Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՇՏԱՊԵԼ Է, ԳԵՂԱՄՅԱՆԸ՝ ՈՒՇԱՑԵԼ

Հոկտեմբեր 18,2000 00:00
Toto

Արտաշես Գեղամյան-Արկադի Վարդանյան դուետը՝ միմյանցից անջատ, սակայն նույն հավակնություններով, ջանք չի խնայում իրենով լցնելու քաղաքական ընդդիմության վակուումը. երկուսն էլ նախագահ դառնալու երազանք ունեն։

Ժողովրդավարության աջակցման» հիմնադրամի միջոցներով այս տարվա սկզբին «Սոցիոմետր» կենտրոնը սոցհարցում էր անցկացրել՝ պարզելու Հայաստանի քաղաքական գործիչների «լավագույն» հնգյակը։ Պարզվել էր, որ Ռ. Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, Անդրանիկ Մարգարյանից (՞), Վազգեն Մանուկյանից հետո պատվավոր 5-րդ տեղում Արտաշես Գեղամյանն է։ Կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանից փորձեցինք ճշտել, թե իրենց կենտրոնը Արկադի Վարդանյանի ռեյտինգը հաշվարկելու փորձ արե՞լ է։ «Նման հետազոտության պատվեր չենք ստացել։ Քանի որ Արկադի Վարդանյանը դեռ ողջ հանրապետությունում ճանաչված չէ, շատ բարդ է նրա ռեյտինգը գնահատել։ Սակայն նա կարող է այն քաղաքական գործիչների առաջին 15-ի կամ 20-ի մեջ մտնել, ովքեր ասպարեզ են որոշում»,- պատասխանեց պրն Ահարոնյանը։

Ճանաչված իմիջմեյքերներից մեկը (անունը նշել չցանկացավ) այսպես գնահատեց Արկադի Վարդանյանի «ֆենոմենը». դեռեւս անցած տարվա դրությամբ Հայաստանում երեք ոչ ֆորմալ լիդեր կար՝ Արշակ Սադոյանը, Լեոնիդ Հակոբյանն ու Արտաշես Գեղամյանը. «Բայց դե, Լեոնիդը մեջտեղից թռավ՝ զիջելով իր ընդդիմադիր դիրքերը»։ Այսօր թերեւս հենց այդ թափուր տեղն էլ գրավել է Արկադի Վարդանյանը։ Գեղամյանն ու Արկադի Վարդանյանն այժմ միջին մակարդակի ինտելեկտ ունեցողների մոտ են հեղինակություն վայելում, բայց արդեն ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցողները ոչ մեկին են ընկալում, ոչ մյուսին։

Հետաքրքիր էր այն դիտարկումը, որ «Գեղամյանն այսօր ոչինչ չի անում, ու շատ կուշանա, իսկ Արկադի Վարդանյանը շատ շուտ է սկսել»։ Սա այն դեպքում, եթե հաշվի առնենք, որ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան ժամանակին։ Գեղամյանը հասարակական ակտիվություն չի ցուցաբերում եւ միայն իր ելույթներով քննադատում է իշխանություններին։ Իսկ այն մասշտաբներով արշավը, որը սկսել է Արկադի Վարդանյանը, պետք է արվեր ոչ շուտ, քան մեկ տարի հետո։ Հավանաբար նրան թվում է, թե կարող է տեղաշարժել ժողովրդին։ Սակայն նա հաշվի չի առնում այն պետական լուրջ լծակները, որոնք կան մի քանի մարդկանց ձեռքում։ «Ճիշտ է, ժողովուրդը մեծ ուժ է, բայց այսօր ժողովրդի պահանջով ոչ մի պրեզիդենտ չի թողնի-գնա։ Մեր երկրի դեպքում, Ռոբերտ Քոչարյանը թքած ունի բոլորի կարծիքի վրա. ինչի՞ց պետք է վախենա եւ ինչո՞ւ։ Մյուս կողմից, բոլոր ոլորտները նրա եւ Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ են։ Կլինի այսօր ընտրություն, նրանք, օգտագործելով իրենց իշխանական ռեսուրսները, կանեն այն, ինչ ուզում են։ Այդ առումով լավ չեմ պատկերացնում, թե ինչի՞ վրա է հույս դնում Արկադի Վարդանյանը»։ Ըստ իմիջմեյքերի՝ եթե Վարդանյանը հույսը դրել է 88-ի նման միլիոնանոց հանրահավաքներ հաջողացնելու վրա, դա նրան չի հաջողվի։ Թեկուզ այն պատճառով, որ այսօր Հայաստանում այնքան մարդ էլ չի մնացել, որ միլիոնանոց միտինգ կազմակերպի։ Ժողովրդի մի մասն այնքան հիասթափված է, որ ոչ մի միտինգի էլ չի մասնակցի, իսկ մյուս մասն էլ հարմարվել է ինչ-որ ձեւով՝ «մի երկու կոպեկ է աշխատում, ընտանիքը պահում»։ Ու այդ մասն էլ ռիսկի տակ չի դնի իր մինիմալ ունեցածը եւ չի կանգնի Վարդանյանի կողքին։

