում ենք, հայտարարության մեջ չի օգտագործված «պատասխանատվություն» բառը, որը ժամանակին չափազանց չարչրկվեց։ Մի կողմից վարչապետը սպասում էր, որ ՀԺԿ-ն հայտարարի, թե կիսում է իր կառավարության պատասխանատվությունը, մյուս կողմից՝ ՀԺԿ-ն պատասխանատվության մասին խոսողներին պատասխանում էր «պատասխանատվությանը պատասխանատու վերաբերմունք է հարկավոր» նախադասությամբ։ Նույնիսկ օրը ցերեկով պարզ է, որ հայտարարության մեջ շեշտված է «Միասնության» ծրագրին հավատարիմ լինելու միտքը։ Իսկ եթե Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը շեղվի՞ այդ ծրագրից։ Այդ դեպքում, Վարդան Մկրտչյանի ասելով, իրենք դեմ կլինեն ծրագրին։

«Կայունության» քաղաքական կապիտալի հաշվին չի՞ արդյոք ՀԺԿ-ն ինչ-որ հարցեր փորձում լուծել։ Խմբի անդամները բազմիցս շեշտել են, որ իրենք, ի հակադրություն ՀԺԿ-ի, ամիսներ առաջ անմիջապես կիսեցին Անդրանիկ Մարգարյանի կառավարության պատասխանատվությունը։ «Միասնության» քարտուղարի կարծիքով, «Կայունությունը» եւս միշտ էլ եղել է «Միասնության» հետ եւ «Միասնության» համատեղ աշխատանքը կողջունվի բոլորի կողմից։ Իսկ այն, ինչ որ տեղի ունեցավ ՀԺԿ-ի ներսում, ընթացող պրոցեսների արդյունք է, եւ ես դա ողջունում եմ»։ Վարդան Մկրտչյանը, չգիտես ինչու, մի թեթեւ մեղադրանք ներկայացրեց մամուլին՝ իր խոսքի սկզբում ասելով, թե «Միասնության» պառակտման մասին կարծիքները ճիշտ չեն. «Միասնություն» դաշինքը եղել է, ոչ մեկի կողմից չի եղել «Միասնություն» դաշինքի փլուզման, լինել-չլինելու խնդիր։ Եվ դաշինքը իր գործունեության ընթացքում կկատարի իր առաքելությունը՝ պաշտպանելով այն ծրագիրը, որի պաշտպանությունը իրականացնում ենք մենք»։

Եթե դաշինքն իրոք ուժեղ լիներ եւ անընդհատ տրոհվելու սովորություն չունենար, մամուլը հակառակը չէր արձանագրի։ Պարզապես, մեր դիտարկմամբ, դաշինքը ուղիղ մեկ տարի առաջ (+9 օր) կրակոցներով փլուզվեց։ Հոկտեմբերի 27-ի կրակոցները հենց դաշինքի դեմ էին ուղղված։ Եվ արդեն մեկ տարի է, փորձ է արվում պահպանել այն, ինչ իրականում արդեն չկա։ Այս պահպանողական ձգտումը հասկանալի է՝ քաղաքական եւ անձնական լուրջ շահեր կկորցնեն որոշ մարդիկ, եթե հայտարարեն, որ «թագավորը մերկ է»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031