Որքանո՞վ են գործելաոճով նման Արտաշես Գեղամյանն ու Արկադի Վարդանյանը։ Նրանց հավակնությունները արդարացման ենթակա՞ են, թե՞ ոչ։ Այս հարցերով դիմեցինք հոգեբան Հրաչ Տաթեւյանին։ Ըստ պրն Տաթեւյանի՝ կամ երկուսի իմիջի վրա չեն աշխատում, կամ, եթե աշխատում էլ են, ապա՝ շատ վատ։ «Արկադի Վարդանյանը սկսում է զրոյից։ Դեռ պարզ չէ՝ ինքն ո՞վ է։ Գեղամյանին մի մասը չի ընդունում որպես նախկին ֆունկցիոներ, իսկ ժողովրդի ավելի մեծ մասը նրա մեջ տեսնում է իր մասին մտահոգվող մեկին։ Եթե ես ձեզ հարցնեմ՝ Ա. Վարդանյանն ի՞նչ տեսակի մարդ է, կարո՞ղ եք պատասխանել»,- հակադարձեց հարցը պրն Տաթեւյանը։ «Եթե մի քիչ մտածեմ՝ այո»։ «Ա՛յ, բանը հենց այն է, որ չպիտի մտածեք։ Երբ 88-ին ցանկացած մեկին հարցնեին՝ ինչպիսի՞ մարդ է Լեւոն Տեր-Պետրոսյանը, առանց մտածելու, արագ-արագ կպատասխաներ։ Ես դեռ չեմ տեսել մեկին, որը միանշանակ կգնահատի Արկադի Վարդանյանին»։ Ըստ պրն Տաթեւյանի՝ իր բեմելից առաջ Ա. Վարդանյանը հավակնություններ ուներ ներկայանալ որպես մեծ ինտելեկտ ունեցող մտավորական, սակայն գյուղերում նրա ելույթները, գործածած բառապաշարն ամենեւին ներդաշնակ չեն նրա ստեղծած կերպարին։ «Որպես խոշոր մտածող ներկայանալուց հետո Ա. Վարդանյանը պիտի մտածեր՝ արժե՞ իշխանությունների մասին խոսելիս օգտագործել «դեգեներատ» բառը, թե՞ կարելի է գտնել նույն իմաստն արտահայտող, սակայն ավելի զուսպ բառ»։

Ամեն դեպքում, վերոնշյալ երկու գործիչները միջոցներ եւ վարկաբեկող ածականներ չեն խնայում՝ ժողովրդի սիրտը մտնելու համար։ Իսկ ժողովուրդը ստիպված է ընտրություն անել վատի ու ավելի վատի միջեւ։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031